ՀՀ ԳԱԱ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄ ԳՐԻՇԱ ՂԱՐԻԲՅԱՆԸ ԿՏԱՎՆԵՐ ՆՎԻՐԵՑ ՍԻՍԻԱՆԻՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր հայրենակից, 89-ամյա հարգարժան մարդու` Գրիգոր (Գրիշա) Ղարիբյանի զանգը մտորումների տեղիք տվեց: Առաջին անգամը չէր, որ խոսում էիք, բայց այս զանգը մի ուրիշ խորհրդավորություն ուներ… Պատկառելի մարդը, որ գիտա-մանկավարժական ոլորտում ձեռք բերած լուրջ հաջողություններից բացի, արդեն առաջացած տարիքում, սկսել է զբաղվել նաեւ նկարչությամբ, մանկության ոտնահետքերի կանչով, դժվարին օրերի չմոռացվող ընկերության կարոտով որոշել է մեկ անգամ եւս ամրացնել, թարմացնել այդ հիշողությունները, այդ կապն ու հարազատությունը…եւ այցի գալ Սիսիան, ու գալ նվերներով…

Նախապատերազմյան սիսիանյան սերնդի մի հրաշալի փաղանգ կար (կա), որ անուրանալի դեր է ունեցել եւ ունի հայոց գիտության եւ մշակույթի մեջ, ու նրանք գրեթե բոլորը հայրենակից, բախտակից, ճակատագրակից լինելու կապերով ստեղծել են նաեւ միմյանցից անբաժան իրենց կյանքի պատմությունը:

Այդ սերնդի երեւելիներից է Գրիշա Ղարիբյանը, ում մանկությունը, պատանեկությունն անցել է նկարիչ Զաքար Խաչատրյանի եւ քանդակագործ Արտաշես Հովսեփյանի հետ, ու պահպանվել մինչեւ նրանց կյանքի վերջին օրը, ում կենսագրությունը հարուստ է Սահյանական պատմություններով, ով շարունակում է լինել երեւանաբնակ նշանավոր սիսիանցիների մերանը…  

Սիսիան այցելելու իր որոշումն արդեն կայացրել էր, բայց ինձ համար չափազանց հաճելի էր այդ որոշման մասին, ընտանիքի անդամներից հետո, ինչպես ինքն ասաց, առաջինն ինձ տեղյակ պահելը: Եվ քանի որ մենք էլ, միեւնույն պատվարժան մարդկանց առնչությամբ, բազմիցս հանդիպել էինք, Գրիշա Ղարիբյանի` Սիսիան այցի նպատակն ինձ չզարմացրեց…

Մեր հարգարաժան հայրենակիցը, ում նկարների անհատական ցուցահանդեսով էր բացվել ԵՊՀ 100-ամյակի միջոցառումների շարքը, եւ, ի դեպ, մեծ հավանության  արժանացել մասնագետների կողմից, որոշել էր այդ ցուցահանդեսի նկարներից երկուսը, որոնք սահյանական մոտիվներով էին, նվիրել Սիսիանի` Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնին, մեկը` իր մանկության ընկերներ Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանին, մեկը` իր ծննդավայր Ծղուկի դպրոցին…

Հուզիչ է, այդպես չ՞է… ու իր բնույթով եւ բովանդակությամբ` նաեւ անասելի սիրուն…

Գրիշա Ղարիբյանի «Քարե պատարագ» եւ «Արարատը առավոտյան` Խոր- Վիրապից» նկարները կախվեցին մշակույթի տան նախասրահում` Համո Սահյանի մեծադիր նկարի հարեւանությամբ, ու բոլոր ներկաները միաժամանակ ակնարկեցին, որ սրահը լցվեց, որ նկարների հեղինակը սահյանական իր սիրո եւ մտերմության գունապնակով հարստացրեց ոչ միայն մշակույթի տան շքասրահը, այլեւ` կենտրոնի պատմությունը, որի բացումն, ի դեպ, 10 տարի առաջ նույնպես նշանավորվել էր Գրիշա Ղարիբյանի 80 ամյակին նվիրված հոբելյանական տոնակատարությամբ:

Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում էլ հարգարժան գիտնականին հայրենակիցների անակնկալն էր սպասում…

Մշակույթի տան աշխատակիցները փոքրիկ, սահյանաշունչ ու սահյանաբույր ցերեկույթ էին կազմակերպել ի պատիվ եւ ի երախտագիտություն գիտնականի…

Հակիրճ ներկայացնելով ավելի քան 70 տարի ԵՊՀ-ում աշխատող գիտնական-մանկավարժի կենսագրությունը, բեղմնավոր ուղին, վաստակի բեռը, մշակույթի տան աշխատակիցը ի մասնավորի ասաց`«Եթե Սիսիանում առիթ է լինում թվարկել մեր անվանի հայրենակիցներին, առաջիններից մեկը հիշում ենք Գրիգոր Ղարիբյանին: Հիշում ենք` ոչ միայն ծանոթ լինելով նրա անցած բեղմնավոր ուղուն, ծանրակշիռ գիտական ժառանգությանը, մանկավարժական գործունեությանը, այլեւ հոգու ամբողջ թելերով հայրենի զերքին կապված ու նվիրյալ նրա մարդկային էությունը, ում հայացքի տակ մինչ օրս մանկան պարզությունն ու մաքրությունն է, հայրենի սար ու ձորի վեհությունը, տիեզերական անչափելի խորությունը»:

Գրիշա Ղարիբյանը հուշեր պատմեց Սահյանից, տրվելով մշակույթի տան սահյանական մթնոլորտին` ինքն էլ Սահյան արտասանեց, եւ խորին-խորին համոզմունքով ասաց, որ մեր ժամանակների Նարեկացի Սահյանի համաշխարհային ճանաչումն ու գնահատումը դեռ գալու է…

Իսկ իր մանկության եւ իր կյանքի անտարանջատելի մասունքներ Զաքար Ավագիչի եւ Արտաշես Հովսեփյանի մասին խոսելիս աչքերը թացացան, ձայնը կերկերաց…

Ասում է` ճակատագիրն իրենց անբաժան էր դարձրել… Ասում է` սկզբում ինքն է Զաքարի կյանքում վճռական դեր ունեցել` նկարիչ դառնալու… Ու պատմում է Զաքար Ավագիչի եւ Արտաշես Հովսեփյանի` ետպատերազմյան մանկության մի տխուր պատմություն, երբ ստալինյան բռնությունը նրանց ոսկեձեռիկ արհեստավոր հորը Սիբիր էր աքսորել` մոր խնամքին թողնելով 4 փոքր երեխաներին…

«Ես սովորում էի Երեւանի Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, երբ մի օր ուսումնարանի մոտ պատահական հանդիպեցի Զաքարին: Շատ տխուր էր, ասաց` վերադառնում է Սիսիան, քանի որ չի կարողանում հանրակացարանի վարձը տալ: Համոզեցի` մնալ եւ սովորել Թերլեմեզյանում, որտեղ հանրակացարանն անվաճար էր… Ու այդ պատահական հանդիպումը ճակատագրական եղավ Զաքարի համար: Լավ սովորեց, տաղանդը բացահայտվեց, դե աստված արդեն նրան նկարիչ էր ստեղծել… Ուղարկեցին Լենինգրադ, սովորեց Ռեպինի անվան ակադեմիայում, աշակերտեց նշանավոր Գերասիմովին, 4 տարի էլ սովորեց նրա արվեստանոցում ու դարձավ այն, ինչպիսին նրան այսօր գիտի գեղանկարչության աշխարհը: Զաքարն իր կենսագրականում այդ մասին գրել է` ստացվեց այնպես, որ կամա թե` ակամա, նկարչի մասնագիտությունն ընտրեց Գրիգոր Ղարիբյանը: Եթե նրան չհանդիպեի, ինչ կկատարվեր ինձ հետ, միայն աստված գիտի»,- ասաց գիտնական-մանկավարժը:

Հետո այցելեցինք Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան, որտեղ էլ Գրիշա Ղարիբյանն իր վրձնած` «Վայոց ձոր» կտավը հանձնեց ինձ: Ասաց` լավ կպահես, ասաց` իր ամենահավանած նկարներից է, ասաց` մի քիչ կարծես թեթեւացա… հոգու պարտք էր… ապա իր մտահոգությունը հայտնեց, որ տուն-թանգարանը դեռեւս անավարտ է, ինչի մասին բարձրաձայնել է հանրապետական մամուլում, բայց եւ նշեց, որ մեծ անհամբերությամբ է սպասում տուն-թանգարանի բացմանը. դեռ էնքա~ն բան կա նրանց մասին պատմելու…

Հրաժեշտին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով հարգարաժան գիտնականին` նվերների համար, մեծ պատիվ համարեց նրա այցը, քանի որ առաջացած տարիքում անգամ գիտնական-մանկավարժը շարունակում է ապրել ծննդավայրով ու պատկառելի տարիքում որոշում այցի գալ հայրենակիցներին, եւ հորդորեց նրան պինդ մնալ` 90 ամյակը հայրենիքում շուքով նշելու խոստումով.…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *