Առա՛ջ, տղե՛րք, մեզ դեռ շատ լեռներ ու բարձունքներ են սպասում

Հայաստանի սարերն ու լեռները մեր տղաների մեջ քաջություն, պատվախնդրություն են դաստիարակում, մեր աղջիկների մեջ` օջախ պահելու իմաստնություն, կամակուռ նրբություն, անառիկ արժանապատվություն։
Բայց, այդուհանդերձ, մեր լեռները մեզանից էլ շատ բան են սովորում։ Տարբեր մարզերում նրանք տարբեր են խոսում հետդ, յուրովի են ողջունում։
Օրինակ` մի մարզում, երբ սարի գրեթե գագաթից զիլ կանչեցի «բարև՜…», պատասխանը եղավ` «բարև՜, արև՜…»։ Ուղեկիցներիս մոտ այնքան լավ զգացի ինձ. միշտ հաճելի է, երբ քեզ այլ բնակավայրերում ճանաչում են։
Մեկ այլ մարզում, կրկին լեռան փեշից բարձր կանչեցի.
-Բարև՜…։
Սպասեցի, ոչ մի արձագանք չեղավ։ Նորից կանչեցի, այս անգամ ավելի բարձր` պարանոցիս երակները ուռեցնելով։ Ո՛չ մի արձագանք, ո՛չ մի պատասխան։ Ուղեկիցներս զարմացած մի պահ դեմքիս նայեցին, հետո ինձ անհարմար վիճակից դուրս բերելու համար արագ թեման փոխեցին, թե` գնանք, հիմա կցրտի։
Հաջորդ շրջանում իմ «բարև»-ին հեռու լեռների արձագանքը եղավ.
-Տո՛, բա` բարև, բա` ի՞նչ…
Ժպտացինք ու առաջ անցանք։
Սիսիանում էլ կանգ առանք, հենց ճանապարհից դեմքս ուղղեցի դաշտերից այն կողմ, հեռու հեռվում հպարտ նստած լեռներին։
-Բարև՛,- ասացի։
Ձայնս կարծես դաշտն էլ չանցավ, կարծես լեռներին էլ չհասավ, բայց արձագանքը դաշտերի հողիկների վրա տնգտնգալով հետ եկավ.
-Բարև՜, ցավդ տանեմ, բարև՜, ախպե՛ր ջան…
Ուղեկցողներիս աչքի առաջ մեջքս ավելի ուղղվեց, թիկունքս ավելի լայնացավ, բազուկս ձգեցի, որ ավելի պինդ երևա, և ձայնիս սպային վայել հատուկ կոշտություն տալով` կարճ կապեցի.
-Առա՛ջ, տղե՛րք, մեզ դեռ շատ լեռներ ու բարձունքներ են սպասում։

Մուշեղ Բաբայան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *