ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ` ՍԻՍԻԱՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումը, մեկնարկելով Սիսակ Նահապետի անունը կրող հրապարակից, շարունակվեց ավանդական երթուղուվ` դեպի Սիսիանի քաղաքային պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու նրանց, ում թանկ արյամբ է ձեռք բերվել, պահվել եւ պահպանվել դարերով երազած հայոց անկախությունը:

Տոնական երթի մասնակիցների շարքերում, ի թիվս զինվորականների, հոգեւորականների, համայնքային իշխանության ներկայացուցիչների եւ շարքային քաղաքացիների, ներկա էին նաեւ ազատամարտիկներ, ովքեր, առավել քան մյուսները, սեփական մաշկի վրա են զգացել անկախության գինը, որը, ինչպես իրենք ասացին, արյան գինն է, ինչը երբեք չի մոռացվում եւ չի մոռացվելու:

Արցախյան ազատամարտի եւ ապրիլյան քառօրյայի մասնակիցներ Գագիկ Օհանյանը եւ Ռոբերտ Ֆիլիպոսյանը նշեցին, որ անկախության տոնի խորհուրդն իրենց համար այն է, որ մեր երկրի սահմաններն անառիկ լինեն ու մեր ժողովուրդը լավ ապրի: «Մենք պայքարել ենք, ազատագրել հողը, թանկ ենք վճարել մեր երկրի անկախության պահպանման համար, բայց այլեւս չենք ուզում, որ պատերազմ լինի: Մենք ոչ թե պետականություն չենք ունեցել, այլ` կորցրել ենք այն, բայց այս անգամ չենք կորցնելու, որովհետեւ մեր հույսը մեզ վրա է, մեր ժողովրդի վրա»,- հավելեց Ռոբերտ Ֆիլիպոսյանը:

Արդեն 9 ամիս Սիսիանի զորամասում ծառայող թալինցի Դավիթ Մանուկյանը նշեց, որ իր եւ ծառայակից ընկերների համար պանթեոն այցելելը եւ հարգանքի տուրք մատուցելը պարտքի գիտակցում է, որով նաեւ լցվում են հպարտությամբ ու իրենց առավել քան պարտավորված զգում շարունակել ավագ ընկերների գործը, ամուր պահել երկրի սահմանները եւ թանկ գնով ձեռք բերված անկախությունը:

Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր-Պարգեւ Զեյնալյանը ի մասնավորի նշեց, որ տոնելով անկախությունը` միաժամանակ պիտի կարողանանք արժեւորել մեր ունեցածը, որովհտեւ երբեմն ամենաթանկ եւ ամենակարեւոր բաների պակասը զգում ենք միայն դրանց բացակայության ժամանակ եւ օրվա առօրեական ընթացքին տրված` մոռանում, թե ինչքան թանկ բաներ կան մեր շրջապատում, որոնց համար մենք պարտավոր ենք բարոյական կյանք ապրել եւ գնահատելով դրանք` վեր դասել մեր կյանքում: Այդ արժեքներից մեկն էլ ազատությունն ու անկախությունն են եւ հորդորեց ապրել քրիստոնեավայել ու աշխարհին ներկայանալ անշփոթելի մեր դեմքով եւ մեր ազնիվ նկարագրով:

Տոնական օրվա հաջորդ հանգրվանը Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնն էր, որտեղ Սիսիանի համայնքապետարանի եւ Սիսիանի զորամասի համատեղ ուժերով կազմակերպվել էր հանդիսավոր ցերեկույթ եւ համերգ:

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, շնորհավորելով ՀՀ անկախության հռչակման 28-րդ տարեդարձը, նշեց, որ 1991 թվականին հայ ժողովուրդը աշխարհին ցույց տվեց իր միասնության եւ համախմբվածության ուժը, բռունցք դարձավ եւ փոխեց պատմության հունը` գալիք սերունդներին ժառանգելով ազատ եւ անկախ հայրենիք: «Մենք ընկրկելու իրավունք չունենք, մենք պարտավոր ենք լինել միասնական, գիտակցումով, որ ոչինչ չի կարող խաթարել Հայաստան-Արցախ-Սփյուռք ամրակուռ միասնությունը, եւ որ անպարտելի է հայի մարտնչող ոգին»,- նշեց համայնքի ղեկավարը` հավելելով, որ անկախությունը մեր ժողովրդի ամենակարեւոր ձեռքբերումներից է, որը ձեռք է բերվել արյան գնով: Խոսելով տարբեր սերունդների ներկայացուցիչների հետ համատեղ պանթեոն գնալու եւ հարգանքի տուրք մատուցելու կարեւորութան մասին, համայնքի ղեկավարը նշեց, որ սա նոր սերնդի, երթին մասնակցող երեխաների եւ դպրոցականների համար ունի ուսուցողական նշանակություն, քանի որ տեսնելով եւ հասկանլով, նրանք արդեն գիտակցում են, որ արյան գնով ձեռք բերվածը վաղը իրենք են պահպանելու եւ պաշտպանելու:

Սիսիանի զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Բաբայանը, շնորհավորելով զինվորականներին, հոգեւոր դասի ներկայացուցիչներին, ներկաներին եւ Սիսիանի համայնքային իշխանություններին, նշեց, որ անկախությունը մեր ժողովրդի դարավոր երազանքն է եղել, ուստի այն համարվում է մեր երկրի ամենակարեւոր տոնը, որը համաժողովրդական տոն է յուրաքանչյուր հայի համար: «Անկախության 28 տարիները պետության պատմության մեջ քիչ ժամանակահատված է, բայց այն կերտող սերնդի համար պայքարի ու տքնաջան աշխատանքի, նաեւ` զրկանքների հաղթահարման ամիսներ ու տարիներ են: Այդ տարիների մեր ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն է հայոց ազգային բանակը, որը շուտով նույնպես կբոլորի իր 28 ամյակը: Անկախությունը եւ բանակը իրարից անբաժան են, մեկը մյուսով փոխպայմանավորված»,-նշեց Ալիկ Բաբայնը:

Տոնական միջոցառմանը ներկա էր Արցախյան ազատամարտին նվիրված` «Ապրելու բանաձեւ» հերոսապատում-մատենաշարի հեղինակ, արցախյան ազատամարտի նահատակ Աշոտ Չախոյանի մայրը` Գոհար Մարտիկյանը: Ինչպես նշեց տիկին Գոհարը, իր հերոսապատումի 9-րդ հատորը նվիրված է սիսիանցի զոհված ազատամարտիկներին, բայց` ոչ բոլորին: Եվ Սիսիան իր հերթական այցի նպատական է շարունակել գրել այն նահատակ-ազատամարտիկների պատմությունները, որոնց մասին դեռ չի հասցրել, բայց` պարտավոր է:

Ողջունելով տոնական ցերեկույթի մասնակիցներին, Գոհար Մարտիկյանն իրեն երջանիկ համարեց ներկա գտնվել այս դահլիճում, քանի որ հավատացած է, որ այսօրվա սերունդը, որ կոչվում է անկախության սերունդ, ներկա լինելով այստեղ, կհասկանա ու կպատկերացնի, թե ինչ է նշանակում անկախություն եւ ինչպես է այն ձեռք բերվել ու ինչպես է հարկավոր պահպանել այն եւ շնորհակալություն հայտնեց տոնական միջոցառման մասնակից զինվորներին, որ հասկանում են` ինչ է նշանակում ծառայել հայրենիքին, պահպանել սահմանները, միաժամանկ ծառայել երգ ու պարով, ուրախությամբ…

Վերհիշելով 28 տարի առաջվա` անկախության հռչակագիրն ընդունելու ցնծությունն ու երջանկությունը, տիկին Գոհարը հիշեց նաեւ անկախության, ազատամարտի այն դժվարին ու ծանր ճանապարհը, երբ եղաններով ու մահակներով է կերտվել մեր հաղթանակը պատերազմում:

Գոհար Մարտիկյանը առանձնակի շնորհակալություն հայտնեց հատկապես սիսիանցիներին` ջերմ ընդունելության եւ մնացյալ նահատակների մասին իր հուշապատումը շարունակելու- ավարտելու հնարավորություն ընձեռելու ու այն աջակցության համար, որ կարողանա այցելել յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի, ներկա լինել նրանց եւ վշտին, եւ ցավին եւ ունենալ երանությունը նրանց սփոփելու:

Գոհար Մարտիկյանը «Ապրելու բանաձեւի» 9-րդ եւ 10-րդ հատորներից նվիրեց Սիսիանի քաղաքային եւ Սիսիանի դպրոցների գրադարաններին` նշելով, որ արցախյան ազատամարտի հերոսների կենսագրությանը ոչ թե որպես զոհված տղաների, այլ` անկախությունը կերտած տղաների ապրելու բանաձեւն է…

«Ապրելու բանաձեւ» գրքով սիսիանցի զոհված մարտիկների հիշատակը հավերժացնելու եւ հայրենանվեր գործունեություն ծավալելու համար Գոհար Մարտիկյանը պարգեւատրվեց Սիսիանի համայնքի ղեկավարի շնորհակալագրով:

Հանդիսավոր ցերեկույթի ծրագրի գեղարվեստական մասը ամենայն պատասխանատվությամբ պատրաստել եւ հանդիսատեսին էին ներկայացրել Սիսիանի զորմասի շնորհալի զինվորները (ղեկավար` ավագ լեյտենանտ Ռաֆայել Սարգսյան) եւ Սիսիանի մշակույթի տան ժողգործիքների համույթի մենակատարներն ու համայնքապետարանի մշակույթի բաժինը: Իրենց խանդավառ, հոգի թնդացնող եւ սիրտ շոյող կատարումներով հանդիսավոր ցերեկույթն առավել դիտարժան դարձրեցին «Որոտնա» ազգագրական խմբի սաները (ղեկավար` Նարեկ Հայրապետյան):

«Որոտան»

 

 

 

 

 

Մեկ Արձագանքման ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ` ՍԻՍԻԱՆՈՒՄ համար

  1. Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում Սեպտեմբերի 21-ին իսկական Անկախության տոն էր, ու ես ապշահար եմ եկել Երևան… մտածելով, որ բոլոր տաղանդավոր հայ տղաները ծառայում են հայոց բանակում։ Աստված ձեզ պահապան, էրեխեք։ Դու էլ կեցցես, Արևհատ ջան։ Ինչ արագ տպագրվեց նյութը «Որոտանում»։

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *