ԲԵՏՈՆԵ ԿՈՒՌՔԵՐ. ԱՐՍԵՆ ՆԵՐՍԵՍ

Moloch! Moloch! Rpbotapartments! invisiblesuburbs! skeletontreasures! blindcapitals! demonicindustries! spectralnations!

AllenGinsberg «HOWL»

Մողո՛ք,  Մողո՛ք: Ռոբոտների բնակարաննե՛ր, անտեսանելի արվարձաննե՛ր, կմախքի գանձարաննե՛ր, կույր մայրաքաղաքնե՛ր, դիվական արդյունաբերություննե՛ր, ուրվական ազգե՛ր:

Ալեն Գինզբերգ «ՈՌՆՈՑ»

1

Աչքերիս մեջ լցվել են

Բետոնե Կուռքերը Քաղաքի,

Մայրամուտի հրաշքն անդրադարձնում են

Ապակիները պաղ շենքերի:

Եվ ամբոխի հետ փախչում եմ ես

Մենությունից խորհրդավոր քարանձավի

և տրտմությունից

կանաչ ու լքված դաշտերի:

Ու մի խելագար

Փախչում է երակներիս սարդոստայնից`

Տեսնելու հրաշք այգաբացը`

Մանկաբարծի կրակող

Ցողի մեջ:

2

Կյանքն է հոսում Քաղաքի աղմկոտ երակներով,

Ուր շառաչն է խցանված փողոցի։

-Ում երջանկությունն է այսպես կուչ եկել

Լուսացույցի տակ

Ու սպասում հրաշքի։

– Ում երջանկությունն է այսպես շփոթվել

Ու մոռացել,

Որ Բետոնե Կուռքերը հրաշք չեն գործում.

Նրանց զոհում են կյանքից գողացված ակնթարթներ:

-Ում երջանկությունն է այսպես կուչ եկել

Լուսացույցի տակ

Ու սպասում հրաշքի…

Հրաշքներն աստղային երկնքից

Վաղուց են թափվել

և ստրուկները դարձել Բետոնե Կուռքերի:

3

…Եվ երջանկության քարանձավներից

Հորդեց միտքը դուրս,

Լցվեց տիեզերքի փոքրիկ անկյունում

Մենության նման։

Եվ երջանկության քարանձավներից

Ելավ մի գիշեր

Անխնա շքերթ դիմակների։

Եվ քայլափոխին՝ դիմակից դիմակ,

և քարանձավից մինչև երկնաքեր-

ելան՝ ճչալու.

-Երջանիկ ենք մենք.-

Հանճարեղ բահեր

Ձեռքերում կավե.-

գերեզմանահո՛ր-

կյանքի և սիրո։

4

Շքեղ բառեր.

Հորանջում են գմբեթները տաճարների

Ու ստվերում նրանց երգեր են արտասվում…

5

Մինչ ճամփորդները ցատկում են օդանավից

և հայտնվում

տարածությունը ճեղքող նոր ընթացքում,

քրտնաթոր երթերից ամբոխների

ապստամբ մարգարեները

դեպի կառքերն են վերադառնում

և հուսահատ բամբասում ժամանկի մասին՝

անտարբեր ու խելացի աչքերով ձիերի հետ։

6

Մենք մեր մեջ ապրող ամբոխ ենք,

Վատնված ժամանակի արձաններ ենք,

Պարտությունն ենք մեր մեջ ապրող խաղաղության.

Մեկն ու մեկը մեզնից՝

Շիկացած մայթերի պարունակներում,

Ստիպված ընդունում է մյուսի գոյությունը՝

Որպես անժխտելի բացակայություն։

Մենք չլինելու մասին

չգրված

չպատմված գիրք ենք.

Չկա կրակ

Չկա կրակ՝

Անպետք գրքեր այրող։

7

Ջերմոցում հորինված

ազատությունը

բախվեց ապակե աչքերին

ընդարմացած ժամանակի,

ջարդուփշուր ընկավ

ոտքերի տակ

խաբված սերնդի,

որ կանգնել էր

պատվանդանին

հաղթանակած՝

ծերությունից մի ժամ առաջ։

8

Մեզնից և ոչմեկին չպատկանող

Օտար մի սուտ

Թաքցնում է մեր աչքերում

Բացակայությունն ինչ-որ կարևոր բանի՝

իբրև ամայություն,

որ սպառնում է դառնալ հարազատ

և դառնալ հակառակ բևեռը

դատարկությամբ քողարկված

ինչ-որ կարևոր բանի։

Ու մենք քայլում ենք

Մեզնից և ոչմեկին չպատկանող

Ավերակների վրա

Ծերացած երազների՝

Պատմությունից հոգնած,

Հազարավոր շպարների Քաղաքում։

9

Զոհարաններում փողոցի

Երջանկությունն է վաղ լուսաբացից

մատուցվում

իբրև զոհաբերություն,

իբրև փրկագին-

Բետոնե Կուռքերի Քաղաքին:

10

Ապակե սրտեր`

Երազից քարկոծված.

Հոգեսպառ մարմիններ`

Ջարդոնով լցոնված.

օտար

օտար

-մեր ցավից մեծ-

Ցավն է միայն սփոփում,

Քանզի առողջներին

Բժիշկը չի այցելում

Ապակե ուրվականների

Քաղաքում։

11

Լքված ու հնացած սերերը

Վաղ լուսաբացին

Հավաքեց փողոցներից

աղբատարը

և տարավ Քաղաքից դուրս՝

թափելու։

Սիրո մասին ցավ հորինող,

Ցավի մասին սեր հորինող

Երազողները գնացին

Փշրված սրտերի դժոխքում

Ներշնչանք փնտրելու։

Պատվանդաներին,

Շրջանակի մեջ՝

Ժամկետնանց սիրո

Ողբերգությունն է.

ով, հմայված,

բոհեմական աչքեր,

որ դեռչ գիտեն

դժոխային գարշահոտը

անիծված ու լքված երազների։

12

Աստվածներից ու հրեշտակներից

Խռովելու ժամանակը

Գնաց տաճարների աղոթական

Լռությունն սպանելու:

Գոյության բոլոր երջանկություններից

Խռովելու ժամանակը,

Երակներում վխտացող ցնորքներն իր,

Գնաց անդունդից անդունդ

Կամուրջներին պատմելու:

Անկշռելի կարոտների ժամանակը

Տխուր նայեց լուսնից

Կապույտ մանկության

Ամառային լուսաբացին:

Հափշտակված ու սարսափած

Սպասումի ժամանակը

տեսավ, թե ինչպես,

աստղալույսերում խորը թաքնված

մոլորակներից,

մարգարեական մեր մենություն է

ապստամբում։

13

Բանականության շքահանդեսից

մինչև գիտակցության գերեզմանոց

արյունաքամ գազանի պես

ժամանակն է վազում

անցյալի և ապագայի ավերակներով։

Մենք զգացական ճիչն ենք աշխարհի,

Մենք բանականությունն ենք տիեզերքի՝

Իրականության ծուղակում։

Եվ ամենուր երազանքն ու սարսափը նույնն են.-

Ավարտ:

Եվ ամենուր իրականությունը մեկն է.-

Շարունակություն։

14

Փոշոտ ուրվականներ

Բաց լուսամուտներից

Հոսում են դեպի տները:

Ուժասպառ ու համառ

մարգարեներ`

սրբում են Բետոնե Կուռքերը,

որ փոշու մեջ

և փոշու տակ

կախարդում են առասպելով։

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *