Ամառային զորակոչը Սիսիանում. ՀԱՅՈՑ ԵՐԿՐԻ ԲԱՆԱԿԸ ՓԱՌԱՎՈՐ…

Սիսիանի զինկոմիսարիատի մոտ, Ազատամարտի հրապարակում, այսօր ամենահաճախ հնչող հարցն էր` «ո՞ւմ եք ճանապարհում», իսկ ամենաշատը լսվող պատասխանը` «բոլորին»: Բոլորի հետ յուրաքանչյուրը հայոց բանակ էր ճանապարհում նաեւ իր զավակին, իր թոռանը, իր եղբորը, իր մերձավորին, ու բոլորն արդեն մեկ անուն ունեին` զինվոր, հայոց երկրի փառավոր բանակի զինվոր…

-Ավագ եղբայրս` Յուրին, արդեն մեկ տարի է` ծառայում է հայոց բանակում, հիմա ես եմ գնում, ինձանից հետո կգնա կրտսեր եղբայրս` Հայկը,- ասում է սիրունատես, բարձրահասակ, ատլետիկ կառուցվածքով 18 ամյա Մհեր Ֆրանգուլյանը եւ հավաստիացնում, որ կարդարացնի ծնողների, տատ ու պապի, եղբայրների եւ սիրելի քրոջ բոլոր հույսերը: Մհերը վստահ է, որ լավ զինվոր է դառնալու, որ հոգեբանորեն արդեն զինվոր է, եւ գիտակցում է զինվորի իր դերը երկրի պաշտպանության գործում: Հորդորում է իրեն բանակ ճանապարհող հարազատներին ու ծնողներին չհուզվել, չանհանգստանալ եւ զինվորին վայել զուսպ պահվածքով իրեն հրաժեշտ տալ:

Թամարա Հովհաննիսյանը, որ հարազատ-բարեկամների հետ Ազատամարտի հրապարակ էր եկել անդրանիկ թոռանը` Տիգրան Օհանյանին հայոց բանակ ճանապարհելու, աշխարհին խաղաղություն մաղթեց, զինվորներին` անփորձանք ծառայություն: «Ուրախ տրամադրությամբ ճանապարհում ենք, ուրախ տրամադրությամբ էլ կդիմավորենք: Աստված պահապան բոլորին: Հաջորդ հերթափոխին Տիգրանս կվերադառնա, Տիրանիս կճանապարհենք: Տիգրանս ուսանող է, 20 տարեկան, կվերադառնա եւ կշարունակի իր ուսումը»,- խանդավառված ասում է Թամարա տատը:

Ժենյա տատն էլ եկել էր բանակ ճանապարհելու իր խոսքով` «մի թաք թոռանը»` 18 ամյա Կարեն Պողոսյանին, եւ ասում է, որ թոռը շատ ուրախ է գնում ծառայության, ասել է` տատի, տես ո՜նց եմ է ծառայելու: Թե ինքը, թե Կարենի ծնողները հաշտ են այն իրողության հետ, որ եթե տղա է, պիտի ծառայի: «Մեր երեխաները պարտավոր են ծառայել հայրենիքին, որ մենք էլ գլուխներս հանգիստ դնենք բարձին…Աստված պահապան բոլորին»,- ասաց Ժենյա տատը:

Եվ մինչ Ազատամարտի հրապարակում ստվարանում էր բանակ ճանապարհողների թիվը, մինչ զինվորական նվագախումբը հնչեցնում էր հայրենիքին, բանակին, զինվորին նվիրված խրոխտ երգեր, զինկոմիսարիատի պատերից ներս նորակոչիկները վերջին բուժզզնումն էին անցնում: Սյունիքի մարզային զիկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի անդամ, ակնաբույժ Վիկտորյա Գեւորգյանն ասաց, որ այս զննման նպատական է պարզել, թե նախորդ զննումից մինչ բանակ ճանապարհելն ընկած ժամանակահատվածում նորակոչիկների առողջության հետ որեւէ փոփոխություն չի՞ կատարվել, եւ, համոզվելով, որ ամեն ինչ կարգին է, նրանց մաղթում են բարի եւ անփորձանք ծառայություն եւ ճանապարհում հայոց երկրի սահմանները պաշտպանելու:

Ավանդույթի համաձայն` նորակոչիկներին իրենց բարեմաղթանքի եւ բարիծառայության ջերմ ու սրտառուչ խոսքերն են հղում նաեւ պաշտոնատար անձինք եւ մաղթում, որ ինչ տրամադրությամբ նրանց ճանապարհում են հայոց հաղթական բանակ, նույն տրամադրությամբ էլ դիմավորեն:

Դիմելով Ազատամարտի հրապարակում հավաքված նորակոչիկների հարազատներին, ծնողներին, մայրերին, Սիսիանի համայնքապետարանի կրթութան եւ մշակույթի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը հորդորենց անարցունք ճանապարհել իրենց զավակներին:

Սյունիքի մարզի զինվորական կոմիսար պարոն Մանուչարյանը, շնորհավորելով ամառային զորակոչի մեկնարկը Սիսիանի համայնքում, նշեց, որ նոր կյանք է սկսվում նորակոչիկների համար` զինվորի կյանք, ու նրանք պետք է պատվով կատարեն իրենց պարտքը հայրենիքի հանդեպ որպես սյունեցի, որպես սիսիանցի: Նորակոչիկների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ նրանց հայոց բանակ են ճանապարհում նաեւ արցախյան ազատամարտի վետերաններ, ովքեր իրենց են փոխանցել անհաղթ զինվորի ոգին, հայրենիքի ազատագրված տարածքները, ու հիմա այդ ոգին եւ այդ հայրենիքը ամուր պահելու հերթը իրենցն է: Շնորհակալություն հայտնեց նորակոչիկների ծնողներին, որ դաստիարակել են հայրենիքի համար կամավոր ծառայության մեկնող նման զավակներ, Սիսիանի համայնքապետարանին, որ յուրաքանչյուր զորակոչ կազմակերպում եւ անց է կացնում հավուր պատշաճի, ցանկացավ, որ նորակոչիկները իրենց հետ ծառայության տանեն «Սիսական» ջոկատի փառքը եւ պատվով կատարեն իրենց պարտքը:

Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը համայնքապետի եւ իր անունից շնորհավորեց բոլորին, մաղթեց անփորձանք ծառայություն, բարի վերադարձ եւ հորդորեց հիշել, որ նորակոչիկները զորակոչվում են հայոց հաղթանակած բանակ եւ պիտի բարձր պահեն սիսիանցու անունն ու շարունակողը լինեն Սիսական փառավոր գնդի ավանդույթների:

Պատերազմի վետերանների անունից բոլորին բարի ճանապարհ եւ բարի վերադարձ մաղթեց աֆղանական պատերազմի վետերան Վարդան Հակոբյանը:

Նորակոչիկներին, բոլոր ներկաներին իր օրհնության խոսքն ասաց Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովիվ Տեր-Պարգեւ Զեյնալյանը եւ մաղթեց անփորձանք, իմաստուն ծառայություն, մաղթեց, որ նորակոչիկները զորանան հոգեպես ու մարմնապես, հատուցեն հայրենիքի առջեւ իրենց պարտքը, իրենց ծառայությունը բերեն հայրենիքի պաշտպանությանը եւ վերադառնան խաղաղությամբ:

…Հետո` հրաժեշտի գրկախառնումներ, հետո` թաքուն արցունքներ, հետո` անձայն աղոթքներ, հետո` անփորձանք ծառայության եւ բարի վերադարձի սրտառուչ մաղթանքներ…

Տղաները, որ մի քանի րոպե առաջ իրենց ծնողինն էին, զինկոմիսարիատի պատերի ներսում մեկ ակնթարում դարձան զինվոր, հայրենիքի ու երկրի զինվորը, հայոց հաղթանակած բանակի զինվորը եւ գնացին հավաստելու, որ ժառանգորդն են հաղթանակած նախորդների…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *