ԲՅՈՐՆ (Էսսե)

Այսօր առավոտյան բացեցի աչքերս և ուրախացա: Հասկացա, որ ունեմ հնարավորություն` բացահայտումներ անելու, արարելու, ունենալու այն, ինչն ուզում եմ, պայքարելու, փոխելու այն ամենը, ինչն ինձ դուր չի գալիս: Զգացի, որ կա մի աշխարհ, որի տերը միայն ես եմ, և ուրիշ որևէ մեկն այնտեղ ազդեցություն չունի: Դա իմ ներաշխարհն է` լի արդարությամբ, մաքրությամբ, պարզությամբ, բարությամբ: Գիտեմ, որ այդ աշխարհը համատեղել, ներդաշնակ դարձնել արտաքին աշխարհի հետ երբեմն հեշտ չի լինելու կամ նույնիսկ չի ստացվելու, բայց կարևորը առկայությունն է հնարավորության, որը կոչվում է «կյանք»: Նաև ունեմ այս արտաքին աշխարհը ավելի լավը դարձնելու կարողություն: Իսկ դու՞, սիրելի´ ընթերցող, գնահատու՞մ ես այն, ինչ ունես:

Հեռուստացույցին ու համացանցին դեռ կհասցնեմ հետևել իննսուն տարեկանում: Սակայն հիմա, երբ կյանքը պայծառ պարուրել է շուրջս…

Լսում եմ թռչունների ճռվողյունը, ծառերի թեթև սվսվոցը, տեսնում եմ փթթող բնությունը, զգում եմ օրվա բույրը: Ես այն միշտ եմ զգում վաղ առավոտյան: Ինքս նախընտրում եմ այս իրականությունը և համացանցում անիմաստ «թափառելու» փոխարեն Էլվարդ տատիս հրավիրում եմ մեր տուն` միասին նախաճաշելու:

Քանի որ ինձ համար բառերով դժվար է արտահայտվել, ուստի ես գերադասում եմ վերաբերմունքով ցույց տալ, թե ինչքան եմ սիրում հարազատ մարդկանց:

Դու վերջին անգամ ե՞րբ ես հոգ տարել քո տատի, կամ, ընդհանրապես, որևէ մեկի մասին, ով ուշադրության կարիք ունի: Հավանաբար իմաստություն է պետք, որպեսզի հասկանանք, որ մյուսներին օգնելը նաև մեզ է երջանկացնում:

Վերջին անգամ ե՞րբ ես տատիդ համար որևէ ուտեստ պատրաստել և նրա հետ նախաճաշել: Ե՞րբ ես հարևան տատի որպիսությունը հարցրել և հետը անկեղծորեն զրուցել: Չէ՞ որ մարդիկ ծերանում են հիմնականում ոչ թե տարիքից, այլ անտեսվածությունից, անպիտանիության զգացումից, ձանձրույթից: Իսկ մեծահասակները, բակից բացի, գնալու տեղ չունեն: Դու այս մասին երբևէ մտածե՞լ ես և որևէ քայլ ձեռնարկե՞լ ես: Միայն չասես, թե ժամանակ չունես, որովհետև մարդը միշտ էլ ժամանակ գտնում է այն ամենի համար, ինչը կարևորում է: Իրական աշխարհի իրականության մի մասն ես և դու, ուստի ունես ի վերուստ քեզ տրված հնարավորություններ, առաքելություններ, պարտավորություններ: Դրանցից մեկը շրջապատող մարդկանց և բնության մասին հոգ տանելն է: Դա այնքան պարզ է, գեղեցիկ ու հաճելի: Նա, ով զգացել է որևէ մեկի համար բարի գործ կատարելու ուրախությունը, ինձ կհասկանա:

Բոլոր մարդիկ ավելի շատ կարիք ունեն հասկացված ու սիրված լինելու, քան` հացի: Չեմ կարծում, որ անտրամադիր, ընկճված, անտեսված մարդը սնվելու ախորժակ կունենա:

Նախաճաշին տատիս հետ ուտում եմ իր սիրած բրնձով փլավը, որն այսօր պատրաստել եմ` հավելելով ամենակարևոր բաղադրիչը` մարդկային սովորական ու պարզ սերը: Ամենակարևորն այն է, որ իմ կողմից սովորաբար ոչ նախընտրելի կերակուրն այժմ ախորժակով ուտում եմ տատիս հետ` զրուցելով մեր գյուղի հին սովորույթներից, ավանդույթներից, իր երիտասարդ տարիների դժվարություններից ու ձեռքբերումներից:

Սիրում եմ ժամանակս հատկացնել մարդկանց, ովքեր դրա կարիքը ունեն, սիրում եմ իմ ընկերակցության կարիքը զգացող մարդկանց, սիրում եմ կյանքը: Իսկ դու՞:

Եվս մեկ հարց, որը կարող է ճակատագրական դառնալ և ապահովել մարդկային առաջընթացդ կյանքում: Այս իրական ու հետաքրքիր աշխարհում դու երբևէ տեսե՞լ ես հեքիաթի հրաշալի հերոսին: Զարմանու՞մ ես, թե ինչպես կարող էիր տեսնել այն հերոսին, ով հեքիաթից է: Իսկ տեսե՞լ ես նույնքան իրական հերոսին, որքան իրական են այս տողերն ու այս գիրքը:

Կան մարդիկ, ովքեր հեքիաթի հերոսին տեսել են հայելու մեջ: Կան նաև այնպիսիք, ովքեր տեսել են իրենց շրջապատում… Իսկ նրանք, ովքեր տեսել են թե´ հայելու մեջ, և թե´ իրենց շրջապատում, երջանիկներից են:

Ես հեռավոր մի երկրում հեքիաթի հերոսին տեսելու երջանկություն եմ ունեցել:

… 2018 թվականի հունիսյան խոստումնալից առավոտ էր: Մեկ ամսով ՌԴ Պենզա քաղաքում էի: Ամառային այդ պայծառ օրն առավոտյան խոհանոցում աշխատելիս դանակով երկու մատներս միանգամից վնասեցի: Ցավն ուժգին էր: Արյունը չէր դադարում: Թուլացա, ընկա բազմոցին, արտասվեցի: Մենակ էի տանը. մեկը չկար, որ կիսեր ապրումներս, և պարզապես իմանայի, որ մոտս մարդ կա: Որովհետև ինչ էլ որ պատահի, մարդն իրավունք չունի մենակ մնալու:

Զգաստացա, վեր կացա, քանի որ Նատալիայի (ՌԴ Պենզա քաղաքի «Դելովոյ» երիտասարդական ամսագրի խմբագրի, հեռուստատեսային լրագրողի) հետ անտառում հանդիպելու պայմանավորվածություն ունեի: Անտառում Նատալիան իր որդու, իր հաղորդման հերոսուհու և օպերատորի հետ էր լինելու: Ես առաջին անգամ էի գնալու այդ անտառ: Մատներս վիրակապեցի, տեսքս կարգի բերեցի: Հարդարվելիս հայելու դիմաց երկար չմնացի. համոզված էի, որ եթե նույնիսկ կատարյալ չեմ, ապա հաստատ լավն եմ և հեքիաթային:

Անտառը հեշտ չգտա. այն իմ պատկերացրածից բավականին հեռու էր: Նախ զբոսայգի էր, իսկ հետո զառիթափ ճանապարհ, որը տանում էր անտառ: Սաղարթախիտ անտառին շքեղություն էին հաղորդում երկնասլաց կեչիները: Շիկահեր, կապուտաչյա ու գեղեցկադեմ Բյորնը (Նատալիայի ութամյա որդին) եկավ ինձ ընդառաջ: Մենք միացանք մյուսներին: Բյորնը ծարավ էր, և Նատալիան, ով այդ պահին խիստ զբաղված էր հաղորդման նկարահանման ընթացքով, ինձ խնդրեց, որ Բյորնին ուղեկցեմ մոտակայքում գտնվող «Թեյնիկ» կոչվող աղբյուրի մոտ: Ես և Բյորնը ճանապարհ ընկանք: Անտառը չէր վերջանում: Ծառուղին տեղ-տեղ նոսրանում էր: Ճանապարհն ուրվագծվում էր, բայց «Թեյնիկ» աղբյուրը չէր երևում: Մի անցորդի հանդիպեցինք: Խնդրեցինք բացատրել, թե ինչպես կարող ենք հասնել աղբյուրին: Քայլեցինք անցորդի ասած ուղղությամբ: Վերջապես տեսանք փոքրիկ փայտե նստարան, որի աջ կողմում գտնվում էր փորի վրա շրջված հսկայական փայտե տակառը, որի հատակին բացված անցքին ամրացված ծորակից էլ թափվում էր ջուրը: Տակառի ստորին հատվածում գրություն կար, ըստ որի, ապահովության համար, անհրաժեշտ էր միայն եռացնելուց հետո խմել ջուրը: Այդ գրությունը առաջինը Բյորնը կարդաց և հուսահատ տեսքով կանգնեց: Աղբյուրի վրա նման գրություն տեսնելը ինձ համար տարօրինակ էր: Ես Բյորնին առաջարկեցի այդքան ճանապարհն անցնելուց հետո նստել նստարանին, մի քիչ շունչ քաշել:

Նստելուց հետո նկատեցի, որ նստարանի դիմաց ընկած տարածքում ջրավազան կա: Երեխաներ ու երիտասարդներ էին լողում: Հանկարծ ինչ-որ տեղից դիմացի ճանապարհով մի տատիկ եկավ` իր հետ բերելով անվավոր փոքրիկ սայլակ, որի վրա ջրի երկու հատ դատարկ տարաներ էին: Տատիկը, սայլակի երկաթե բռնակից քաշելով, մոտեցավ աղբյուրին: Նա վերցրեց տարաներից մեկը և սկսեց լցնել: Ես մոտեցա տատիկին: Նա մոտ յոթանասունհինգամյա կին էր: Բարևեցի և հարցրեցի, թե իսկապե՞ս ջուրը խմելու համար պիտանի չէ: Տատիկը պատասխանեց, որ ինքը հիմնականում թեյ է օգտագործում, ջուրը եռացնում է, նոր օգտագործում, իսկ ահա աղբյուրի վրա գրված է, որ ջուրը պետք է եռացնել: Շնորհակալություն հայտնեցի, վերադարձա Բյորնի մոտ ու նորից նստեցի նստարանին:

Երբ տատիկը ջուրը լցրեց, վերջացրեց, մոտեցավ մեզ:

-Աղջիկդ կարող է այնտեղից ջուր խմել: Ես տեսել եմ, որ ուրիշ մարդիկ երբեմն խմում են, հավանաբար լավն է, թող երեխադ ծարավ չմնա,- ասաց նա ինձ:

-Ես տղա եմ,-ասաց Բյորնը:

-Նա ընկերուհուս որդին է,-ավելացրեցի ես:

-Աա՜,-զարմացավ տատիկը,- շատ գեղեցիկ է ու քեզ շատ նման է,-ապա Բյորնին հարցրեց անունը:

-Բյո՛րն,-պատասխանեց փոքրիկ ուղեկիցս:

-Բյո՞րն… հետաքրքիր անուն է, բայց ոչ ռուսական:

-Այո՛, նորվեգական անուն է, նշանակում է «արջ»,-պատասխանեց Բյորնը:

-Իսկ քո ամուսինը մոտակա քաղաքու՞մ է աշխատում,- հարցրեց տատիկը ինձ:

-Ես դեռ ամուսնացած չեմ և մոտակա քաղաքում  հյուր եմ,-պատասխանեցի:

-Շատ լավ: Եկել ես ընկերուհուդ մո՞տ: Իսկ որտեղի՞ց ես:

-Այո՛, այստեղ Բյորնի մայրիկն է ինձ հյուրընկալել: Հայաստանից եմ:

Ես տատիկին ներկայացրեցի իրենց երկրի մասին իմ տպավորությունը: Բյորնը այդ ընթացքում Թեյնիկ աղբյուրից ջուր խմեց: Հետո տատիկը մեզ պատմեց իր խնդիրների մասին.

-Իսկ ես արդեն երկար ժամանակ է, որ տանը ջուր չունեմ: Հարևանս է կտրել: Երբ նա նոր էր տեղափոխվել իմ հարևանությամբ գտնվող տուն, ուզում էր ինձնից իմ տունը գնել ու դառնալ այս անտառի բնակելի ողջ տարածքի տերը ու միակ տնտեսությունը` իր ընտանիքով: Տեսավ, որ չեմ համաձայնում վաճառել տունս, որոշեց ինձ տհաճություն պատճառել` կտրելով ջուրս, որպեսզի ստիպված փոխեմ տունս իրեն չվաճառելու որոշումս: Ես գիտեմ, որ հենց այնպես ջուրը չէր կտրվի: Հատկապես ձմռանը ստիպված եմ լինում դժվարությամբ ջուր կրել այստեղից: Բյո՛րն, հայրիկդ կարո՞ղ է ինձ օգնել` լուծելու այս խնդիրը, որպեսզի տանը մշտական խմելու ջուր ունենամ:

– Հայրիկս ամեն ինչ էլ կարողանում է: Ձեզ կօգնի, տատի՛կ,-անմիջապես պատասխանեց փոքրիկ ու բարի Բյորնը, ով շատ էր ուզում օգնած լինել մեզ հանդիպած տատիկին:

Տեսնելով իմ ու Բյորնի անկեղծությունը, անշահախնդրությունն ու իր խնդիրների հանդեպ սրտացավությունը` սկզբում կասկածամիտ տատիկը արդեն սկսեց վստահել մեզ ու անկեղծացավ.

-Ես որդի, թոռ և Բյորնի տարիքի ծոռ ունեմ, ովքեր բնակվում են քաղաքում: Ինձ հիշում են միայն կենսաթոշակ ստանալուս օրերին, որպեսզի գումարը վերցնեն ու իրենց համար կերուխում կազմակերպեն: Թոռանս կինը ամեն ամսվա կենսաթոշակ ստանալուս օրը զանգահարում է ինձ և գումար պահանջում: Բայց ես ինչպե՞ս կարող եմ նրան տալ այդ գումարը, քանի որ ինքս դրանով եմ ապրում: Եվ երբ սկսեցի հրաժարվել իմ ծերության թոշակից գումար տալ թոռանս ու նրա կնոջը, ինձ ընդհանրապես մոռացան: Այս տունն իմ մահից հետո իրենց է մնալու, բայց նրանք դա չեն հասկանում: Բյո՛րն, հայրիկիդ համոզիր հա՞, որ կարգավորի դեպի իմ բակ եկող ջրի մատակարարումը: Անհրաժեշտ բոլոր պարագաները խանութից արդեն գնել, բերել եմ:

-Մի՛ անհանգստացեք, տատի՛կ, կհամոզեմ:

-Շատ բարի ու խելացի տղա ես երևում: Այ եթե հայրիկդ ինձ համար նաև իմ ամենօրյա սնունդը գնի ու բերի, ես իմ տունը կնվիրեմ ձեզ: Ամեն անգամ ինքս դժվարությամբ եմ հասնում մոտակա քաղաքի խանութ:

-Մենք տուն ունենք, տատի՛կ, դրա կարիքը չկա: Իսկ հայրիկս ինչով հնարավոր է կօգնի,-պատասխանեց Բյորնը:

Ինձ համար անհասկանալի էր անտառի տատիկի հարազատ որդու ու թոռան նման պահվածքը:

Տատիկը մեզ առաջարկեց միասին գնալ և տեսնել անտառի խորքում գտնվող իր տունը: Ինձ թվում էր` փոքրիկ Բյորնը կխուսափեր հասնել այնտեղ: Բայց, ի զարմանս ինձ, նա ասաց, որ ուզում է գնալ տատիկի հետ և վստահեցրեց, որ ինքը կհիշի հետդարձի ճանապարհը: Այդ պահին նա այնքան քաջ էր ու անվախ, որ ես համաձայնեցի, ու երեքով գնացինք: Տատիկին խնդրում, համոզում էի, որ իր ջրի տարաները, կամ գոնե տարաներից մեկը տար ինձ, որպեսզի օգնեի տեղափոխել, բայց նա համառորեն չէր համաձայնում: Ես ամաչում էի, որ դատարկ ձեռքերով քայլում էի իր կողքով: Բայց ի՞նչ արած:

Տեղ հասանք: Դա ոչ մեծ փայտե մի տնակ էր` շրջապատված փոքրիկ հողատարածքով: Հենց տնակի հետևում էլ հարևանի տունն էր: Երկու տներն այնպես էին կառուցված, որ  կարծես թե մեջքով իրար շրջված լինեին` չնայած ընդամենը մի պատ էր բաժանում նրանց:

Տատիկը սկսեց բացատրել, թե որքան տարածքն է իրենը, որ մասից է սկսվում հարևանի տունը, ժամանակին որտեղից էր գալիս իր տան ջուրը: Բյորնը մեծ ու հասուն մարդու նման ընկալում էր տատիկի հաղորդած ողջ տեղեկատվությունը և այն մանրամասնող հարցեր տալիս:

Բյորնը վստահեցրեց տատիկին, որ ինքն իր հայրիկին կհամոզի` լուծել այդ խնդիրը և ինչով հնարավոր է`օգնել: Տատիկն առաջարկեց ներս մտնել և իր տանը մեկ բաժակ թեյով հյուրասիրվել, բայց մենք հրաժարվեցինք ու վերադարձանք Նատալիայի մոտ: Նկարահանումը դեռ չէր ավարտվել:

Բյորնի շնորհիվ, ինչպես օրեր անց Նատալիայից տեղեկացա, լուծվեց անտառաբնակ տատիկի ջրի հարցը. Բյորնի հայրիկը օգնեց: Բայց եթե Բյորնը մեծ լիներ, ապա ինքն անձամբ դա կաներ:

Ինչպես անտառի տատիկի, այնպես էլ բոլոր մարդկանց կյանքում լինում են դժվարին ժամանակահատվածներ: Եվ հենց այդ պահերին է, որ ամենաշատը կարիք է լինում ինչ-որ մեկի ներկայության ու աջակցության, թեկուզ` մեկ դրական բառով: Այդ իրավիճակներում է, որ մարդիկ իրենց հանդեպ բարյացակամ և իրենց համար հոգեհարազատ մարդկանց կարիքն են ունենում: Ու չզգալով, չտեսնելով նրանց ներկայությունը իրենց կողքին` ավելի ծանր վիճակում են հայտնվում: Իսկ միգուցե մարդկանցից չպետք է ակնկալել ավելին, քան նրանք ընդունակ են: Կա՞ն սահմանափակ ընդունակություններ թե ոչ, հարց է: Բայց եթե բոլորը միանշանակ լավը լինեին, ապա չէր լինի ու չէր գնահատվի լավագույնը: Հնարավոր է նաև, որ ոչ բոլորն են ուզում լինել լավն ու լավագույնը:

Բայց կան մարդիկ, ովքեր մեկ անգամ օգնելով` ընդմիշտ շահում են մյուսների օգնությունը կամ հավիտյան դառնում նրանց բարեկամը:

Ինքս չեմ կարող մոռանալ իմ նկատմամբ դրսևորված անգամ մի մանանեխի հատիկի չափի  բարությունը: Իսկական բարությունն այն է, որ դիմացինին օգնում ես, երբ նրանից շահ չունես ստանալու:

Այսօրվա պես հիշում եմ բակալավրիատում ուսումնառությանս տարիներին ինձ իր տանը հյուրընկալած Սիրանուշ տատիկիս հոգատարությունը: Նա մայրիկիս հորեղբոր կինն էր, բայց ինձ վերաբերում էր ինչպես հարազատ թոռան: Ամեն պայման ապահովում էր, որպեսզի սովորեի ու գերազանց սովորեի: Չէր թողնում, որ անգամ իմ կերած սննդի ափսեն լվանայի: Ինքն իրեն զրկում էր հեռուստացույց նայելուց, միայն թե ինձ ոչինչ չխանգարեր քննություներիս պատրաստվելու: Ամեն հաջող քննությունից հետո մոր նման համբուրում էր ճակատս: Իսկ դիպլոմս ստանալուց անսահման ուրախացել էր: Ինքն ուսյալ, մասնագիտական երկար ու փայլուն ուղի անցած կին էր և գրեթե ամեն օրս համեմում էր իր ուսանողական ու աշխատանքային տարիների հետաքրքիր պատմություններով: Այն ամենի դիմաց, ինչ նա անում էր ինձ համար, ես ընդամենը մի բան էի կարողանում անել ութսունամյա իմաստուն կնոջ համար. հիացմունքով լսում էի նրա կյանքի հետաքրքիր պատմությունները: Բայց նույնիսկ դա էր իմ օգտին, որովհետև լսում էի այն ամենը, ինչն ինձ համար հետաքրքիր, կարևոր ու ուսուցողական էր: Սիրանուշ տատը շատերին էր օգնում, նրա յուրաքանչյուր  բառն էր իմաստուն:

Իսկ դու՞: Դու քո խոսքով ու գործով ու՞մ ես օգնել ամենաանհրաժեշտ պահին: Միգուցե դեռ կարո՞ղ ես օգնել: Չե որ այս գրքի հերոսը կարող էիր լինել դու` ճիշտ պահին, ճիշտ տեղում, ճիշտ ձևով դրսևորվելով:

Ես լավ լուր ունեմ քեզ համար. եթե դու իսկապես կամենում ես լինել բարի, օգնության հասնել մարդկանց, դառնալ այսպիսի մի գրքի հերոս, ապա դա նշանակում է, որ դեռ ուշ չէ: Քանզի եթե կարդում ես այս տողերը, ուրեմն դեռ ողջ ես ու հնարավորություն ունես դառնալու այնպիսին, ինչպիսին ուզում ես, անել այն, ինչ կարող ես, որովհետև ելք չկա միայն դագաղից: Բայց որևէ մեկը չգիտի, թե երբ ինքն այնտեղ կհայտնվի, ուստի պետք է սկսել հենց հիմա…

…Մինչ ոմանք համացանցում զբաղված են ժամանակը «սպանելով»` ժամանակն ու համացանցն իրենք են «սպանում» նրանց:

Դիանա ԲԱԽՇՅԱՆ

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *