Գրիգոր (Գրիշա) Ղարիբյանի գեղանկարների ցուցահանդեսով մեկնարկել է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում ԵՊՀ դասախոսների և ուսանողների ձեռագործ աշխատանքների և ԵՊՀ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիգոր (Գրիշա) Ղարիբյանի գեղանկարների ցուցահանդեսով այսօր մեկնարկեց ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ պրոռեկտորներ Ռաֆայել Բարխուդարյանը, Էլինա Ասրիյանը, Արթուր Իսրայելյանը, Արարատ Մալխասյանը, Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դեկաններ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի դոցենտ, քանդակագործ Միսակ Մելքոնյանը, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր ՀՀ այլ բուհերից:
Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը մեկնարկեց ԵՊՀ հիմներգով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը. «Սիրելի՛ ներկաներ, այս միջոցառմամբ մենք սկսում ենք ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական շաբաթը: Այս օրը հատկանշական է նրանով, որ ուսանողների, դասախոսների անհատական գործերի, ԵՊՀ հրատարակած և գրադարանում պահվող հնատիպ գրքերի կողքին մենք ցուցադրելու ենք գրեթե ԵՊՀ-ի հասակակից, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիշա Ղարիբյանի գեղանկարները և անհատական հավաքածուն»:
Նրա խոսքով, ցուցադրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել, այդ պատճառով նախասրահները լի են հյուրերով, ուսանողներով և դասախոսներով:
«Ամեն համալսարան չէ, որ նման գեղեցիկ շենք և շնորհալի դասախոսներ ու ուսանողներ ունի: Մենք պետք է հպարտանանք մեր Մայր բուհով»,- ասաց Գ. Գևորգյանը:
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը. «Համալսարանը մեր ազգի մտքի, գիտության և առաջընթացի կենտրոնն է եղել և շարունակում է մնալ: Մենք պետք է շնորհակալ լինենք այդ գործի նվիրյալներին՝ ԵՊՀ երախտավորներին, որոնց մեջ իր անգնահատելի վաստակն ունի Գրիգոր Ղարիբյանը»:
Անդրադառնալով իր դասախոսի՝ Գրիշա Ղարիբյանի գեղանկարների ցուցահանդեսին՝ Վ. Բոստանջյանը  նրան անվանեց «գիտության նահապետ», որը, չնայած պատկառելի տարիքին, շարունակում է ստեղծագործել, մշակույթին և գիտությանը նվիրվել:
Ուսուցչի ու վաստակավոր գիտնականի կերպարի մասին խոսեց նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը. «Բոլորին հայտնի գիտնականն այսօր ներկայանում է որպես շնորհալի նկարիչ: Նա խորապես ազգային գիտնական էր, և իզուր չէ, որ առաջին խորհուրդը, որը մեզ՝ տնտեսագետներիս, տալիս էր, այն է, որ պետք է հայ տնտեսագետ լինենք»:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև Գուրգեն Մելիքյանը:
Վերջինս հիշատակեց Արցախյան ազատամարտի այն օրերը, երբ դասախոսների և ուսանողների մեծ մասը մեկնում էր ռազմաճակատ, իսկ Գ. Ղարիբյանն ուղղորդում և գոտեպնդում էր նրանց.  «Ամենածանր տարիներին մեր ժողովրդի  խաչը Ձեր ուսերին վերցրած՝ մեզ ուղղորդում, օգնում ու աջակցում էիք: Ես՝ Ձեր հասարակ զինվորը, այդ պայքարի մասնակիցը, տեսել եմ, թե Դուք ինչպես էիք ձեռք մեկնում բոլոր զինվորագրվածներին: Ձեզ մաղթում եմ այնքան երկար տարիների կյանք, որ Դուք տեսնեք՝ Արցախը ոչ միայն ազատագրված է, այլև ստորագրված է՝ սա Հայաստանն է և վերջ»:
ՀՊՄՀ կերպարվեստի ամբիոնի դոցենտ, քանդակագործ Միսակ Մելքոնյանը ևս շնորհավորեց իր բարեկամին՝ Գրիշա Ղարիբյանին, և նշեց, որ սա  սիրո և նվիրումի ցուցահանդես է՝ նվիրված Մայր բուհի հիմնադրման 100-ամյակին:
Բացման խոսքն ամփոփեց Գրիշա Ղարիբյանը: Նա այս օրն անվանեց իր կյանքի երջանիկ օրերից մեկը. «Ես ուղիղ 70 տարի համալսարանում եմ և հնարավորություն եմ ունենում երախտագիտությունս հայտնելու 100-ամյա համալսարանին: Համալսարանը վերստեղծեց մի միավոր, որը դարձավ մեր ժողովրդի խիղճն ու հավատը»:
Նա խոսքն ավարտեց Համո Սահյանի բանաստեղծություններից մեկով:
Նշենք, որ ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին նաև ԵՊՀ հրատարակած և գրադարանում պահվող հնատիպ գրքերը:
Ցուցահանդեսի մասնակիցները շրջեցին նախասրահներում և ԵՊՀ գրադարանի ճեմասրահում, ծանոթացան ցուցադրված բոլոր աշխատանքներին:
Անգին Խաչատրյան
Նոյյան տապան   –   Մշակույթ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *