Ավարտվեցին Քարահունջ աստղադիտարան գիտական արշավախմբի 5-օրյա աշխատանքները

Հարգելի՛ բարեկամներ,

Ավարտվեցին Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի՝ դեպի Քարահունջ աստղադիտարան գիտական արշավախմբի 5-օրյա աշխատանքները: Իրականացվեցին աստղագիտորեն կիրառելի թվայնացված ամբողջական տվյալների հավքագրում, ճարտարապետական և երկրաբաշխական (գեոդեզիական) ամբողջական և լիարժեք չափագրություններ, տարածական հուշարձանի ճարտարապետական տեղազննում և չափագրություն։ Իրականացվեցին տարածքի երկրաբաշխական տեղագրման աշխատանքներ:

Սա Պարրիս Հերունու կատարած աշխատանքների երկար սպասված շարունակութունն է գիտական բարձր մակարդակով, չափազանց անհրաժեշտ և կարևոր նախաձեռնություն էր, որը հիմք կդառնա ապագա մշակումների և գիտական բարձրարժեք հետազոտությունների համար։ Արդյունքում կստեղծվի ամբողջական տվյալների բազա, որն ի սպաս կդրվի դրանից օգտվել ցանկացող մասնագետների համար։ Արշավախումբը զինված էր ժամանակակից լսարքավորումներով և դրանց աշխատացնող լավագույն մասնագետներով։ Հնարավոր չէր չնկատել այն ոգևորությունն ու հայրենասիրական պաթոսը, որը համակել էր արշավախմբի բոլոր անդամներին աշխատանքային ողջ շաբաթվա ընթացքում։

«Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն» ՀԿ-ի («Save Carahunge/Տեր կանգնենք Քարահունջին» նախաձեռնության) նախագահ նանա Հերունին ողջ ընթացքում գտնվում էր արշավախմբի հետ և իրականացնում էր կատարվող աշխատանքների ընթացիկ վավերագրումն ու լուսաբանումը։ Այնպես որ, կազմակերպության կայքէջերում ըստ աշխատանքային օրերի ընթացքում կատարած աշխատանքների կարելի է ծանոթանալ բոլոր լուսաբանումներին։

Արշավախմբի արդյունքները գերազանց են, նախատեսված բոլոր նպատակները կատարված։ Այս շաբաթը նախատեսվող աշխատանքների՝ չափագրություն և տվյալների հավաքագրման առաջին փուլն էր։ Հետագա փուլերն են, 2-րդ՝ տվյալների մշակում և վերլուծություն, 3-րդ՝ տվյալների հրապարակում, 4-րդ՝ համապարփակ հետազոտություններ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *