ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ` Ի ՀԻՇԱՏԱԿ ՍԻՍԻԱՆԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱԴՐԻ

Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցում չորրորդ տարին անընդմեջ անցկացվում է մարզադպրոցի հիմնադիր-տնօրեն Մուշեղ (Մանվել) Ամիրխանյանին նվիրված մինի ֆուտբոլի հուշամրցաշար, որը նախաձեռնել եւ կազմակերպում են մարզադպրոցի տնօրինությունն ու Մուշեղ Ամիրխանյանի ընտանիքի անդամները: Մինի ֆուտբոլի միջդպրոցական առաջնությանը մասնակցեց Սիսիան քաղաքի եւ տարաշածրջանի 14 դպրոցների թիմեր (4-ը` Սիսիան քաղաք, Շաղատ, Անգեղակոթ, Բռնակոթ, Ախլաթյան, Տոլորս, Շամբ, Աշոտավան, Շաքե գյուղեր): Թիմերում ընդգրկված էր մոտ 100 պատանի:

Առաջնության մեկնարկից առաջ մասնակիցներն այցելեցին Մուշեղ Ամիրխանյանի գերեզման եւ ծաղիկներ դրեցին նրա շիրմաքարին: Ապա, յուրաքանչյուր թիմի ավագի մասնակցությամբ, պետական հիմնի հնչյունների ներքո, բարձրացվեց հայոց եռագույնը:

Ողջունելով մինի ֆուտբոլի միջդպրոցական առաջնության մասնակիցներին, մարզիկներին, մարզիչներին եւ հյուրերին, մարզադպրոցի տնօրեն Ռաֆայել Այվազյանը ներկայացրեց Մուշեղ Ամիրխանյանի կենսագրությունը, անցած աշխատանքային արգասաբեր ուղին եւ անգնահատելի ավանդը Սիսիանի մարզադպրոցի ստեղծման ու կայացման գործում, ինչի արդյունքը

սպորտի նկատմամբ դպրոցականների շրջանում առաջացած մեծ հետաքրքրությունն էր եւ տարիներ ի վեր մարզադպրոցի սաների ձեռքբերումները հանրապետական մանկապատանեկան մարզադրոցների միջեւ ծավալված մրցապայքարներում: «1960 թվականին Մուշեղ Ամիրխանյանին վստահվեց Սիսիանի նորաստեղծ մանկապատանեկան մարզադպրոցը տնօրինելու պարտականությունը: Դա սպորտին նրա նվիրումի վառ վկայությունն էր: Նրա ղեկավարման տարիներին Սիսիանում վերելք ապրեց վոլեյբոլը, ֆոտբոլը, բասկետբոլը, ըմբշամարտը, ծանրամարտը»,- ասաց մարզադպրոցի տնօրենը` հավաստիացումով, որ շարունակում են նրա թողած ավանդույթները:

Մուշեղ Ամիրխանյանի կրտսեր որդին` Աշոտը, չթաքցնելով հուզմունքը, նշեց, որ ընտանիքի բոլոր անդամները մեծ հաճույքով են ներկա գտնվում ավանդական դարձող այս հուշամրցաշարին, քանի որ յուրաքանչյուր զավակի համար հաճելի է լսել իր ծնողի հասցեին հնչող երախտագիտության խոսքեր եւ տեսնել, որ նրա ցանած սերմերը տալիս են իրենց առողջ պտուղները: «Մրցանակային 3 տեղեր զբաղեցնող թիմերի համար նախատեսել ենք դրամական խրախուսանք: Չեմ կարծում, թե առանց խրախուսանքի էլ պատանիները վատ կխաղան եւ վատ մրցակցություն հանդես կբերեն, դրանով, պարզապես, մենք ցանկացանք խթանել մրցակցությունը: Որքան գիտեմ, այդ գումարները աշակերտները չեն տանում իրենց տներ, այլ թիմի համար գնում են մարզագույք, հոգում թիմի կարիքները, ինչը ուսանելի է»,- ասաց Աշոտ Ամիրխանյանը:

Մեզ հետ զրույցում Ռաֆայել Այվազյանը հավելեց, որ մինի ֆուտբոլի միջդպրոցական առաջնությունը, մարզադպրոցի հիմնադրին մեծարելուց եւ նրա հիշատակը խնկարկելուց զատ, հետապնդում է նաեւ ամենասիրված մարզաձեւը` ֆուտբոլը գյուղերում մասսայականացնելու եւ դպրոցների ֆուտբոլային թիմեր ավելի շատ պատանիներ ներառելու նպատակ: «Մրցաշարի ընթացքում ինձ մոտեցավ Մուշեղ Ամիրխանյանի դուստրը` Ալիսան, եւ ցանկություն հայտնեց նոր մարզահագուստ նվիրել թիմերին, ինչն ընդունեցինք մեծ խանդավառությամբ: Շատ ուրախ ենք, որ յուրաքանչյուր թիմ կունենա իր մարզահագուստը: Սա կարեւոր աջակցություն է, քանի որ լավ մարզահագուստը, կարծում եմ, ավելի է լրջացնում առաջնությունը»,- նշեց մարզադպրոցի տնօրենը:

Մինի ֆուտբոլի միջդպրոցական առաջնությունը տեւեց երեք օր: Մրցանակային առաջին տեղը, փոխանցիկ գավաթը նվաճեց եւ խրախուսական` 50 հազար դրամ գումարը վաստակեց Սիսիանի թիվ 4 դպրոցի թիմը, երկրորդ տեղը եւ 30 հազար դրամ գումարը` Սիսիանի թիվ 1 դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղը եւ 20 հազար դրամ գումարը` Շաքեի դպրոցի թիմը: Հաղթողները պարգեւատրվեցին մեդալներով եւ պատվոգրերով:

«Որոտան»

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *