Անվադողեր` Սիսիանի սահմանային դիրքերին. ԵՂԱԾԸ ՄԵԾ ԲԱՆ ՉԷ, ԲԱՅՑ` ԿԱՐԵՎՈՐ Է…

Տավուշի սահմանային ռազմական գործողությունների օրերին մեր երկրի տարբեր շրջաններում իրականացավ անվադողերի հավաքման եւ առաջնագիծ ուղարկելու մի հետաքրքիր եւ ինքնաբուխ ակցիա, ինչը հանրային հիացմունք առաջացրեց: Ակցիային անմասն չմնացին նաեւ սիսիանցիները, եւ առաջիններից մեկը, ով արձագանքեց ու կազմակերպեց անվադողեր` առաջնագծին ակցիան, Կարեն Ավագյանն էր, ում հետ էլ զրուցում ենք այս եւ այլ հարցերի շուրջ:

Ի պատասխան մեր` ինչու եւ ինչպես սկսեց ակցիային միանալու իր նախաձեռնությունը, Կարենը նշեց, որ երբ սոցիալական ցանցերով տեսավ, թե ինչպես են Երեւանում, Վանաձորում, Գեղարքունիքում եւ այլուր պաշտպանության նպատակներով կամավորները հավաքում եւ առաջնագիծ ուղարկում մաշված անվադողեր, մի տեսակ նեղվել է, որ Սիսիանը դուրս է մնացել ակցիայից, եւ իր ֆեյսբուքյան էջով ու այլ սոցցանցերով դիմել է հայրենակիցներին, որ եթե կան նախաձեռնողներ, ինքը միանա նրանց, եթե չկան, ցանկացողները միանան իրեն, եւ, քանի որ Սիսիանն էլ սահմանակից է հակամարտ երկրին, իրենք էլ անվադողեր հավաքեն եւ ուրարկեն Սիսիանի դիրքեր:

Ինչպե՞ս ընդունվեց հանրության կողմից իր նախաձեռնությունը հարցին Կարենը նշում է, որ երբ առաջին վիդեոն տեղադրել է իր էջում, մի քանի ժամվա ընթացքում այն դիտել է 30 հազարից ավելի մարդ, հավաքել բազմաթիվ լայքեր, բռավորներ, կեցցեք-ներ, ապրեք-ներ, բայց կոնկրետ առաջարկություններ արել են քիչ թվով մարդիկ միայն: «Ապրեք-ներով ու բռավո-ներով չէ, որ մեր խրամատները պիտի ապահովվեն եւ կահավորվեն անվադողերով: Վիրտուալ տարածքից դուրս առաջինը զանգահարել եւ կոնկրետ արձագանքել է Սուրեն Գասպարյանը, ում հետ իրականացրել ենք ակցիան: Հետո, իհրակե, ակցիային միացել են նաեւ գյուղերից, անվադողերը մի տեղում կենտրոնացնելու տարածքը հատկացրել է Կարեն Պետրոսյանը, շատ են օգնել հատկապես երեխաները, եւ կարողացել ենք կարճ ժամանակում մոտ 2 հազար անվադող հավաքել եւ հասցնել Սիսիանի մարտական դիրքեր, ուժեղացնել պաշտպանությունը»,- ասում է Կարեն Ավագյանը:

Խոսելով մասնավորաբար երեխաների, դպրոցականների խանդավառության մասին, Կարենը նշում է, որ փողոցում իրեն են մոտեցել 4-6-րդ դասարանների տղաներ եւ խնդրել թույլ տալ օգնել անվադողերը հավաքելուն եւ տեղափոխելուն: «Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ երեխաների անունից ինձ զանգահարել են նրանց ծնողները, խնդրել, որ իրենց տղաները նույնպես միանան ակցիային, ինչին սիրով ենք ընդառաջել: Երբ իմ տղան էլ խնդրեց ու թույլտվություն ստացավ, գրկեց ինձ եւ ասաց` վախ, ցավդ տանեմ, պապ»,- ասում է Կարենը եւ հավելում, որ սա այս երեխաների կյանքի առաջին կոնկրետ հայրենասիրական քայլն էր, որը կարեւոր կլինի նրանց` ապագա զինվորի կյանքում:

Արդյո՞ք զուտ հերաքրքրասիրությունից չէր ակցիային միանալը եւ անվադող գլորելը հարցին ի պատասխան Կարենը նշում է, որ անգամ այդ պարագայում այն չի կորցնում իր կարեւորությունը, քանի որ տղա երեխան, պատանին արդեն այդ տարիքից է զգում իր դերը հայրենիքի սահմանները պաշտպանելու գործում:

Կարեն Ավագյանը նշում, որ անվադողերը սահմանային դիրքեր հասցնելու համար համագործակցել են Սիսիանի զորամասի մարտական գծով հրամանատարի տեղակալի հետ եւ արդեն զորամասի միջոցներով այն հացրել դիրքեր: Կարենն ավելացնում է, որ ինքը, որպես նախկին զինվորական, ով 6 տարի եղել է պայմանագրային զինծառայության մեջ, եւ միայն առողջական խնդիրների պատճառով է թողել այն, շատ լավ է հասկանում եւ պատկերացնում անվադողերի կարեւորությունը դիրքերի համար: «Առաջին հայցքից կարող է թվալ, թե մեծ բան չէ դիրքերի պաշտպանությունն անվադողերով ապահովելը թռչող սարքերի, հրետանու եւ ժամանակակից այլ զինատեսկաների առկայության պարագայում, բայց մեկ անվադողը, վստահաբար, հրետակոծության ժամանակ շատ ավելի կյանքեր կարող է փրկել, քան պատկերացնում եք»,-ասում է Կարեն Ավագյանը:

Երբ հարցրեցինք, թե «տեղայնական խանդը» մարե՞ց, երբ Սիսիանն էլ իր եւ մի քանի կամավոր-նվիրյալների, երեխաների ջանքերով պատվով մասնակցեց դիրքերը ամրակայելու ակցիային, Կարենը նշեց, որ թեեւ շնորհակալ է բոլորին, ովքեր միացել են ակցիային, բայց ինքը երբեւէ չի սպասում ոչ շնորհակալության, ոչ` գովաբանության, քանի որ այն, ինչ արել է, արել է իր երեխաների, իր ընտանիքի համար, եւ մեզանից յուրաքանչյուն է պարտավոր այդպես մտածել ու գործել: «Եղան մարդիկ, որ կարծիքներ գրեցին, թե ինքնագովազդի համար եմ նկարներ եւ վիդեոներ տեղադրում իմ էջում: Ասեմ, որ այդպես մտածողները չարաչար սխալվել են: Մենք դա արել ենք, որ մյուսները տեսնեն, որ կա նման բան, որ իրենք էլ միանան, իսկ ովքեր մտածում են, թե ինքնառեկլամի համար ենք արեր, ինձ ճանաչողները հազիվ թե նման բան մտածեն, թող 500-ի փոխարեն իրենք էլ 5 անվադող հավաքեն եւ տանեն դիրքեր` ռեկլամի համար, միայն եթ սահմանային դիրքերը ամրուր եւ պաշտպանված լինեն»,- ասում է Կարենը եւ նշում, որ պիտի հասնել նրան, որ պատրաստ լինենք ամեն ինչով եւ անակնկալի չգանք:

Կարենը նշում է նաեւ, որ տհաճ միջադեպեր էլ են եղել, որ ոմանց թվացել է, թե կարող են իրենց գործը ավարտված համարել միայն զանգել-անվադողի տեղ հայտնելով, որ ոմանք նախընտրել են մաշված անվադողը պահել իրենց ավտոտնակում, վառել հնոցում, վաճառել 200 դրամով, բայց զլացել են դրանք «զոհաբերել» սահմանի ամրությանը:

– Սա ոչ թե պարտադրանք է, բայց` խնդրանք էլ իչ: Ինչու՞ պիտի ես ինչ- որ մեկին պարտադրեմ, կամ` խնդրեմ, որ իր երեխայի, իր ընտանիքի համար չզլանա երկու անվադող բերի-ուղարկի դիրքեր: Եղածը մեծ բան չէ, բայց` կարեւոր բան է,- իր խոսքը եզրափակում է Կարեն Ավագյանը…

Զրույցը` Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԻ

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *