Ամեն ինչ պետք է անենք, որ հիվանդները վստահորեն իրենց քայլերն ուղղեն դեպի Սիսիանի բժշկական կենտրոն

Պաշտոնակալումից մոտ 7 ամիս անց հանդիպեցինք Սիսիանի բկ տնօրեն Անիկ Գրիգորյանին, իմանալու` հարմարվե՞լ է նոր աշխատանքին, ի՞նչ փոփոխություններ են կատարվել այդ ժամանակահատվածում, եւ, արդյոք, հաղթահարվե՞լ է այն լարվածությունը, որ կար բուժհաստատությունում պաշտոնավարման նախօրեին:

Անիկ Գրիգորյանը նշեց, որ, իսկապես, Սիսիանի բկ-ն իր լավագույն ժամանակները չէ, որ ապրում էր անցյալ տարի, քանի որ մի կողմից բկ-ի լուծարման խնդիրն էր, մյուս կողմից` կոլեկտիվում առկա լարված բարոյահոգեբանական մթնորոլրտը, դրա հետ միաժամանակ` կտրուկ բարեփոխումներ անելու անհրաժեշտությունը, ինչի դեպքում միայն կարելի էր ակնկալել որեւէ իրական կամ` դրական փոփոխություն: Տնօրենի խոսքով` նոր կոլեկտիվին եւ նոր պայմաններին «ադապտացվելու» խնդիր չի ունեցել, քանի որ մինչ նախկին աշխատանքին` Անգեղակոթի ամբուլատորիայի տնօրենի պաշտոնին նշանակվելը 6-7 տարի աշխատել է Սիսիանի բկ-ում, եղել օրդինատոր, մանկական բաժանմունքի վարիչ, կոլեկտիվը հարազատ էր, բոլորին ճանաչել է, իսկ որպես ամբուլատորիայի տնօրեն եւ ընտանեկան բժիշկ, կապը Սիսիանի բժշկական կենտրոնի հետ միշտ է եղել: Ուստի, ինչպես հավաստում է Անիկ Գրիգորյանը, սիրով ընդունել է Սիսիանի բկ-ի տնօրենի պաշտոնում աշխատելու` Սյունիքի մարզպետի առաջարկը, եւ, առանց ժամանակ կորցնելու, առաջին իսկ օրից ձեռնամուխ եղել թեեւ` ցավոտ եւ կտրուկ, բայց` անհրաժեշտ ու առաջնահերթ խնդիրների լուծմանը:

Ի պատասխան որոնք էին լուծման կարոտ առաջնահերթ եւ կարեւոր խնդիրները հարցին` բկ տնօրենը նշեց, որ դրանք շատ էին եւ բազմազան` մասնավորաբար վկայակոչելով հաստատության ե՛ւ ֆիզիկական պայմանները, ե՛ւ սպասարկման որակը: «Այս 7 ամսվա ընթացքում կարողացել ենք բավականին խնդիրներ լուծել, որոնք առաջնահերթ են եղել Սիսիանի բկ-ն ոտքի կանգնեցնելու համար: Առաջին հերթին կարեւորեցի շտապ բուժօգնության ծառայությունը: Մեր շտապօգնության մեքենաները անսարք էին, դրանցից 2-ը` ավտոտնակում, ռեամոբիլները, որ նոր էին ստացել, դեռեւս չէին շահագործվել, եւ ընդամենը 2 մեքենա էր մի կերպ աշխատում, որոնք իրենք ունեին շտապ օգնության կարիք: Հասել ենք նրան, որ բոլոր 5 մեքենաները` սկսած անվադողերից, մինչեւ տեխվիճակի ստուգում, հիմա կազմ ու պատրաստ են սպասարկելու շտապօգնության կանչերը: Նույնքան կարեւոր եմ համարում նախկին մեկի փոխարեն հիմա ե՛ւ շտապօգնության, ե՛ւ ստացիոնար հիվանդանոցային ծառայության հերթապահ բժիշկների թիվը երկուկան դարձնելը, քանի որ կանչերի դեպքում հիվանդանոցը մնում էր առանց հերթապահ բժշկի: Սա նպաստել է նաեւ գյուղերի կանչերը նորմալ սպասարկելուն, ինչը նույնպես կարեւորում եմ»,- ասաց Անիկ Գրիգորյանը:

Անդրադառնալով կենսաթոշակային տարիքի հասած մեկ տասնյակից ավելի բժիշկներին եւ բուժաշխատողներին կտրուկ, ինչպես ասում են` «վիրահատական եղանակով» վաստակած հանգստի ուղարկելու մեր հարցին, բկ տնօրենը նշեց, որ շատ դժվարությամբ է կայացրել այդ որոշումը եւ շատ լավ է իմացել, որ այն ցավոտ է լինելու, բայց այդ քայլին գնացել է հանուն հիվանդանոցի եւ հանուն Սիսիանի բնակչության: «Իհարկե, ես բոլորին շատ հարգում եմ, բայց եթե ուզում էինք կոնկրետ փոփոխություն մեր աշխատանքի մեջ, կտրուկ քայլերի պիտի գնայինք: Բնակչության գերակշիռ մասը պնդում էր, որ թոշակառու բժիշկներին պիտի ազատել, նորացնել, երիտասարդացնել բժշկական անձնակազմը, համալրել նոր, ավելի որակյալ կադրերով, ինչը եւ արել ենք: Ժամանակակից առողջապահությունը զարգանում է արագ տեմպերով, եւ փոփոխությունների, նոր կադրերի, ավելի վերազինված, վերապատրաստված բժիշկների կարիքը շատ կար: Ճիշտ է, շատ դժվարությամբ, բայց արեցի այդ քայլը: Քանի դեռ մեր վաստակաշատ բժիշկներն աշխատում էին, որեւէ երիտասարդ բժշկի ես չէի կարողանում համոզել գալ այստեղ աշխատելու, նրանք համաձայն էին գալ միայն թափուր հաստիքի պարագայում: Դրա համար էլ գնացի կտրուկ քայլի, թոշակառու  բժիշկներին ուղարկեցի վաստակած հանգստի: Իհարկե, կցանկանայի նրանց այլ ձեւով ճանապարհել, հարգանքով, պատվով, բայց չստացվեց, նրանք մի քիչ վիրավորված գնացին, դա է ինձ կաշկանդում, սակայն նոր կադրեր բերելու միակ ճիշտ ձեւը դա էր»,- ասաց Անիկ Գրիգորյանը:

Խոսելով ազատված հաստիքները համալրելու մասին, բկ տնօրենը նշեց, որ շատ հաստիքներ անմիջապես համալրվել են, բայց այսօր դեռեւս առկա է լոր մասնագետի, գինեկոլոգի, ռենտգենոլոգի, մաշկաբանի պահանջը: «Թեեւ այս մասնագետների պահանջը այսօր ունենք, բայց դրանից մեր աշխատանքները չեն տուժում, քանի որ որոշ ծառայություններ մտնում են նաեւ ընտանեկան բժիշկների գործառույթների մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում համագործակցում ենք Գորիսի բժշկական կենտրոնի եւ Աղիտուի հոսպիտալի հետ, մինչեւ որ կարողանանք հիվանդանոցն ապահովել անհրաժեշտ մասնագետներով: Դրանք լուծելի հարցեր են, քանի որ առողջապահության նախարարի քաղաքականությունը միտված է նրան, որ  առողջապահության զարգացման ռազմավարության ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվում մարզերում: Այսօր մարզեր բժիշկներ են գալիս անգամ առողջապահության նախարարության հրամանով:

Սիսիանի բկ ամենացավոտ եւ ամենախոցելի երկու խնդրի` շենքային պայմանների եւ ժամանակակից բուժսարքավորումներով զինվածության մասին խոսելիս բկ տնօրենը նույնպես առանձնակի մտահոգությամբ նշեց դրանց` մեծագույն խնդիր լինելը, ի մասնավորի հավելելով, որ այս առումով, իսկապես, Սիսիանի բկ-ի վիճակը մարզում ամենավատն է, եւ իրենք չեն կարող մրցակից լինել մյուսների հետ: «Եթե դուք մտնեիք մեր ռենտգեն կաբինետ, նախնադարում անգամ, հավանաբար, նման կաբինետ գոյություն չի ունեցել: Հիմա մի քիչ վերանորոգել ենք, մի քիչ կարգավորել, շարժական ռենտգեն ապարատը աշխատեցնում ենք, մինչեւ կտեսնենք մյուս հարցերը ոնց ենք լուծելու: Ունեինք մի տեղ, որտեղ լուսանցումից հետո ռենտգեն նկարներն էին հանում, նման բան նույնիսկ նախնադարում չկար, մի քիչ բարեկարգել ենք այդ սենյակը, չեմ ասի` իդեալական պայմաններ են, բայց, գոնե, հնարավոր է աշխատել, կոսմետիկ վերանորգել ենք վիրակապարանը, որը նույնպես շատ վատթար էր եւ անհարմար էր այնտեղ վիրակապ անելը: Ձմռանը միայն սալիկներով էին տաքացվում սոմատիկ բաժանմունքը, գինեկոլագիական բաժնում ջրատաքացուցիչն անգամ չէր աշխատում, եւ ես ապշել եմ, թե ինչպես են կազմակերպել նորածինների խնամքը: Հիմա գործում է ջեռուցման համակարգը: Չէր աշխատում իմունիզացիայի սառնարանը, առողջապահության նախարարությունը նոր սառնարան է տրամադրել մեզ, որ կարողանանք մեր իմունիզացիան կանոնավոր կազմակերպել»,-հավելեց բկ տնօրենը:

Անիկ Գրիգորյանը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունում էլ են տեղյակ, որ ամենավատ վիճակում Սիսիանի բկ-ն է: Մեր սոնոգրաֆիայի ապարատը շատ հին է, եւ փորձում են հնարավորության դեպքում նորով ապահովել: «Մենք նույնպես մեծ աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ: Երբ մեր վիճակն էլ մի քիչ լավանա, ինքներս էլ կարող ենք ձեռք բերել, այնպես չի, որ նստել ու մտածում ենք, թե որտեղից են մեզ օգնելու: Փորձում եմ լուծել նարկոզի ապարատի հարցը»,- նշեց բկ տնօրենը` հավելելով, որ այսօր մարդասիրական օգնությամբ ռենտգեն ապարատ եւ այլ սարքավորումներ են ստացել, աշխատանքներ են տանում սոնոգրաֆիայի ապարատ ձեռք բերելու համար, եթե ոչ` նոփ-նոր, գոնե` ժամանակակից: Փորձում են, ինչքան հնարավոր է, օգտագործել դոնոր ծրագրերը:

Մեր զրույցի ընթացքում համեմատություն արեցինք, որ ինչպես թատրոնն է սկսվում հանդերձարանից, այնպես էլ բուժհաստատությունն է սկսվում քարտադարանից եւ ընդունարանից, ու հենց այստեղից է հիվանդը կամ` այցելուն ստանում առաջին տպավորությունը: Համամիտ եւ համակարծիք լինելով, Անիկ Գրիգորյանը նշեց, որ այդ ուղղությամբ արդեն կոնկրետ աշխատանքներ են տարվում:

«Ինչպես արդեն հայտնի է, 2021 թ.-ին, կառավարության ֆինանսավորմամբ, հիմնանորոգվելու է Սիսիանի բկ-ն, եւ այս պահին արդեն կատարվում են նախագծա-նախահաշվային աշխատանքներ, բայց մինչ այդ  սիսիանցի բարերար մի կնոջ ֆինանսավորմամբ բկ-ում այժմ իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, որի արդյունքում ստեղծելու ենք նոր քարտադարան, նոր ընդունարան, այսպես կոչված` անհետաձգելի դեպքերի սենյակ, հիվանդները կմեկուսանան ընդհանուր մուտքից, առանձնացրել ենք նաեւ շտապ օգնության մուտքը, կառուցել թեքահարթակներ: Վերանորոգվում է նախկինում չօգտագործվող մի ողջ բաժանմունք, ինչի շնորհիվ կառանձնացնենք գինեկոլոգիական բաժանմունքի վիրահատությունները վիրաբուժական բաժանմունքից: Կեսարյան հատումները կլինեն գինեկոլագիայում, վիրաբուժականն էլ` իր վիրահատարանում: Վերանորոգվող նոր բաժանմունք կտեղափոխվի ինֆեկցիոն բաժինը, իսկ մյուս հատվածում կլինի սոմատիկ բաժանմունքը»:

Անիկ Գրիգորյանը նշեց, որ արդյունավետ կառավարման արդյունքում բավականին աճել են ֆինանսական մուտքերը: Եթե նախորդ տարիներին ամսական, օրինակ, եղել է 5-6 հարյուր հազար դրամի վճարովի ծառայություն, այս պահին ամսական ունեն 2,8 – 3 միլիոնի վճարովի ծառայություն, ինչի շնորհիվ կարողացել են որոշակիորեն բարձրացնել նաեւ բժիշկների եւ բուժաշխատողների աշխատավարձը: «Բժիշկը պիտի արժանապատիվ աշխատավարձ ստանա: Մանավանդ հիմա, երբ քիչ են ընտանեկան բժիշկները, եւ նրանց ուսերին ահռելի աշխատանք է ընկած, ուստի գտնում եմ, որ պիտի բարելավվի աշխատավարձի ֆոնդը, ինչին եւ գնացել ենք»,- նշեց տնօրենը, հավելելով, որ այս պահին մեծ ուշադրություն են դարձնում նաեւ պետպատվեր-վճարովի ծառայություն սպասարկման ճիշտ համակարգելուն, որովհետեւ եթե հիվանդը գալիս է, կարելի է սոնոգրաֆիան անել պետպատվերի շրջանակում: Եթե մեր տարածքի բնակիչ է, սպասարկվում է պետպատվերով, ընտանեկան բժշկի ծառայությունն անվաճար է, եթե մեր տարածքից դուրս է, ուղեգրով են գալիս, վճարում են: Սա է կարգը, ամեն ինչ արվում է օրենքով, դրամակրղում, այս պայմաններում, երբ չունենք հզոր լաբորատոր-գործիքային հետազոտություն, անցյալ տարվա այս նույն ժամանակահատավծի 6 միլիոնի վճարովի ծառայության դիմաց հիմա ունենք 18-19 միլիոնի վճարովի ծառայություն, ինչը մեր աշխատանքների ճիշտ եւ արդյունավոտ կազմակերպման արդյունքն է:

Տնօրենի հավաստմամբ` անհամեմատ բարելավվել է բուժհաստատության բարոյահոգեբանական մթնոլորտը, չկա լարվածություն, բժիշկներն աշխատում են համերաշխ եւ փորձում իրենց լավ աշխատանքով բարձրացնել Սիսիանի բկ-ի հեղինակությունը, ճերմակ խալաթի պատիվը, ինչը պայմանավորում է նաեւ իր պահանջկոտությամբ եւ խստապահնջությամբ:

-Վստահությունը Սիսիանի հիվանդանոցի նկատմամբ համեմատաբար մեծացել է, ինչի մասին են վկայում մեր այցերի, սկրինինգային բարձր ցուցանիշների թիվը: Ամեն ինչ պետք է անենք արդարացնելու այդ վստահությունը, ապահովելու սպասարկման բարձր որակ, որ հիվանդները վստահորեն իրենց քայլերն ուղղեն դեպի Սիսիանի բժշկական կենտրոն:

Մոտ ապագայում ինչպիսին է պատկերացնում Սիսիանի բկ-ն հարցին տնօրեն Անիկ Գրիգորյանն ասաց`

-Եթե հիվանդը մտավ Սիսիանի բկ, պետք է համալիր հետազոտված եւ իր բուժումը ստացած ու լիովին բավարարված հեռանա այստեղից: Դրան պետք է հասնենք…

Զրուցեց  Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *