Անուններ` Սուրբ եւ Տիրակոչ….

…Մի թռվռան լոր ճռվողում է իմ սիրասուն Լորի հանդում… Մի անմոռաց երգ է հյուսում Լորաձորի մասին… Այն արտերի երգն է հյուսում, որ հայրենիք է կոչվում… Եվ պատմում է ,թե ինչու է երկնքոտված այդ եզերքը Լորաձոր կոչվել… Երբ ազատ կարող էիր բույն հյուսել եւ Աստծո տված ջուրն ըմպել` երկինք նայելով եւ գոհունակություն հայտնելով քո մի կաթիլ ջրի համար…

Բայց արդեն վաղուց օտար շունչ կա այս ձորերում… Լցվել է ամպի, չէ, ծանր ծխի նման ու չի հեռանում… Անամոք մի ցավ է ավելացել մայր Լորի երգի ելեւէջներում…. Եվ դա ասես արդեն երգ ու գեղգեղուն գոհունակություն չէ, այլ տրտունջք ու բողոք… Որ քեզ քշում են քո Լորաձորից… Այստեղ կռիվ է ու հերոսական մարտերի արտ… Այստեղ մարդիկ արդեն հաշտ չեն իրար հետ… Օտար շունչ կա… Ամեն ինչ էլ առաջվանը չէ… Մի օտար ու սեւ թեւավոր է որոշում` լորերը բույն դնեն այս ձորում, թե հեռանան այս ձորերից…. Արեւածագ է… Արեւն իր հսկա սկավառակով կարծես ծնվում է մայր հողից… Անզուսպ մի ցավ է արյունոտում շրջակայքը… Թե երբվանի՞ց այս հզոր ամրոցը սեւ կոչվեց` Ղարաղյան. Թե ինչքա~ան երազանքներ մնացին անկատար… քանի~ ոտք չդիպավ այդ սուրբ քարերին…. Բայց նաեւ ուխտի եկածների որքա~ն արցուն ցամաքեց, մնաց այդ քարերին… Արծիվ կոչվող գյուղը, որ Լորին հարեւան էր, ուր հեռացավ… Արծիվ, որ բարեգութ էր ու լայն ճախրանք ուներ….

Եվ ահա Լորի հին ակումբի եւ գրադարանի ամայի տարածքը…. Եղել է, որ հավաքված լորեցիների խոսքն ու զրույցն է մնացել այս քարերի ականջներում…. Պապիս ամենօրյա երեկոյան այցի վայրն է եղել…. Իսկ ես դեռ մինչեւ հիմա մի անբացատրելի վախ եմ զգում այդ հատվածով անցնելիս….Դա մնացել է մանկությունից….

Գյուղում երկու թուրք եղբայրներ էին ապրում այդ իրար կից շինութունում… Նրանց կանացից մեկը երեխա չուներ… սոնգսուզ էր, իսկ մյուսը` յոթը ուներ… Իրար հետեւից ծնված… ձյուն ձմեռով ոտաբոբիկ ու տկլոր….Մեր գյուղի կոլտնտեսության չոբաններն էին այդ եղբայրները… Գլուխները կախ, բայց` անժպիտ…երկուսն էլ…. Ես տատիկիցս, որի հայրը ունեցել էր թուրք նոքարներ, եւ որոնց խոսքը որպես թեւավոր խոսք կամ խրատ էր գործածում տատս ու շատ երգեր կամ բայաթիներ ասում, սովորել էի մեծ հարգանքով վերաբերվել մարդկանց` անկախ ազգային պատկանելությունից… եթե նույնիսկ թուրք են… Իսկ մայրիկիս մորաքուրերը ապրում էին Բաքվում… Ու այդ տարիներին որեւէ թշնամանք ինքս չէի տածում նրանց նկատմամբ… Բայց հիմա պատկերացրեք … ուզում ես անցնել այդ տարածքով դեպի Եկեղեցու դուռ, դպրոց, գյուղամեջ… Բայց չ~ես կարող… Ո՞վ քեզ կթողնի… Շարվել են այդ մերկ, ճպռոտ, տկլոր երեխաները, քարերը առել ու շպրտում են.. .քարապարան են անում մեզ… Ու ոչ մի խոսք չեն հասկանում… Մայրը նստել ու սաջի մեջ ծխում կորած հաց է թխում… Մորս բաջի է ասում…. Բայց երեխաների հարցում ոչինչ չի կարողանում անել… Ոչինչ… Իսկ մի օր մեր` արկղով պահած կոշիկներն ու իմ մանկության խաղալիքները տեսա դռան առջեւ թափած… Մենք չէինք տվել… Բայց արդեն իրենցն էր… Իրենց ձեւով էին արդեն հագցրել տիկնիկներիս….իսկ ամենափոքրի անունն էլ եմ հիշում…Գյուլումը… իմ տիկնիկը իրենց չուլերով փաթաթած ու մի մեծ քար ձեռքին աղբի կույտի վերածված այդ բարձունքից սպառնում էր ինձ…. «Էս կողմերով չանցնեք, մեր տան կողքով չանցնեե~եք» …

Դեռ լավ է` հայտնի դեպքերից առաջ գնացին… Թե չէ նման եռանդով ու մեր` լորեցու հանդուժողականությամց ու՞ր կլինեինք այսօր… Եվ կարողանու՞մ ենք արդյոք պահպանել մեր անունները` Սուրբ եւ Տիրակոչ…

Խոնարհ Հովսեփյան-ի էջից

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *