ԴԱՐԲԱՍԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ…

Դարբասի թանգարանի շենքում բեմադրվեց «Բյորն» էսսեի սյուժեով նույնանուն ներկայացումը:

Էսսեն գրվել է 2018 թվականին: Հեղինակն ու բեմադրողը Դարբասի թանգարանի տնօրեն և արվեստի դպրոցի գեղարվեստական ղեկավար Դիանա Բախշյանն է: Կերպարները մարմնավորում են Դարբասի արվեստի դպրոցի սաները: Էսսեի ու համապատասխանաբար նաև ներկայացման հիմքում ընկած է իրական եղելություն: Այն առաջ է տանում համացանցից դուրս գտնվող պայծառ ու գունագեղ աշխարհը գնահատելու և սեփական բարությամբ լցնելու, հարազատ ու անծանոթ մարդկանց մասին անշահախնդրորեն հոգ տանելու գաղափարախոսությունը: Էսսեն և ներկայացումն ունեն դաստիարակչական գործառույթ: Ողջ ընթացքում հեղինակը դիմում է իր ընթերցողներին` վերջիններիս հնարավորություն տալով մտորել հստակ հարցերի շուրջ և վերաիմաստավորել կյանքը:

Հիմնական իրադարձությունները կատարվում են ՌԴ Պենզա քաղաքին կից անտառում, որտեղ էսսեի հերոսը` Բյորն անունով փոքրիկ տղան ու հեղինակը հանդիպում են տարեց ու անօգնական մի տատիկի, ով ապրում էր անտառի խորքում գտնվող փայտաշեն փոքր տանը: Իսկ հետո Բյորնը իր հայրիկին համոզում է օգնել տատիկին, ով անտեսված էր շահամոլ հարազատների կողմից:

«Ինչպես անտառի տատիկի, այնպես էլ բոլոր մարդկանց կյանքում լինում են դժվարին ժամանակահատվածներ: Եվ հենց այդ պահերին է, որ ամենաշատը կարիք է լինում ինչ-որ մեկի ներկայության ու աջակցության, թեկուզ` մեկ դրական բառով: Այդ իրավիճակներում է, որ մարդիկ իրենց հանդեպ բարյացակամ և իրենց համար հոգեհարազատ մարդկանց կարիքն են ունենում: Ու չզգալով, չտեսնելով նրանց ներկայությունը իրենց կողքին` ավելի ծանր վիճակում են հայտնվում»,- նշում է հեղինակը:

Հեղինակ և բեմադրող Դիանա Բախշյանը Բյորնի կերպարով ցույց է տալիս, որ յուրաքանչյուրն էլ կարող է բարի կամեցողություն դրսևորելով` դժվար կացությունից փրկել աջակցության կարիք ունեցող մարդուն:

Դարբասի թանգարան և արվեստի դպրոց ՖԲ էջից

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *