Գունեղ դիմանկար` չխամրող գույներով

Երկար ժամանակ չէինք հանդիպել, ու երեւվի դա էր պատճառը, որ միանգամից բացվեց հիշողությունների կծիկը…

Անափ էր հուզմունքս, անասելի` ապրումներս, երբ իմացա, որ ավագ գործընկերս` Սելբերտ Շաբանյանը, սեպտեմբերի 18-ին տոնելու է ծննդյան 75 ամյակը: Որոշումս ինքնաբուխ էր ու աներկբա` ջերմ, հոգեպարար խոսքեր հղել, յուրատեսակ գնահատանքով շնորհավորել բազմավաստակ մանկավարժին, մի մարդու, ով փորձել է ողջ բավանդակ կյանքը յուրովի «հոլովել» այնպես, որ սիրասուն սաներն զգան հոգու եւ մտքի տաք ջերմությունը, ու այս ամենն իր համեստ, անխոնջ ու անդուլ աշխատանքի շնորհիվ:

Զարմանալ կարելի է Սելբերտ Շաբանյանի կենսախնդությամբ, որով էլ նա երկար ու ձիգ տարիներ մտել է «լույսի կաճառ», «խնդության օրոցք»` դպրոց-դպրատուն, մտել է այն հաստատ համոզմամբ, որ հայեցի կրթությունն ու դաստիարակությունն այնքան անհրաժեշտ են հոգեւոր հայրենիքին, որ սրբության սրբոց մայրենին օրհներգ է, այն աղարտելը` հանցանք, որ հայոց լեզուն մաքրամաքուր, սահուն, հստակ հնչեցնելը պատիվ է…

Քանի՜-քանի զանգի ղողանջ եք լսել, քանի՜ զանգի ղողանջով դասարան մտել, սերունդ կրթել, քանի սերնդի մտքի ու հոգու թարգմանն ու դաստիարակը դարձել… Անչափելի է, անհաշվելի…

Բայց հաստատուն է եղել ձեր սկզբունքը, քանզի համոզված եք եղել, որ ձեր կրթած սաները հաղթելու են ցանկալի երթում, քայլելու են անվարան` գերադասելով լավը, վեհը, գեղեցիկը, կարեւորը, հաղթականը…

Գնահատանքի, պարգեւների, կոչումների պակաս հաստատ չեք ունեցել, քանզի եղել եք կայուն, հաստատուն գիտելիքներ հաղորդող մանկավարժ, հայեցի կրթության եւ դաստիարակության ջատագով, բայց ամենամեծ պարգեւն ու կոչումը մշտապես համարել եք ուսուցիչ լինելը:

«Գիտության անհուն, ամեհի օվկիանոսում» նավարկել եք ավելի քան կես դար, եղել են, անշուշտ, «նավաբեկություններ», սակայն ձեր առագաստն ամեն անգամ խաղաղ ափ եք հանել` հոգու եւ մտքի վառ լույսերը դարձնելով փարոս, լուսավորելով սիրասուն սաների անհատնում ուղին:

Հարցերիս տարափը մխրճվում է հիշողությունների անսկիզբ ու անվերջ շղթայի մեջ, փորփրում կարմիր խոհերի պայծառ ու մնայուն էջերը, որոնց ամենակուռ օղակը, թերեւս, մշտարթուն, հավերժախոս մայրենին է` հայոց լեզուն, որը լույս-փարոս է բազում սերունդների ճանապարհին: Ինչպես չհիշել տետրերի ճերմակ տողատակերը, ուր անգամ ուղղումները չեն ընկճել աշակերտին, ավելին` թեւ են տվել` դառնալով հզոր «զենք»` գիտելիք, իսկ հետո` սեր, կարոտ, հուշ…

Անցած տարիները թեեւ դարձել են պատմություն, բայց նույն խանդավառությամբ ուղեկցում են Սելբերտ Շաբանյանին, օգնում ապրել այնպես, ինչպես երեկ, ու այն հարցին, եթե մեկ անգամ էլ աշխարհ գար, եթե նորին գերազանցություն ճակատագիրը մասնագիտություն ընտրելու երկընտրանքի առաջ կանգնեցներ, նորից նախապատվությունը կտար ուսուցչի մասնագիտությանը, քանզի ավելի քան համոզված է, որ մանկավարժությունը ազգանվեր, պատվաբեր առաքելություն է, որտեղ իրար են «բախվում» այնքան ցանկալի անբասիր, ազնիվ, մաքրամաքուր մարդկային որակները, խաչվում կթրության եւ դաստիարակության ուղիները…

Մանկավարժական ողջ գործունեության ընթացքում հանրությանը քաջածանոթ ուսուցիչ Սելբերտ Շաբանյանը կարողացավ ապացուցել, որ բազում պաշտոնների «հիթ շքերթում» ամենապաշտոնն ուսուցչինն է, որի մեջ էլ ամփոփված են իր խոհերն ու անուրջները, հույսն ու հավատը, չիրականացած երազանքները, որոնած-գտածը, ուրախությունն ու հպարտությունը…

Որքա՜ն է պատահել, որ հարկ է եղել մոռանալ ժամ ու ժամանակ, կիսել երեք զավակների հոգսը, դպրոցի եւ ընտանիքի միջեւ հավասարության նշան դնել… Ու այդ ամենը` անտրտունջ, ուսուցչին վայել, որովհտեւ մանկավարժն առաջին հերթին կենդանի օրինակ է, որը պետք է քայլի ժամանակին համահունչ, անի հնարավորն ու անհնարինը` ի նպաստ դպրոցի, կրթության…

Երբեք չի պարծեցել, երբ որակել են որպես գիտելիքառատ մանկավարժ, բայց հպարտացել է յուրաքանչյուր սանի աննշմար հաջողությամբ իսկ:

Հատորյակներ կարելի է կազմել Շաբանյան-մանկավարժի հարուստ կենսագրության մասին, բայց ես ավելի քան լիահույս եմ, որ այս փոքրիկ ակնարկի տակ կստորագրեն բազում սերունդներ:

Ամեն անգամ, երբ հերթական անգամ բացվի սեպտեմբերյան այգը, երբ երգ-ղողանջները ազդարարեն նոր ուսումնական տարվա սկիզբը, խորախորհուրդ առաջին զանգը Սելբերտ Շաբանյանի համար կհնչի այնպես, ինչպես տարիներ առաջ, կհնչի ու կպատմի Շաբանյան-մանկավարժի, Շաբանյան-մարդու մասին, իսկ նրա մշտարթուն հոգում մանկան ծիծաղի պես զիլ ու զորեղ կզնգա հարյուրավոր սաների ձայն-արձագանքը` շնորհակալություն, ընկեր Շաբանյան, որ հատկապե´ս Դուք եք եղել մեր ուսուցիչը:

Շնորհավոր տարեդարձդ, հավերժ ուսուցիչ Սելբերտ Շաբանյան, թող դարեր ապրի ձեր չխամրող վաստակը, դառնա ուղենիշ շատ-շատերի համար: Ձեզ անսպառ եռանդ, քաջառողջություն, արեւաշտություն…

Քառատրոփ թռչող կյանքում կան շատ մնայուն արժեքներ, մնայուն մարդիկ, վկան` վաստակաշատ մանկավարժ, կոչումով ուսուցչապետ Սելբերտ Շաբանյանի գունեղ դիմանկարը` չխամրող գույներով…

Էվելինա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *