ԱՐՅԱՆ ԿԱԹԻԼՆԵՐԸ…

Մանկությունս հունցեցին օրերդ անհանգիստ,

Քարանձավներդ լալկան և քարերդ խիստ․․․

Եվ ճգնավոր, ճգնավոր մասրենիներդ…

Հ. Սահյան

Իմ մանկությունն էլ հունցվեց այս փոքրիկ գյուղում, որ ունի ԼՈՐ անունը, հունցվեց խիստ քարերի և ծնողների խրատներով… բայց ամենից շատ՝ լացող, մրմնջացող տատի արցունքներով… Այն սենյակում, որտեղ ես էի քնում, կախված էր մի գեղեցիկ թառ, դեմ դիմաց` իմ եղբոր դեմքով այնքա՜ն նման, որ անբացատրելի է, մի տղայի նկար, իսկ լուսամուտի մյուս կողմում գիշերներն անդադար լացող տատիս ձայնն էր… Չգիտեմ՝ աղո՞թք էր, բողոք՞… ախր օտար լեզվով էր: Ասե՞մ, որ լսում էի այդ թուրքերեն ՝ ինձ համար անհասկանալի և անընդունելի բառերը, ինչքա՜ն էի տակնուվրա լինում, դժվարությամբ դիմանում, որ չճչա՜մ… Բայց հետո նույն մրմունջով հայերեն էր լալիս՝ հազիվ լսելի՝ ԳՆԱ՜, ԳՆԱ՜, ԳԱԼԻՍ ԵՄ, ՀԵՏԵՎԻՑԴ ԷԼ ԼԱԼԻՍ ԵՄ…. (Շարունակությունը չեմ հիշում, գիտեի՝ հենց մեծանամ, կկարդամ): Իմ` չափազանց մաքրասեր, միշտ սևազգեստ տատը երբեք ցերեկով լաց չէր լինի… Ծառ ու ծաղկի հետ անդադար զրույցի մեջ էր… Հյուր գնալ էլ չէր սիրում… Նույնիսկ մեր` իր աղջկա տուն ստիպելով էի տանում… Ու հենց այդ պահերին էր ասում` «ՉԷ, ԲԱԼԱՍ ԿԳԱ, ԴՈՒՌԸ ՓԱԿ ՉՏԵՍՆԻ» …Հիմա՝ այսքա՜ն տարիներ հետո եմ հասկանում, թե ի՜նչ սոսկալի ցավ էի հասցնում, երբ ասում էի. «Դե լա՜վ էլի, տա՛տ… Եթե նույնիսկ գա, մեր տուն թող գա … Չգիտի՞, որ քույր է ունեցել՝ 22 տարով փոքր» … Տատս չէր վիճի… չէն չէ էր…. Բայց թե այդ լռության խորքում ի՜նչ ցավեր էին զսպվում՝ մռնչաղո՜ղ, տնքաց՛ղ…. .Մայրս ծնվել էր մորեղբորս` պատերազմ մեկնելուց հետո՝ 1943 թվականին….Նա չէր էլ իմացել, որ իր կորստի ցավը սրտում՝ մայրը, արդեն 43 տարեկանում, աղջիկ է լույս -աշխարհ բերել՝ ամոթահա՜ր, առանց գիտակցելու և` ճարահատյալ…. ու պահել «վայնաչարի»…. Քանի որ 5 տարեկանից էլ մայրս արդեն որբ էր…. Իմ ԳԵՈՐԳԻ մորեղբայրը, որ բարձրագույն կրթությունը կիսատ էր թողել և հենց Աշխաբադից էլ մեկնել էր ռազմաճակատ, անհետացումից առաջ վերջին հուշն էր ուղարկել տատիս՝ մի գեղեցիկ թառ… Տատս չէր թողնում դիպչել…. Բայց մի օր, ոտքերիս ծայրին հազիվ բարձրանալով, հանել էի տեղից… Տատս մորս հետ զրուցում էր, երբ սկսեցի «նվագել»՝ ինքս ինձ վրա զարմացած, թե ի՝նչ լավ է ստացվում… Երբեք չեմ մոռանա տատիս ձայնը … Երբ մայրս նեղացավ` «Երեխա է, ՄԱ՜Մ….»… լսեցի տատիս խեղճ արդարացումը… ԲԱԼԵՍ, ԱԽՐ ՍՐՏԻՍ ԼԱՐԵՐԻՆ ԿՊԱՎ…. Ուրեմն ՝ այդքան էլ երեխա չէի, որ այլևս երբեք չկպա այդ թառին… Հիշում եմ նաև այն գեղեցիկ ամառային գիշերվա զրույցը, երբ տատս իր թոշակը ստացել էր, ինչպես միշտ, բոլորիս բաժին էր տալիս՝ կինոյի փող, կոշիկի կամ քաղցրավենիքի… Իր տարեկից հարևանուհին քմծիծաղով ասաց` «ՄԱՅԿՈ (անունը ՇՈՒՇԱՆ էր, բայց չգիտեմ ՝ ինչու էին փոխել), լավ էլ փող ես ստանում»: Տատիս պատասխանը մեխվել է իմ հիշողության մեջ, և այն սարսուռը, որ զգացել եմ, երբեք չի անցնում…«…Էհ, արյան կաթիլներ են, ԱՐՅԱՆ ԿԱԹԻԼՆԵՐ…»:

Խոնարհ Հովսեփյան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *