ԲԵՐՔԻ ՏՈՆ` ԴԱՐԲԱՍ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

Աշնանային պայծառ գույներով եւ տոնական տրամադրությամբ ու հողի մշակի ստեղծած բերք ու բարիքով ծանրաբեռ սեղաններով` Դարբասում նշվեց բերքի տոն-ոսկե աշունը, որին մասնակցում էին Սիսիանի համայնքի Ձորերի ենթաշրջանի գյուղական բնակավայրերի, դպրոցների, մանկապարտեզների ներկայացուցիչներ, «Տատնի» ջրերի եւ պահածոների գործարանն ու «Մասրենի» առեւտրի կենտրոնը, Դարբասի արվեստի դպրոցի սաներն ու Արմաթ ինժեներական լաբորատորիայի անդամները` բարձրաձայնելու իրենց սերն` առ հողը, առ հայրենի բնօրրանը եւ առ երկիրը հայոց ու հավաստելու, որ հողը վարձահատույց է լինում իրեն սիրողին ու իրեն նվիրվողին:

Դարբասի հոգեւոր հովիվ Տեր-Ընծա Միրզոնանը նշեց, որ թեպետ տարվա բոլոր եղանակներն ունեն իրենց առանձնահատկությունը, բայց աշունը ամենագեղեցիկն է ոչ միայն իր գույներով, այլեւ` բերքի առատությամբ, եւ աշնանն է, որ գյուղացին հավաքում է իր քրտնաջան աշխատանքի, իր չարչարանքի պտուղը: «Այս ուրախալի տոնախմբումը իր մեջ կրում է բազում խորհուրդներ ոչ միայն զվարճանալու հավաքած բերքով եւ վայելելու, այլեւ` առ աստված ուղղված երախտագիտության գաղափարն է կրում, աստծուն պիտի փառք տանք ամեն ինչի համար, եւ քիչի, եւ` շատի, եւ ձգտենք ապրել բարեպաշտ կյանքով, որպեսզի միշտ մեր արտերի, դաշտերի, այգիների վրա իջնի աստվածային օրհնությունը, խաղաղությունը, որ միշտ մեր սրտից գոհություն եւ երախտագիտություն հղվի առ աստված»,– ասաց Տեր-Ընծան:

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը ողջունեց բերքի տոնի եւ ոսկե աշնան բոլոր մասնակիցներին: «Լինելով խոշորացված համայնք, նպատակ ունենք մեր միջոցառումները կենտրոնացնել ոչ թե մեկ համայնքում, այլեւ` տարածենք բոլոր բնակավայրերում եւ տարեկան մի գյուղում նշենք աշնան ու բերքի տոնը: Մեր բնակիչները այսօր հյուրասիրում են իրենց ստեղծածը: Կարծում եմ, որ պետք է բաժանեն, որ հաջորդ տարի ավելի շատ բերք ստանան»,- նշեց համայնքի ղեկավարը` շնորհակալություն հայտնելով բոլոր կազմակերպիչներին, վարչական ղեկավարներին, դպրոցներին:

Շամբ-Դարբաս բնակավայրերի վարչական ղեկավար Սաշա Ստեփանյանը նույնպես շնորհավորեց բոլորին` բերքի տոնի առթիվ, նշելով, որ այս օրը բոլորն օրհնում են բերքը,  հողը եւ փառք տալիս աստծուն, որ այն լինի առատ, իսկ բարիք արարող մարդը` հավատով կերտի իր եւ իր երկրի ապագան:

Ըստ Լորի դպրոցի տնօրեն Լիանա Գրիգորյանի` բերքի տոնի նպատակը Ձորերի ենթաշրջանի բնակավայերի եւ բնակիչների համախմբումն է: «Հույս ունեմ, որ կամաց-կամաց Լորն էլ կվերականգնի Ձորերի ենթաշրջանի` հոգեւոր եւ կրթական կենտրոն լինելու իր երբեմնի դերը եւ հաջորդ տարի ինքը կդառնա միջոցառման կազմակերպիչը»,-ասաց տնօրենը:

Դարբասի դպրոցի ուսուցչուհի Լուսինե Վարդանյանը ողջունեց տոնի կազմակերպումը, խորին երախտագիտություն հայտնեց բարերաներ Արամ եւ Արմեն Ստեփանյաններին, որոնց ջանքերով եւ կամեցողությամբ այս հեռավոր գյուղում ստեղծվել է արվեստի դպրոց, որտեղ գործում են ամենատարբեր խմբակներ, երեխաները կարողանում են ետ չմնալ մշակութային կյանքից, կազմակերպում են այսպիսի գեղեցիկ եւ հետաքրքիր միջոցառումներ, ինչը մեծապես նպաստում է գյուղի երեխաների մտահորիզոնը զարգացնելուն:

«Քանի որ Դարբասը միշտ ունեցել է իր կարեւոր դերը Ձորերի ենթաշրջանում, որոշեցինք վերականգնել այդ դերը եւ այստեղ համախմբել տարածաշրջանի բնակավայրերի բնակիչներին` Որոտանից մինչեւ Շենաթաղ»,- ասաց միջոցառման կազմակերպիչ, Դարբասի արվեստի դպրոցի գեղարվեստական ղեկավար, թանգարանի տնօրեն Դիանա Բախշյանը եւ շնորհակալություն հայտենց բնակավայրերի վարչական ղեկավարներին, դպրոցների տնօրեններին, Սիսիանի համայնքապետարանին ու բոլոր մասնակիցներին` բերքի եւ աշնան տոնը կայացնելու համար:

Համերգային ծրագրով հանդես եկան Դարբասի արվեստի դպրոցի երգի, պարի խմբերի սաները, մանկապարտզի երեխաները: Բերքի եւ աշնան տոնին առավել ակտիվ եւ ինքնատիպ ներկայացած բնակավայրերն արժանացան Սիսիանի համայնքապետարանի պատվոգրերի:

Հ.Գ. Տոնակատարությունը սկսելուց առաջ Դարբասի` իր տան բակում բացվեց արցախյան պատերազմի մասնկից, ապրիլյան քառօրյայի նահատակ Սեդրակ Ասրյանի հուշաղբյուրը, ինչն իր իմաստով ամբողջացրեց օրվա խորհուրդը, քանի որ հայրենյաց նահատակների սուրբ ու թանկ արյամբ է, որ հարատեւում է հայոց երկիրը, բերք է տալիս հայոց հողը եւ երկինք է բարձրանում հայոց օջախի ծուխը…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *