ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՎԵՍՏ Է…այսօր բուժաշխատողների օրն է

Հայաստան- Արցախ աշխարհի հարգարժան բժիշկներ, բուժքույրեր, բուժեղբայրներ, մայրապետներ, բժշկագիտության բնագավառում աշխատանքային գործունեություն ծավալած հարգարժան հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն, հաջողություններ՝ ձեր պատասխանատու և ամենամարդասիրական գործում:

Այսօր ավելի քան արդիական է երախտագիտորեն ջերմագին մաղթանքներ հղել նաև համայն աշխարհի բուժաշխատողներին ու բժշկագիտության բնագավառում իրենց գործունեությունը ծավալած բոլոր մասնագետներին, ովքեր օր ու գիշեր ձեր հետ միասին ջանք ու հնարավորություն չեն խնայում մեր ժամանակի նոր պատուհասի դեմ պայքարում: Ամենքիդ նաև նոր ավյուն ու առավելագույն տոկունություն եմ մաղթում այդ իրական մարտահրավերը հաղթահարելու գործում:

Շնորհավորանքս ու բարի – լավագույն մաղթանքներս եմ հղում ռազմաբժիշկական բնագավառում գործունեություն իրականացնող բուժաշխատողներին, հանձինս՝  Զանգեզուրի կայազորի և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալների անձնակազմերի, ովքեր իրենց նույնպես աստվածահաճո առաքելությամբ հոգ են տանում Հայ Զինվորի մարտունակ առողջության ու հաղթական ոգին անկոտրում պահելու համար:
Առանձնահատուկ շնորհավորանքս, ոգևորող մաղթանքներս ու երախտիքի խոսքս եմ հղում շտապ օգնության մեքենայով հիվանդին հասնող, վիրասրահում կյանքի ու առողջության համար պայքարող և վերակենդանացման բաժանմունքում մահվան դեմ կռիվ տվող բուժաշխատողներին:

Բուժաշխատողի տոնի, դրա նշանակության ու կարևորության մասին իմացականս ձևավորվել է ավելի քան կես դարյա բժշկագիտության բնագավառի վետերան մորս՝  Նազիկ Անուշավանի Հարությունյանի շնորհիվ, և այս տոնը աներկբա վերաբերում է նաև ինձ ու հարազատ- բարեկամներիս, և հազարավոր այն մարդկանց, ում հետ բարձր եմ գնահատում ճերմակ խալաթ կրողի նվիրական զբաղմունքը:

Այսօր էլ հերթական անգամ սրտանց, մի այլ ջերմ զգացողությամբ, ընտանյոք հանդերձ շնորհավորում եմ պահեստազորի բուժծառայության մայոր, կոչումով Բժիշկ Մամայիս, նրա բոլոր գործընկերներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի 1962-63 թ.թ. ուսումնական տարվա շրջանավարտներին, Սիսիանի բժշկական կենտրոնի ներկայիս ու նախկին բուժաշխատաողներին, բուժական գործի մեծ դարբնոց Երևանի` Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ողջ անձնակազմին: Համալսարանականներին շնորհավորում եմ նաև մեկդարյա Հոբելյանի առթիվ: Մաղթում եմ կրկին քաջ առողջություն և ամենայն լավն ու բարին:

Ժողովուրդ ջան, այսօր պիտի ազգովի երախտագետ լինենք ու մեր շնորհակալությունը հայտնենք ԲՈւԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ, քանզի նրանք արժանի են բարձր գնահատանքի: Եկեք ազգովի նեցուկ լինենք մեկս մյուսին, նաև՝ բուժաշխատողներին, պահպանենք հակահամաճարակային կանոնները և փրկենք ԿՅԱՆՔԵՐ:
Աստված թող պահապան ու օգնական լինի բոլորիս:

Тигран Линнерович Папикян-ի էջից

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *