Ականատեսի հուշեր` Ակսել Բակունցի կնոջ մասին…

Վարվառա, դու Վարվառա…
Այս թաշկինակը ինձ ցույց է տվել գյուղական դպրոցի մի ուսուցչուհի, ով ապրում է Շենաթաղում: Գալյա Բադիրյանը` վաստակավոր ուսուցիչ Սերյոժա Հովհաննիսյանի կինը: Նա Գորիսից է, հայտնի մանկավարժ Գոհար Դավթյանի դուստրը: Նա է պատմել հենց այս պատմությունը:
-Մայրս` Գոհար Դավթյանը, հայոց լեզվի ուսուցչուհի էր: Երբ նոր էր ավարտել, ուղարկել էին Շնհերի միջնակարգ դպրոց: Հենց այդտեղ էլ տեսել է Վարվառային` Բակունցի կնոջը: 1946 թվականն էր: Բանտարկությունից հետո եկել էր Երևան, ոչ մեկը չէր ընդունել աքսորական կնոջը, նա էլ եկել էր Գորիս` որդուն մոտ լինելու համար:
-Բախչիգյուլ, այ Բախչիգյուլ, մի կնիկ ա եկալ, հունց որ փայ վհաքող ա, եկ,-կանչել էր հարևանուհին:
-Աղջի, փայը տուր, թող քյա,-ծառի վրայից պատասխանել էր Բակունցի մայրը` չիմանալով, որ եկողը հարսն է:
Էդպես չընդունվելով` Վարվառան որոշում է մնալ Գորիսում: Ընդունվում է Շինուհայրի միջնակարգ դպրոց, ապրում մորս հետ:
Պապիկս ամեն շաբաթ ուտելիք էր տանում մորս համար, իսկ Վարվառան էդպես անտիրական ապրում էր նրա հետ:
Երբ առավոտյան թեյ էին խմում, Վարվառան անընդհատ խառնում էր թեյը: Մի օր էլ մայրս թաքուն խմում է Վարվառայի թեյից, պարզվում է, որ շաքար ընդհանրապես չէր գցում, ուղղակի տպավորություն թողնելու համար էր գդալով խառնում:
Ուսուցիչներից ամենագեղեցիկը ինքն էր հագնվում: Դպրոցի հին վարագույրները թելահան էր անում ու իր համար զգեստներ գործում: Նրա շորերի հակառակ երեսը ամբողջովին քարկապ էր: Շատ լավ ասեղնագործում էր: Այս թաշկինակն էլ ապացույց,- ա
սում էր Գալյա Բադիրյանը և ամուր սեղմում կրծքին` չգիտեմ` մոր, թե Վարվառայի շունչը զգալու:
Հետո անսպասելի ավարտեց խոսքը.
-Գոհար, Սևոյիս շատ եմ կարոտում:
Սևոն Սևադա Բակունցն էր, որ ապրում էր հորեղբոր հետ, երևի ապահովության համար, ով հետո հայտնի բժիշկ պիտի դառնար:

Lusine Vardanyan

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *