Ակսել Բակունց-120. ԵՐԱՆԻ ԱՅՆ ԱԶԳԻՆ, ՈՐ ԲԱԿՈՒՆՑ ՈՒՆԻ

Նոր հնձած խոտի բույրը, մանուշակների թովիչ գույնը, կարպետի զվարթ նախշերը, Բակունցի քանդակի շուրջ ձեւավորված գյուղական կյանքի պարզ տեսարանը իսկական բակունցյան տրամադրություն էին ստեղծել Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցի բակում: Նշում էին հայ արձակի անզուգական սերմնացանի, մթին ձորերի լուսավոր հանճարի, մարմարյա, բուրյան սքանչելագործ բառերի հեղինակի` Ակսել Բակունցի ծննդյան 120 ամյակը:

-Եվ երանի այն ազգին, որ Բակունց ունի: Եվ երանի մեզ, որ կարող ենք վայելել բակունցյան բառաշխարհի, բնաշխարհի, խոհաշխարհի հմայքը ու ապրել այդ աշխարհում,- ասաց դպրոցի տնօրեն Հովիկ Ալեքսանյանը:

-Եվ երանի ինձ, որ ամեն անգամ Բակունց կարդալիս, իսկ դա գրեթե ամեն օր է, ես կրկին ու վերստին սիրահարվում եմ աշխարհին, կյանքին, Բակունցին,- ասաց գրականության ուսուցչուհի Նելլի Հովսեփյանը:

Եվ երանի մեզ, որ Բակունցի ծննդյան օրը առիթ դարձրինք` ապրելու հայոց լեզվի ոսկեղենիկ բառերի մարմարյա մաքրության հմայքները եւ շնորհակալ լինելու, որ ծնվել ենք հենց այն հողում ու այն բնաշխարհում, որտեղ ալպիական մանուշակի մշտահմա ու անանց բույրը եւ խոնարհ աղջկա անպաճույճ ու անասելի սիրուն պատմությունն է արարվել…

«Սյունյաց աշխարհի, մեր կանգուն ու հաղթ վեհ լեռնաշխարհի մյահյուս առեղծվածից սկիզբ առած լիրիկ կարկաչով անապակ մեծություն, ով հայրենյաց մի բուռ հողում արարումի բույրը զգաց, կավե խղճի միտքը կարդաց, երկինքների շունչը անսաց… Նա լեռնային կարկաչը, ալպիական ցողերի մաքրամաքուր կաթիլները եւ երկնամերձ ծաղիկների բույրը մերեց հայ մարդու հոգնած եւ վհատ հոգու տոկուն ցելերին… Նա ճանաչեց գեղջուկ մարդու միտքն ու հոգեբանությունը, հասկացավ մշակին տանջող հոգսը, տեսավ չարքաշ աշխատանք եւ ընչազրկության տառապանք, աղքատություն, մասսայական անգրագիտություն, որ խեղդում էին մարդկային արժանապատվությունը, բայց եւ տեսավ մարդկային առաքինության լույսը, եւ իր լուսավոր հանճարի նրբին երանգներով պատկերեց փշրվող ցավի ճաքագիծը, որի ճարճատյունը լսելի էր միայն ցավը կրողին, նա վրձնեց հույսի, հույզի, անուրջների եւ իղձերի թավալգլոր բեկորներ, որոնց առաջ բնության կատարելությունն ու անզուգական գեղեցկությունը կարծես մեղսագործ են դառնում»,- այսպես ներկայացրեց Ակսել Բակունցին միջոցառման կազմակերպիչ Լիանա Սահակյանը` ողջունելով դպրոցի բակում հավաքված հյուրերին, ցերեկույթի մասնակիցներին ու ներկաներին:

Հետո, երբ հնչում էին չարենցյան մարմարյա տողերը Բակունցի մաքրամաքուր, մյուռոնի նման սրբազնագույն, մշտահմա, լուսեղեն, բուրավետ, աննյութեղեն, անանձնական ցավերի մասին, մտովի տանում-իրար էիր մյահուսում երկու հանճարների եղերական կյանքն ու ճակատագիրը եւ ափսոսում, ափսոսում, երիցս ափսոսում այն չգրված տաղերի ու տողերի համար, ինչի համար աստված ի սկզբանե արարել էր նրանց…

 

Աշակերտները հնչեցրեցին Համո Սահյանի, Սպարտակ Բակունցի, Արթուր Առաքելյանի, Ավետիք Իսահակյանի, Լեւոն Բալաշյանի, Սուրեն Աղաբաբյանի, Հրանտ Մաթեւոսյանի, Սերո Խանզադյանի, Գուրգեն Մահարու, Լեւոն Սահակյանի եւ շատ շատերի խոսքերը` ուղղված Ակսել Բակունցին եւ նրա ստեղծագործությանը: Ու կրկին համոզվում ես, որ իրավացի էր Իսահակյանը, երբ Մարտիրոս Սարյանին ասում էր թե` «Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են կոմիտասյան շնչով ու փայլատակում են քո կտավների գույներով»:

Բակունցյան լուսավոր թախծի ու զրնգուն լռության շարունակությունն էին մանկական երգչախմբի կատարմամբ ցերեկույթի ընթացքում մերթ ընդ մերթ հնչող կոմիտասյան ստեղծագործությունները (խմբավար` Լուսինե Գասպարյան)` օրվա խորհրդին ներդաշնակ, համահունչ… Հնչեց ծիրանի փողը, զրնգաց դպրոցի բակի ցայտաղբյուրի ջրի շիթը… Բակունցյան օրվա թախծալույս տրամադրությամբ համակված` հանդիսատես ներկաներից շատերը նույնպես հնչեցրեցին նրա պայծառ ու չքնաղ տողերը եւ տողեր` նրա մասին…

Ամեն աստծո օրն է Բակունցի ծննդյան օր… եւ քանի դեռ ամեն օր մեր հոգում եւ մեր սրտում Ցուրտ աղբյուրի զրնգոցի հանգույն ու լվացարարուհի Մինայի գորգերի նախշերի պայծառ շքեղությամբ եւ Աթա ապոր հավատի զորությամբ ու կաքավի երգի գեղեցկությամբ զրնգում է հայոց լեզուն, այդ զրնգոցի հետ հավետ օրհնվելու է հայոց հանճարեղ ու արարիչ հոգու սեւ ցելերի արդար սերմնացանի ծնունդը…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *