ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7. ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՕՐ

Սպիտակի ահեղ երկրաշարժից անցել է 31 տարի, սակայն չի սպիանում վերքը, չի մեղմանում ցավը, չի մոռացվում այն եղերական ու ողբերգական աղետը, որի մեջ հայտնվել էր մի ողջ ժողովուրդ: Չի մոռացվում, որովհետեւ ապրում է այն սերունդը, ով իր ուսերին ու իր սրտում կրեց ու տարավ 1988-ի անմարդկային ցավը ու հիշողությամբ եւ խոնարհումով այն փոխանցում է նոր սերունդներին:

Սակայն վիշտը հավերժ է, երբ պայքար չկա, ուստի մի ողջ ժողովուրդ, ապրելու եւ ապրեցնելու իր զորեղ կամքով պայքարեց աղետի դեմ, վերընձյուղվեց, շտկեց իր ջարդված մեջքը եւ աղետի ցավը փոխակերպելով երկունքի ցավով` ապրելու իր կամքով հաղթեց մահին… Որպես դրա վկայություններից մեկը, տոների եւ հիշատակի օրվա մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխության համաձայն` դեկտեմբերի 7-ը այսուհետ նշվում է ոչ միայն որպես երկրաշարժի զոհերի հիշատակի, այլեւ` աղետների դիմակայունության օր` երկրաշարժ ու հազար ու մի աղետ տեսած ու հաղթահարած մեր երկրի բնակչին իրազեկ ու պատրաստված քաղաքացի դարձնելու նպատակամղմամբ:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ բազմաթիվ սիսիանցիներ, Սիսիանի զորամասի զինվորներ, համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ համատեղ, այցելեցին 1989 թվականին Շիրակի փողոցում կանգնեցված` երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, ծաղիկներ դրեցին հուշարձանի պատվանդանին եւ հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:

Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր-Պարգեւ Զեյնալյանը, աջակցությամբ Սիսիանի զորամասի գնդերեց Իշխան սարկավագ Գեւորգյանի, հոգեհանգստյան աղոթ կարդաց բոլոր զոհերի հոգիների խաղաղության համար, մաղթելով, որ աստված օրհնությամբ եւ ողորմությամբ հիշի մեր ազգի բոլոր այն զավակներին, որոնք ննջեցին մեծ երկրաշարժի ժամանակ, մաղթեց մխիթարվել սուրբ հոգով եւ ցանկացավ, որ աստված հեռու պահի նման աղետներից եւ արհավիրքներից, իսկ եթե եղել են ու կլինեն, չզրկվենք հոգու ամրությունից, որ կարողանանք ոտքի կանգնել եւ շենացնել մեր հայրենիքը:

«Թող մեր աղոթքները այսօր լսելի լինեն աստծո գահի առջեւ եւ աղետի հետեւանքով զոհվածների հարազատների ընտանիքներին թող մխիթարություն լինի»,- ասաց Տեր-Պարգեւը:

… Դեկտեմբերյան սառը օդում դեռ երկար ժամանակ հնչում էր Սուրբ Պատարագի մեղեդին ու դեպի երկինք տարածվելով` աղոթք դառնում 1988-ի մեծ երկրաշարժի անմեղ նահատակների հոգիների խաղաղության համար…

«Որոտան»

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *