ԴԵՊԻ ՏԱԹԵՎ…

1991թ. էր: Ես, քույրս 2 երեխաների հետ կաnգնած ենք Տաթև տանող ճանապարհի խաչմերուկում` Գորիսի Շինուհայր գյուղում և պատկերացում չունենք, թե ինչպես ենք հասնելու Տաթևի վանք: Վատ ժամանակներ էին, իսկ այդ թիվը բոլոր «չկա»-ների պիկն էր: Բենզինի սակավության պատճառով գյուղեր տանող ավտոբուսները չէին աշխատում, իսկ մարդատար մեքենաներ հատ ու կենտ էին երևում: Որոշեցինք պատահական մեքենա կանգնեցնել ու խնդրել, որ, որպես տաքսի, մեզ վանք հասցնի: Հենց առաջին մեքենան կանգնեց: Վարորդը, ով այդ ժամանակվա իմ պատկերացմամբ 45-50 տարեկան սովորական գյուղացի մարդ էր, ասաց, որ ինքը հենց գնում է Տաթև, այնտեղ հողամաս է մշակում: Այդ տարիներին ոչ միայն գյուղացին, այլև քաղաքացին ծանր վրճակից դուրս գալու փրկությունը հողագործության մեջ էր տեսնում և փայփայելով մշակում էր ամեն թիզ հողը: Հենց այդ տարին էր, որ հայրս գյուղից նամակ գրեց. «եկեք այստեղ, մեր տան պատի քարերի արանքում էլ է ուտելիք աճում»: Ո՜նց առաջներում դա չէինք նկատել:
Ուրախ-ուրախ տեղավորվեցինք Աստծո տված մեքենայի մեջ (գնում էինք մորաքրոջս թոռնուհու կնունքին): Մեր ոտքերի տակի բահն ու ուրագը բոլորովին չխանգարեցին վայելելու լիակատար հարմարավետությունը:
Մեքենան նստելուն պես, սովորության համաձայն, նախօրոք պայուսակիցս հանեցի 3 ռուբլի՝ վարորդին վճարելու համար: Գումարի չափի ընտրությունը այն տրամաբանությամբ էր, որ, միևնուն է, ինքը գնալու էր և այդ գումարը եկամուտ էր «կողքից»:
Ինչպես նման դեպքերում է լինում, սկսեցինք խոսել լավից-վատից, գյուղի, քաղաքի, ժամանակի հոգսերից:
Արդեն բավականին գնացել էինք, հանկարծ ձորից դուրս եկավ արծիվը՝ ոզնին ճիրաններում ու գցեց ճանապարհին՝ մեքենայից 5-6 մետր հեռավարության վրա: Մեքենան կանգնեց, երեխաները ուրախ- ուրախ վազեցին տեսնելու: Շատ ափսոսացինք, որ ոզնին կեդանի չէր, բայց միևնույն ժամանակ այն, ինչ տեսանք, երեխաների համար զարմանահրաշ իրադարձություն էր, նույնիսկ մանկական երևակայությունից դուրս: Վարորդը համբերատար սպասեց մինչև երեխաները բավարարեն իրենց հետաքրքրասիրությունը, ինքն էլ օգնեց դրանում իր իմացած տեղեկություններով:
Երբ նստեցինք մեքենան ճանապարհը շարունակելու, բռիս մեջ պահած 3 ռուբլին, որը պետք է տայի վարորդին, ետ դրեցի, վերցրի 5 ռուբլի՝ վերջում վարորդին տալու համար:
Հասանք գետին, որտեղից արդեն պետք է ոլորաններով բարձրանայինք դեպի վանք: Վարորդը իմանալով, որ առաջին անգամն ենք այդ տեղերում, կանգնեցրեց մեքենան և մեզ ուղեկցեց այն վայրերը, որոնք տեսնելու համար գալիս են աշխարհի բոլոր ծայրերից, և դարձավ մեր էքսկուրսավարը (տեղեկությունների հարուստ պաշարով): Հատկապես ուշագրավ էր այն տեղեկությունը, որ Տաթև գյուղից ձոր իջնող կավե խողովակաշարը, որը բավականին լավ էր պահպանված, ծառայել է գյուղից ձորը կաթը հասցնելու և մշակելու համար:
«Սատանի կամուրջը» և հանքային աղբյուրները տեսնելուց հետո նստցինք մեքենան՝ ճանապարհը շարունակելու:
5 ռուբլին բռիս մեջ երկար պահելուց քրտնել էր: Մեքենան նստելուն պես բացեցի պայուսակս, հանեցի ետ դրած 3 ռուբլին, դրեցի 5 ռուբլու հետ, սպասում եմ տեղ հասնելուն, որ տամ վարորդին:
Գնում ենք, ու այնպիսի զգացողություն է, որ այդ մարդու հետ ծնվել- մեծացել և հարյուր տարի ապրել ենք նույն գյուղում:
Հասանք այնտեղ, որտեղ վարորդի հողմասն էր: Իմանալով, որ այդտեղ իջնելուց հետո, մենք դեռ 200 մետր ոտքի ճանապարհ ունենք, թույլ չտվեց իջնել, շարունակեց, որ մեզ տեղ հասցնի: Ես արագ բացեցի պայուսակս ետ դրեցի բռիս մեջ պահած 8 ռուբլին, վերցրեցի 10 ռուբլիանոց թղթադրամը, մեկնեցի վարորդին:
Պարզապես պետք էր տեսնել այն պատկերը, թե նա ինչքան վիրավորված էր մերժում վերցնել գումարը՝ ասելով, որ փողի համար չի կանգնել, ուղղակի ճանապարհին հանդիպել է, վերցրել: Որքան ինքը կտրականապես էր մերժում վերցնել գումարը, այնքան գումարը տալու իմ համառությունը ավելի էր սաստկանում: Արդյունքում հասկացա, որ իմ բոլոր ջանքերը ապարդյուն են, տեղի տվեցի:
Հաճախ եմ հիշում այս պատմությունը, շատերին եմ պատմել ու պատմելիս հիշեցրել, որ դա եղել է 90-ականների ամենաաղքատ՝ 91 թվին, երբ 10 ռուբլին, թեև քիչ, փող էր, իսկ հոգով հարուստին ոչ մի 90-ական չի կարող աղքատացնել:

Լալա Պողոսյան

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *