ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ` ՀՈԼԱՆԴԻԱ – ՍԻՍԻԱՆ…

Օրերս Հայաստան էր ժամանել Հոլանդիայի «Արարատ» բարեգործական հիմնադրամի նախագահ, տեղի «սբ. Գրիգոր Նարեկացի» դպրոցի ուսմասվար Ալիսա Մովսեսյանը, ով աշխատում է նաև Հոլանդիայի հայ առաքելական եկեղեցու Հերհուխովարդի համայնքում: Հայաստան կատարած նրա հերթական այցն այս անգամ էլ էր բարեգործական առաքելությամբ: Նրան հանդիպեցինք Սիսիանում. եկել էր կոնկրետ հասցեով` օգնելու Շիրակի փողոցում բնակվող բազմանդամ ընտանիքին, որի մասին տեղեկացել էր համացանցից: Օգտվելով մեզ ընձեռված հնարավորությունից, իրենց գործունեության եւ Սիսիան կատարած այցի մասին զրուցեցինք տիկին Ալիսա Մովսիսյանի հետ:

-3,5 տարի է, ինչ ստեղծվել է մեր միությունը: Ապրիլյան պատերազմից հետո առաջին տարին մենք օգնեցինք սահմանը պաշտպանող զինվորներին: Այնուհետ մեր բարեգործական ծրագիրն ընդլայնվեց Հայաստանի տարբեր մարզերով: Իրականացնում ենք մի շարք բարեգործական ծրագրեր: Շարունակական բնույթ է կրում «Ապահով մանկություն` երեխաներին» ծրագիրը, որով օգնում ենք ընտանիքներին եւ հետեւողական լինում, որ մեր օգնությունն անպայման իր նպատակին ծառայի: Մեր ծրագիրը հնարավորություն է տալիս մարդկանց աշխատել: Անապահով ընտանիքների համար գնում ենք տարբեր ընտանի կենդանիներ, տնտեսական ապրանքներ, սննդամթերք, հագուստ, նույնիսկ` հաշմանդամների ընտանիքում վերանորոգում ենք իրականացրել,- պատմեց տիկին Ալիսան:

Նա նշեց, որ այս անգամ բարեգործական այցն ուղղված է Սիսիանի Շիրակի փողոցի բնակչուհի Սիմիզար Առաքելյանի ընտանիքին, որի մասին տեղեկացել է հայկական մամուլից: Սիմիզար տատն իր  ամուսնու հետ մեծ դժվարությամբ պահում է վեց թոռներին, որոնցից մեծն արդեն 10 տարեկան Է, իսկ փոքրը` 1,6: Երեխաների մայրը մեկ տարի է, ինչ մահացել է, իսկ հոր բացակայության պատճառի մասին խոսել չցանկացան:

Ընտանիքն ապրում է փոքրիկ հյուղակ հիշեցնող տան մեջ: Երկու փոքրիկ խուց՝ ցուրտ, խոնավ, ապրելու համար չափազանց անբարենպաստ պայմաններ, հատակը՝ բետոնե, սանհանգույց չկա: Երեխաների հագուստը մաշված, մաքրության մասին այստեղ ուղղակի անիմաստ է խոսել, քանզի պայմաններ էլ չկան, բացի դրանից, տատը հազիվ է հասցնում կենցաղային գործերը, թոռները դպրոց են հաճախում, փոքրը դեռ գրկի երեխա է, այս ընտանիքի հոգսերըը չափազանց շատ են:  

Երբ հասանք վերոհիշյալ հասցեում գտնվող տանը, սկզբում երեխաները կարգին չհասկացան, թե ինչ է կատարվում, հետո չէին թաքցնում իրենց մանկական ոգեւորությունը, նույնիսկ նրանցից ամենաչարաճճին մտել էր անկողնու տակ ու գառնուկի ձայներ էր հանում, որ մեզ ուրախացներ: Այդքան դժվարությունների մեջ փոքրիկների մանկական աչուկներում փոքրիկ աստղիկներ էին ճառագում, ուրախություն էր խաղում նրանց այտերին, երբ հերթով հագնում էին այն  հագուստները, որոնք բարեգործական ընկերությունն էր ուղարկել նրանց: Բարեգործական հիմնադրամի տնօրենը նշեց, որ երեխաների տաք ու գունավոր գործվածքյա հագուստը ծնողական մեծ ջերմությամբ գործել են Հոլանդիայի ծերանոցի տատիկները: Համայնքը ընտանիքի համար գնեց նաև ոչխարներ, հավեր, վերջիններիս, տևական ժամանակով, ապահովվեց նաև անհրաժեշտ կերով: Ընտանիքին նվիրեց անհրաժեշտ սննդամթերք, որը կբավականացնեն մի որոշ ժամանակ: Հիմնադրամի տնօրենը մոտակա հացի փռին գումար վճարեց ու պայմանավորվեց մեկ ամիս անվճար հացով ապահովել այս ընտանիքին, տևական ժամանակ այս խնդիրն էլ չի

անհանգստացնի նրանց: Գոնե մի որոշ ժամանակ այս ընտանիքը հեռու կլինի հացի խնդրից, իսկ նվիրաբերված կենդանիները կապահովեն հետագա ապրուստը: Համայնքի տնօրենն ասաց, որ հետևողական է լինելու այս ընտանիքին, քանզի նրանք չպետք է վաճռեն նվիրաբերված կենդանիները, այլ պարտավորվածություն պիտի ունենան` պահել և ավելացնել՝ մեծացնելով իրենց ապրուստի միջոցը: Ապա նշեց, որ եթե հաջորդ տարի ամեն ինչ լինի ըստ պայմանի, նրանք կրկին օգնություն կհատկացնեն այս ընտանքին: Սրտներս մի փոքր տեղն ընկավ, երբ հարևանուհին՝ Անժլան, ասաց, որ Սիսիանի համայնքապետի նախաձեռնությամբ եւ բազմաթիվ բարերարների հանգանակությամբ` պատրաստվում են նոր տուն գնել ընտանիքի համար Դոմիկներ կոչվող թաղամասում, եւ, գնման գործընթացն ավարտվելուն պես նրանք անմիջապես կտեղափոխվեն այնտեղ:

Այս ընտանիքից զատ հոլանդիայի համայնքն օգնեց նաև մեկ այլ անապահով` Հակոբ Դանիելյանի ընտանիքին, որը նախապես արդեն գոմ էր նախապատրաստել կենդանուն պահելու համար:

Իմ այն հարցին, թե ի՞նչ միջոցներով են նրանք գումար ձեռք բերում բարեգործություն իրականացնելու համար եւ ուրիշ ի՞նչ կողմնակի օգնություն են ստանում, հիմնադրամի նախագահն ասաց.

-Կազմակերպում ենք բարեգործական ցերեկույթներ, բացօթյան պիկնիկներ, այդտեղ էլ կատարվում են հանգանակություններ, վաճառում ենք տոմսեր, և՛ մասնակիցների համար է հաճելի անցնում, և՛ բարի գործ ենք կատարում: Այս տարի մի ծրագրով Ամերիկայից էլ օգնություն ստացանք, Հոլանդիայի հայ համայնքից ենք տարբեր օգնություններ ստանում:

Վերջում նշեց, որ այս շարունակական ծրագրով հաջորդ տարիներին էլ պատրաստվում են օգնել այլ կարիքավոր ընտանիքների:

Անահիտ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *