ԱՇԽԱՏԵԼԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՍՏԱՆԱԼՆ Է

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրով Սիսիանի համայնքապետարանի եւ Սիսիանի զբաղվածության տարածքային կենտրոնի համագործակցությամբ համայնքում իրականացվում է կանաչապատման եւ բարեկարգման երեք ծրագիր` յուրաքանչյուրը 1,5 միլիոն դրամ արժողությամբ: Ծրագրերի իրականացման 10 % ներդրումը կատարել է Սիսիանի համայնքապետարանը:

Համաձայն բարեկարգման եւ կանաչապատման այս երեք ծրագրի` Սիսիան քաղաքի Սիսական փողոցի եւ Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանի հարակից կանաչապատ տարածքներում իրականացվում են խոտհնձի, Սպանդարյան փողոցի եւ Շահումյան – Թումանյան խաչմերուկի հարակից տարածքներում` կանաչապատման եւ վարդի թփերի տնկման աշխատաքներ:

Սիսիան քաղաքի Հ. Ազոյան 2, ֆիզկուլտուրնիկների 2 եւ 4 բազմաբնակարան շենքերի հարակից տարածքներում`  կանաչապատման, բակերում` եզրաքարերի վերականգնման ու ծաղկապատման, Անգեղակոթ բնակավայրում`  խաղադաշտի բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներ:

Սիսիանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Նաիրա Սարգսյանը նշում է, որ ծրագրերում ընդգրկված են տարածքային կենտրոնում հաշվառված եւ գործազուրկի կարգավիճակ ունեցող 36 անձ, օրական 5 հազար դրամ աշխատավարձով (ներառյալ եկամտային հարկը եւ օրենքով սահմանված՝ նպատակային սոցիալական վճարը): «Մեր շահառուները մեծ ոգեւորությամբ եւ խանդավառությամբ են ներգրավվել բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներում: Թեեւ այն կարճաժամկետ է, ընդամենը` մեկ ամիս` հունսի 3-28-ը, բայց այս աշխատանքով գործազուրկները կարողանում են հոգալ ոչ միայն իրենց ընտանիքի հոգսերը, այլեւ իրենց լիիրավ մարդ եւ հասարակության լիարժեք անդամ զգալ, միաժամանակ գիտակցել, որ պետությունը, գոնե այս կերպ, փորձում է մեղմել սոցիալական լարվածությունը եւ իրենց ապահովել ժամանակավոր աշխատանքով, որը լուծում է նաեւ համայնքային կարեւոր խնդիրներ: Բացի աշխատավարձ ստանալուց, կարծում եմ, այս ծրագրերում ընդգրկվածությունը գործազուրկներին տալիս է նաեւ աշխատանքից բավականություն եւ իրենց արածից բերկրանք ստանալու` անչափելի զգացողություն, ինչը նույնպես կարեւորում եմ»,- ընդգծում է Նաիրա Սարգսյանը:

 

Իրենք` ժամանակավոր աշխատանքով ապահովված գործազուրկները նույնպես կարեւորում են իրենց ներգրավվածությունը, գտնելով, որ սա ոչ միայն նյութական, այլեւ` բարոյական մեծ աջակցություն է, քանի որ հնարավորություն է ստեղծվում տնից դուրս գալ, աշխատել, իրացնել իրենց էներգիան, բովանդակային դարձնել ժամանակը, նոր ընկերներ եւ ծանոթներ ձեռք բերել:

Ինչ սկզբունքով են ընտրվել բարեկարգվող եւ կանաչապատվող տարածքները հարցմանն ի պատասխան` Սիսիանի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանը նշեց, որ նախապատվությունը տվել են այն տարածքներին, որտեղ անավարտ աշխատանքներ կան ու վկայակոչեց, օրինակ, Հ. Ազոյան 2, ֆիզկուլտուրնիկների 2 եւ 4 բազմաբնակարան շենքերի հարակից հատվածները: «Այլ ծրագրով այստեղ կարուսելներ են տեղադրվել, բայց ամբողջ տարածքը չի բարեկարգվել ու չի կանաչապատվել, քանի որ այն այդ ծրագրի խնդիրը չէր: Հաշվի ենք առել մեկ ուրիշ հանգամանք եւս. բարեկարգվող տարածքներում կան խնամելու եւ ջրելու բավարար պայմաններ, եւ հետագա պահպանությունն ու խնամքը պիտի ստանձնեն բնակիչները: Նույն սկզբունքով բարեկարգվում է նաեւ թիվ 4 դպրոցի հարակից տարածքը, եւ պիտի խնդրենք դպրոցին` իրականացնելու հետագա խնամքն ու պահպանությունը»,- նշեց Սիմոն Հովհաննիսյանը:

Բնակիչներին մտահոգող` ինչու նորով չփոխվեցին բարեկարգվող բակերի կանաչ գոտիների եզրաքարերը, ինչն ավելի գեղեցիկ ու ակնահաճ կդարձներ ամբողջ արվածը, Սիմոն Հովհաննիսյանը նշեց, որ այս ծրագիրը դա չէր հնարավորում, քանի որ այն ոչ թե շինարարական, այլ` վարձատրվող հասարակական աշխատանք է, որի նպատակը գործազուրկների զբաղվածության ապահովումն ու սոցիալական վիճակի մեղմումն է:

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրով Սիսիանի համայնքը մարզի ութ համայնքների մեջ միակն է, որը մեկի փոխարեն երեք ծրագիր է շահել: Եթե բնակիչներն էլ կարողանան ստեղծածը սրտացավորեն պահպանեն եւ խնամեն, ավելի շատ հարցեր կլուծվեն մեր համայնքում»,- ասաց Սիմոն Հովհաննիսյանը:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *