ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ` ՍԻՍԻԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Նոր ուսումնական տարին, գիտելիքի եւ դպրության իմաստավորմամբ ու նոր հաջողություններ արձանագրելու հավաստիացմամբ, մեկնարկեց նաեւ Սիսիանի ավագ դպրոցում:

Գիտելիքի օրը գեղեցիկ առիթ դարձավ մեկ անգամ եւս ի մի բերելու, բարձրաձայնելու այն ձեռքբերումները, որ արձանագրել են դպրոցի աշակերտներն ու մանկավարժները անցած ուսումնական տարում, ինչպես հնչեց դպրոցի` տոնականորեն զարդարված բակում, եղել է արգասաբեր:

2018-2019 ուստարում Սիսիանի ավագ դպրոցն ավարտել է 127 շրջանավարտ, որի 80- %-ը հաջողությամբ է հանձնել միասնական քննությունները: Նրանցից 35-ը անվճար կրթությամբ ընդունվել են հանրապետության տարբեր բուհեր: ՖԼԵՔՍ ծրագրով մեկ հոգի սովորում է ԱՄՆ-ում:

Գերազանց առաջադիմությամբ դպրոցն ավարտել է 69 աշակերտ, գերազանցության մեդալի է արժանացել 9-ը շրջանավարտ, հանրապետական առարկայական օլիմպիադային մասնակցած 16 աշակերտից 5-ը ճանաչվել է հաղթող: Նախորդ ուսումնական տարում 10-11-րդ դասարանների 42 աշակերտ ուստարին ավարտել է գերազանց առաջադիմությամբ:

Շնորհավորելով գիտելիքի եւ դպրության տոնը` Սիսիանի ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանը նշեց, որ գիտելիքի օրը առանձնահատուկ տոն է Սիսիանի ավագ դպրոցի համար, որովհետեւ այստեղ հարգվում է իսկական կրթությունը: «Նոր ուստարին պարտավերցնող է բոլորիս համար, որովհետեւ կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս հետեւողական աշխատանքից եւ նվիրումից»,- նշեց տնօրենը, հավելելով, որ դպրոցը 2018-2019 ուստարում հսկայածավալ աշխատանք է կատարել, իրականացնելով  Հայաստանի Հանրապետության հանրակրթական բոլոր ծրագրերը` սկսած ռազմահայրենասիրական դաստիարակությունից մինչեւ աշխատանքային դաստիարակություն: Տնօրենը հավելեց, որ սկսվում է նոր որոնումների, նոր հանդիպումների, գիտության նոր գաղտնիքների բացահայտումների ժամանակը: Երկրի ապագան համարելով կիրթ եւ ուսյալ հասարակությունը, Նաիրա Ներսիսյանը ի մասնավորի նշեց, որ առողջ մտքի եւ ստեղծագործական մտածողության առկայության պարագայում միայն կարելի է ձեւավորել ցանկացած առաջընթաց: Հենց դրանով էլ գնահատվում եւ արժեւորվում է դպրոցը եւ կրթության դերը:

Արդեն ավանդական է դառնում Սիսիանի համայնքի դպրոցներում գիտելիքի եւ դպրության օրը Սիսիանի զորամասի զինվորների եւ զինվորական նվագախմբի պատվո ներկայությունը, ինչը սրի եւ գրչի հարատեւ միասնության ու հավասարազոր կարեւորության առհավատչյան է մեր պատմության եւ մեր լինելիության հարատեւումի մեջ:

Ողջունելով ներկաներին եւ շնորհավորելով գիտելիքի օրվա առթիվ` Սիսիանի զորամասի զինծառայող շարքային Գրիգորյանը նշեց, որ իրենք` զինվորականները, շատ են կարեւորում հասարակության յուրաքանչյուր ոլորտի, հատկապես` դպրոցի եւ աշակերտների հետ համագործակցությունը, քանզի ոչ միայն հրամանատարների եւ զինվորների համառ աշխատանքի, այլեւ հասարակության հետ համատեղ ջանքերի շնորհիվ է այսօր հայոց բանակը հասել պատրաստության բարձր աստիճանի, ու ամեն օր, ամեն ժամ հաստատում է երկրի սահմաններում` հուսալիորեն պաշտպանելով մեր ժողովրդի խաղաղ արարումը: «Գիտելիքը ուժ է, մտքի զորություն, գիտելիքը լույսի աղբյուր է, հոգեւոր սնունդ»,– նշեց շարքային Գրիգորյանը` միասնականության, համախմբումի, հայրենիքի հանդեպ անսպառ սիրով տոգորվելու հորդորով:

Ավագ դպրոցի նոր սերունդը, գիտակցելով իր առջեւ դրված պատասխանատվությունը եւ դերը իրականացվող նոր կրթության մեջ, հանդիսավոր կերպով երդվեց դպրոցում անցկացրած յուրաքանչյուր օրը ծառայեցնել նոր գիտելիքների կուտակմանը, դառնալ պետական մտածելակերպ ունեցող եւ ապագայի մարտահրավերներին պատրաստ մարդ իր երկրի համար…

Գեղեցիկ կատարումներով հանդես եկան դպրոցի աշակերտները եւ դպրոցի սաներից կազմված` ազգագրական պարերի «Որոտնա» խումբը, որը դարձել է նաեւ սիսիանյան մշակութային կյանքի անքակտելի մասնիկը:

«Որոտան»

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *