Արի՜, Նո՛ր Տարի, գալուստդ բարի՜…

Սիսիանի կենտրոնական հրապարակում վառվեցին Նոր տարավ ավետաբերի` գլխավոր տոնածառի լույսերը: Ամանորի խորհրադնիշ տոնածառն իր շուրջն էր բոլորել բազմաթիվ սիսիանցիների, մեծերի ու փոքրերի, ովքեր իրենց ուրախությունը կիսում էին Ձյունանուշի, Ձմեռ պապի եւ հեքիաթի հերոսների հետ ու հավատում հեքիաթին, բարու եւ սիրո հաղթանակին:

Բարով մտնես բոլորի տներ, 2020 թվական: Որքա՜ն հույսեր, որքա՜ն նպատակներ, որքա՜ն ցանկություններ, որքա՜ն երազանքներ է ամփոփում իր մեջ նորոգ տարին, անձնական ու անանձնական որքան ուրախություններ, բարեմաղթանքներ… Ու բոլոր, բոլոր այս ցանկությունների մեջ թող անխախտ լինի մեր երկրի սահմանը, թող հայոց բանակի զինվորը անփորձանք ծառայի, թող տներում մանկան ճիչ եւ ուրախություն լցվի, թող հոգիներում, մտքերում ու սրտերում բարությունն իշխի եւ ամենուրեք թագավորի սերն ու բարին… որ բացսիրտ ու բացճակատ եւ Սեւակաբառ ասենք` շնորհավոր Նոր տարի,

Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜,
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր…

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *