ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ…

Սիսիանի բժշկական կենտրոնի բակում Սիսիան քաղաքի բնակիչ, Սիսիանի ավագանու անդամ Բագրատունի Ստեփանյանի նախաձեռնությամբ, ջանքերով ու միջոցներով խաչքար է տեղադրվել: Ինչպես նշում է Բագրատունին, կորոնավիրուսի համաճարակի պատճառով որեւէ հանդիսություն, որեւէ արարողություն տեղի չի ունենա, եւ հավելում, որ դա արդեն էական էլ չէ. կարեւորն այն նպատակն ու բարի ցանկությունն է, որ ի կատար է ածվել:

Սիսիանի ԲԿ-ի բակում տեղադրելը եւ խաչքարի վրա նշված` Աստված պահապան մանուկներին մակագրությունը Բագրատունին բացատրում է նրանով, որ ծննդատնից են նորածիններն իրենց լույս աշխարհ գալու ավետիսը, ուրախությունը, լույսն ու բերկրանքը բերում օջախներ, ընտանիքներ, ուստի պատահական չէ, որ խաչքարը տեղադրվում է հենց ծննդատան հարակից հատվածում: Այն պատրաստել է քարագործ-վարպետ Վազգեն Բունիաթյանը: Բագրատունու հովանավորությամբ խաչքարի մոտ տնկվել է արծաթափայլ 3 եղեւնի, ներկվել են բժշկական կենտրոնի մուտքի դարպասը, նստարանները եւ ցանկապատները:

Ինչպես նշում է Բագրատունի Ստեփանյանը, սա իր 8-րդ նվիրաբերումն է Սիսիանին, բայց ոչ` վերջինը: Նպատակներ էլի ունի, եւ ամեն ինչ կարվի իր ժամանակին: Հարցին, թե ինչո՞ւ է անում եւ ունի՞ ավելի սիրված գործեր իր նվիրաբերումների մեջ, Բագրատունին նշում է, որ բոլորն էլ սիրելի են, բայց առանձնացնում է Սիսիանի բարձունքին կանգնեցված իր հավատքի խաչը եւ քաղաքի գրադարանի դիմաց տեղադրված քարե այբբենարանը: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է անում, ասում է` պարզապես ուզում է որեւէ կերպ օգտակար լինել մարդկանց, իր հայրենակիցներին, իր քաղաքին, եւ մաղթում է, որ յուրաքանչյուր սիսիանցի այդպես մտածի, յուրաքանչյուրը մի լավ բան անի այն քաղաքի, այն գյուղի, այն բնակավայրի համար, որտեղ ապրում է, ապա աստծո հավատքով ու իր խաչի զորությամբ առողջություն մաղթում բոլորին, մեծին թե փոքրին, նորածիններին թե տարեցներին, քանի որ բարի խոսքով եւ բարի մաղթանքներով սերն ու բարին ավելանում են թե´ մարդկանց սրտերում, թե´ արար աշխարհում…

Սեփական լրատվություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *