ԳԻՏԵԼԻՔԸ ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔՆ Է

Դպրոցականների գարնանային արձակուրդները բովանդակալից եւ արդյունավետ անցկացրեցին Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները: Համակրգչային խմբակի ղեկավարի եւ կենտրոնի` գրադարանի խորհրդի անդամների նախաձեռնությամբ կազմակերպվեց ներխմբակային ինտելեկտուալ-խաղ մրցույթ, որին մասնակցեց 7 թիմ: ՄՊՍԿ համակարգչային խմբակավար եւ գրադարանավար Մարինե Մարտիրոսյանը, ողջունելով խաղ-մրցույթի մասնակիցներին, ժյուրիի անդամներին եւ ներկաներին, շնորհակալություն հայտնեց մասնակցության եւ խաղ-մրցույթին առավել դիտարժանություն հաղորդելու համար, մասնավորապես նշելով, որ իրենց նպատակը սաներին դեպի գիտությունը, դեպի միտքը եւ իմացությունը մղելն է, քանի որ գիտելիքն է, որ ստեղծում է բոլոր ժամանակների մտավոր եւ հոգեւոր արժեհամակարգը: «Հացից հետո ամենակարեւորը գիտելիքն է, քանի որ գիտելիքը մարդու ամեանհզոր ուժն է, իսկ մեր նպատական է մեր կենտրոնի սաներին տանել գիտելիքի ճանապարհով»,-ասաց Մարինե Մարտիրոսյանը:

 Խաղ-մրցույթին մասնակցած բոլոր թիմերից յուրաքանչյուրը ջանում էր ժյուրիի անդամներին ներկայանալ առավել պատրաստված ու ասելիքով:

Տպավորված խաղ-մրցույթից, ժյուրիի անդամ, Սիսիանի համայնքապետարանի մշակույթի եւ կրթության բաժնի պետ Նարա Հովհաննսիյանը, շնորհակալություն հայտնելով ինտելեկտուալ միջոցառման կազմակերպիչներին, հայտնեց իր գոհունակությունը, միաժամանակ նշելով, որ կարելի էր եւ հնարավոր էր հարցերը նախապատրաստել եւ ձեւակերպել ավելի խորը եւ տարողունակ, որ պատասխանները լինեին ավելի բովանդակալից, ասելիքով, ընդգրկուն, այլապես միայն «այո» եւ «ոչ» պատասխաններից դժվար է իմանալ մրցույթի մասնակցի պատրաստվածությունն ու իմացության աստիճանը:

Կարեւորն այն էր, սակայն, որ ինտելեկտուալ խաղ-մրցույթի մասնակիցներն իրենց դպրոցական արձակուրդները մաշեցին ոչ թե աննպատակ, այլ կարողացան այն դարձնել հետաքրքիր` հարստացնելով իրենց գիտելիքների պաշարը:

Ըստ ժյուրիի գնահատականների` խաղ-մրցույթի մրցանակային երեք տեղերը գրավեցին եւ պատվոգրերի արժանացան ասմունքի, հելունագործություն եւ համակարգչային խմբերի թիմերը: Մյուս թիմերը եւ նրանց խմբակավարները ստացան շնոհակալագրեր, որոնք հանձնեց կենտրոնի տնօրեն Հենրիկ Մարտիրոսյանը:

Խաղ-մրցույթը վարեցին գրադարանի խորհրդի նախագահ Նաիրին եւ խորհրդի անդամ Լիլիթը: «Այն, ինչ մենք գիտենք, պետք է ծառայի մարդկության ստեղծագործական նպատակներին: Գիտելիքները կուտակելը քիչ է, հարկավոր է նաեւ դրանք տարածել եւ կիրառել կյանքում»,- նշեց մրցութվար Նաիրին:

Խաղ-մրցույթը երբեմն- երբեմն ընդմիջվում էր կենտրոնի ժողովրդական եւ ժամանակակից պարերի եւ ասմունքի խմբակների սաների գեղարվեստական կատարումներով:

«Որոտան»

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *