ԲԱԿՈՒՆՑԻ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ…

Հիշում եմ ուսուցչուհուս՝  Նինել Աղասյանի խոսքերը.
-Սովորեցրու այնպես, որ միշտ հիշեն քո դասերը։
Խոնարհվում եմ նրա մեծության ու նրանից քաղած դասերիս առաջ։
Ճիշտ են այն խոսքերը, որ գրողին ճանաչելու համար պետք է լինել նրա հայրենիքում։ Իսկ եթե ապրում ես այնտեղ, ուր գրողն է ապրել, և քո գյուղը, քո բարեկամը, նահապետական սովորույթները դարձել են նրա չքնաղ պատմվածքների նյութը, որ իրենց նուրբ հյուսվածքով զարմացրել ու զարմացնելու են սերունդներին։ Ամեն օր կարող ես անցնել Ծիրանի տափով, Լորում Խոնարհներ տեսնել, իսկ Մրոցի մարդկանց համեմատել այժմյան Շենաթաղի բնակիչներին։ Թվում է` տարիները չեն փոխել մարդկանց. շենաթաղցին նույն Մրոցցին է, Լորեցին՝ Միրցին, իսկ Վերին գյուղը՝ Դարբասը, որտեղ Խոնարհն է հարսնացել ու թաղված, մնում է ձորերի մեջ մոլորված այդ գյուղերի առաջնորդը։
Ընթերցում ես Բակունցի երեք պատմվածքները՝ «Խոնարհ աղջիկը», «Ծիրանի տափ», «Մրոց», և սիրտդ մի տեսակ հպարտությամբ է լցվում, որ մոռացված այս ձորը, որտեղ դու ես ապրում, եղել է ներշնչանքի աղբյուրն ու ստեղծագործության հերոսները։
Ինչպես կարելի է դասարանում հենց այնպես անցել «Խոնարհ աղջիկը», երբ պատմվածքի գործողությունները կատարվել են հարևան Լոր գյուղում, երբ մինչև հիմա կանգուն է այն դպրոցը, որտեղ Ալեքսանդր վարժապետը, նույն ինքը Ակսել Բակունցն է դասավանդել։ Երբ Խոնարհի գերեզմանը մեր գյուղում է, չայցելել նրա շիրիմին, չխոնարհվել նրա առաջ, որ գերել է արձակի վարպետին, ով եկել էր ուսուցչություն անելու և իր հետ տարա՜վ նաև Խոնարհի սերը։ Ինչպես չընթերցել Բակունցի 60-ամյակին նվիրված Համո Սահյանի` «Արևը բարձրանում է սարից» հոդվածը, ուր մեծ բանաստեղծը վերջում գրում է.
-Քո առջև իրենց գլուխն են խոնարհում իմ ծննդավայրի երախտապարտ լեռները։Ծիրանի տափի վեճը «Ծիրանի տափ» պատմվածքում Ակսել Բակունցն է սահմանը գծել, և գյուղացիները այնքան են հարգել Ալեքսանդր վարժապետին՝ պատմվածքում հողաշինարարին, որ ընդունել են նրա վճիռը, որը տարիների ընթացքում դարձել էր երկու գյուղերի՝ Միրի (Լոր) և Մրոցի (Շենաթաղի) հողային տարածքների վեճի նյութը։
Այս մասին գրում է նաև Համո Սահյանը, երբ իրենց գյուղացի Վանես ապերը ասում էր իրենց գյուղի երեխաներին, որոնց մեջ էր նաև փոքրիկ Համոն․
-Խոխե՛ք, սաքիտ կցեք, կռիվը մահակի ծերին ա։
Վճիռը կայացվել էր հօգուտ Լորի՝ որպես սակավահող գյուղի։ Հիմա էլ հարսանիքներին կամ քեֆի սեղաններին գյուղի մեծերը պատմում են Շոռ քարի պատմությունը և ավելացնում․
-Թեև հողերը տվին Լորին, բայց Բակունցը կաթնավը մեր Շնաթաղում կերավ։
Ով գիտե, գուցե, կոստյումնավոր այդ չինովնիկն էր, որ դարձավ քարափների երգչի գրական կնքահայրը։
Փոքրիկ էր մեր գյուղը, այնքան փոքր, որ Տաթևի մի թաղի չափ էլ չկար, իսկ Բռնակոթը կարող էր մեր գյուղը առնել սինու մեջ, դնել գլխին և անցկացնել Սիսիանի լեռնանցքը։ Փոքրիկ էր մեր գյուղը, բայց ուներ այնպիսի հարստություն, որ մեծերը չունեին․․․ Դպրոց ուներ նա (Համո Սահյան)։ Հենց այդ դպրոցում էլ աշխատել է Ակսել Բակունցը (1914-1915 թ.թ.) և այդ դպրոցն ու իր աշակերտուհու քույրը՝ Խոնարհը դարձան նրա հրաշք պատմվածքի հերոսները։
Պատմվածքում գյուղը նկարագրված է ճշգրտությամբ։
«Դպրոցը գյուղի ծայրին էր, բլրակի վրա։ Հին գերեզմանատունը դպրոցի բակն էր»։
Գյուղը սակավահող էր, և ոչ մի գյուղացի իր հողից բաժին չէր տվել դպրոցին։ Դրա համար էլ կառուցել են գերեզմանատան բակում։
Հիմա էլ կանգուն է դպրոցը, ճիշտ Բակունցի նկարագրածի։Կանգուն է նաև դպրոցի բակի միակ ծառը։ Պատուհանների վրա խմորի մնացորդներ կան։ Կա նաև այն բլուրը, որտեղ սայթաքեց Բակունցը և կոտրեց իր միակ ժամացույցը։ Տունը հիմա էլ կա, ուր Բակունցն է ապրել, բայց այստեղ ճշտեմ, որ Աշոտի նախատիպը աղջիկ է եղել՝ Անահիտը, ուղղակի Բակունցը խուսափել է ներկայացնել աղջկան։ Ապրում են նաև վիզը ծուռ Անտոնի շառավիղները, էլի որսորդություն են անում, և այնքան պատկերավոր է նկարագրել Բակունցը նրան, որ նրա թոռանը տեսնելիս իսկույն կճանաչես, որ սա վիզը ծուռ Անտոնի թոռներից կլինի։ Իսկ Խոնարհը երկու անգամ է ամուսնացել․առաջինը հարևան Շենաթաղ գյուղում, երկրորդը՝ Ձորագյուղ (պատմվածքում Դարբասն այդպես է անվանել)։ Ունեցել է ոչ թե երեք, այլ երկու տղա՝ Արշավիր և Սեդրակ, ովքեր պատերազմից ետ չեն վերադարձել, նրանց շիրմաքարերը իրենց վաղամեռիկ գերեզմանի կողքին են։
Բակունցը երեքն է նկարագրել՝ ավելի ծանրացնելով Խոնարհի վիճակը։ Իսկ Խոնարհին Վերին գըուղում նա տեսել է հենց այդ ժամանակ, երբ եկել էր Ծիրանի տափի վեճը լծելու։ Դրանից մեկ տարի անց մահանում է Խոնարհը (1927թ), իսկ ինքը գործուղվել էր 1926 թվականի գարնանը։
Դարբասում ՝ նոր եկեղեցու հարևանությամբ է Սուլթան դայու` Խոնարհի ամուսնու տունը։ Նրա հարսը ՝ Աշխեն բաջին, մի հետաքրքին պատմություն էր պատմում․
-Սիրողական թատրոն է եկել մեր գյուղ և ներկայացրել են Բակունցի «Խոնարհ աղջիկը» ստեղծագործությունը։ Սուլթան դային զայրացել է ու հենց դահլիճից բարձրաձայն ասել.
-Իմ գյոզալ Խոնարհի տեղ էդ ինչ Մարքրիդ եք տիրալ. Խոնարհս գյոզալ էր, գյոզալ։
Ասել է ու բարկացած հեռացել դահլիճից։ Մինչև կյանքի վերջ էլ Սուլթան դային հպարտանում էր Խոնարհով։ Լորում է նաև Խոնարհի եղբոր ընտանիքը։ Լորում էլի Խոնարհներ են ծնվում, նրա նման սիրուն, նրա նման չքնաղ։
Սուլթան դայու թոռը հարսնացու է ընտրել այն աղջկան, ով պատմել է Խոնարհի պատմությունը։
Պատմվածքի մյուս հերոսը, ում Բակունցը իր ընկերն է համարում և ում բերանով պատմում է իր կյանքի պատմությունը, Մորուս Հասրաթյանն է, ով սովորորել է Լորի դպրոցում. նրա մայրական կողմը Լորից է։
Երրորդ պատմվածքը «Մրոց»-ն է Շենաթաղի մասին, Շենաթաղի համով։ Առնչություն ունենալով այդ գյուղի հետ և մոտիկից ճանաչելով նրա մարդկանց, համոզվել եմ, որ մարդկային բնավորության ոչ մի գիծ չի փոխվել այստեղ։ Ապրում են մի ընտանիքի նման, գյուղապետը նույն Բակունցի նկարագրած մարդն է։ Մրոցում առաջին անգամ ցորենազտիչ Տրիեր մեքենա են բերում։ Գյուղացիները մտածում են փոստարկղ է և նամակները գցում են մեքենայի մեջ։ Եվ միակ մարդը, ով գիտեր, թե ինչի համար է Տրիերը, գյուղապետն էր։ Նրա կինը պարծենում էր իր ամուսնով։
Հիմա նոր ջրագիծ են կառուցում, բոլորովին նոր տեխնիկա է աշխատում ու էլի գյուղապետի կինն ասում է.
-Երջոն ա իմանըմ, թե տա հինչ տեխնիկայա և ինչի հետի ա։
Իրականում Շենաթաղում բոլորը մի մարդու նման գիտեն թե Ակսել Բակունցի, թե Համո Սահյանի բոլոր ստեղծագործությունները։ Յուրաքանչյուր հավաքույթ այստեղ վերածվում է գրական ցերեկույթի։

Լուսինե ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *