Այսօր արցախյան ազատամարտի նահատակ Աղվան Մինասյանի ծննդյան օրն է. նա կդառնար 49 տարեկան

Աղվանը
Հիշում եմ նրան, Ֆուչիկի դպրոցի իմ ընկերոջը, ով միշտ նույն կոստյումն էր հագնում, ձեռքին բանաստեղծությունների տետրը։ Նա խմբագրություն էր գալիս բոլորից շուտ, և ամենավերջում հեռանում։ Բոլորս աղջիկներ էինք, միայն նա էր տղա, իր նրբությամբ, ճերմակ դեմքով տարբերվում էր շրջապատում։
Նստում էինք սեղանի շուրջ, և Աղվանը կարդում էր իր գրած բանաստեղծությունները։ Նա կարդում էր, իսկ մենք հուզվում էինք։ Տպավորիրչ էր նրա և´ ձայնը, և´ ներկայանալու ձևը։ Պարզ, անմիջական պահվածք ուներ, խոսելիս կարմրում էր։ Մենք էլ նրան շատ էինք հարգում, պատանի բանաստեղծ Աղվան Մինասյանին։ Նրա ամեն մի բանաստեղծությունը համարյա անգիր արած տուն էի վերադառնում։ Ու մեր տանը հատուկ ժամ կար, երբ ես ծնողներիս ու մեր տան հյուրերին ներկայացնում էի Ֆուչիկի սաների ստեղծագործությունները։ Հետո իմ այս ներկայացրածները տպվում էին «Որոտան» թերթում։ Գրականության ժամերին ընկեր Աղասյանը ասում էր.
-Ընկեր Ֆուչիկ-Փուչիկ, այսօր ինչ կներկայացնես։ Եվ ես իմ գրածների հետ կարդում էր նաև Աղվանի բանաստեղծությունները։ Մի անգամ, երբ դասին ներկայացրեցի Աղվանի` Տատս մոմ էր վառել, ծնկել աղոթք էր անում… Բանաստեղծությունը։ Բոլորը հուզվել էին, անգամ ամենաանհետաքրքրասերը՝ քարացել։ Հետո ինձ խնդրում էին ցույց տալ Աղվանին, Պոլիտեխնիկում սովորող լծենցի բանաստեղծին։ Այդպես էլ անում էին Ֆուչիկի մյուս սաները։ Եվ Աղվանը դարձավ հայտնի, նա առանձնացավ բոլորից, ու նրան մատով էին ցույց տալիս։
Երբ գովում էինք նրան, կարմրում էր, ծիծաղում։ Ավարտեցինք Ֆուշիկի դպրոցը, ու ես այլևս չտեսա Աղվանին։
Ու մի օր ռադիոն գուժեց նրա մահը։ Դուրս եկա տնից ու վազեցի, կարմիր դագաղով թափորը տանում էր արդեն անմահացած հերոս-բանաստեղծին։ Բայց նա իմ ճանաչած Աղվանը չէր` նուրբ ու ճերմակ։ Դագաղի մեջ պառկած էր մի հասուն տղամարդ` մազմորուքի մեջ կորած։ Ու տարան Աղվանին, տարան, որ ձուլեն այն հողին, որ Լծեն էր կոչվում, որ Աղվան էր ծնել` որբուկ բանաստեղծ Աղվան։ Ու ես հասկացա, թե ինչու էր նրա տատը մոմ վառել… ու մոմի հետ հույսեր կապել, որ Աստված պահպանի իր որբ թոռներին։ Ու ինչ վերցրել էր մորից, տա զավակներկն։ Բայց մայրական սերը ավելի վեհ էր, քան մոմի ուժը։

usine Vardanyan-ի էջից

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *