ԵՌԱԿԻ ՏՈՆ` ԱԽԼԱԹՅԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Սեպտեմբերի 2-ին եռակի տոն էր Ախլաթյանի` արցախյան ազատամարտի նահատակ, համագյուղացի Ժորա Հակոբյանի անունը կրող միջնակարգ դպրոցում: Ուսումնական տարին սկսելուն զուգահեռ դպրոցի շենքում բացվեց նախարթարան, որտեղ կհաճակի նախադպրոցական տարիքի 11 երեխա: Ինչպես նշեց դպրոցի տնօրեն Ֆլորա Գեւորգյանը` նախարթարանը կյանքի է կոչվել Սիսիանի համայնքապետարանի եւ Ախլաթյանի միջնակարգ դպրոցի համատեղ ջանքերով` կրթության բարելավման ծրագրի շրջանակներում, որի նպատակը տարրական դպրոցի կրթության որակի բարելավումն է:

Դպրոցի տնօրենի խոսքով` դպրոցի տարածքից նախակրթարանին հատկացվել է երկու սենյակ, միջանցքը, հիմնանորոգվել ու կահավորվել է խաղասենյակը, դասասենյակը, սանհանգյուցը, դպրոցի շենք ջուր է անցկացվել, ստեղծվել են բոլոր պայմանները` նախակրթարանի երեխաների համար: Կատարվել է մոտ  6,5 միլիոն դրամի ներդրում:

Մինչ նախակրթարանի բացման ժապավենը կտրելը` ներկաները, հյուրերը, գյուղացիները ականատեսը եղան եւս մի կարեւոր իրադարձության. բացվեց դպրոցի բակում տեղադրված նորակառույց ցայտաղբյուրի փականը, եւ առաջինը հենց երեխաները վայելեցին տեղում ջուր խմելու բերկրանքը, քանի որ, ինչպես նշեց դպրոցի տնօրենը, մինչ այդ նրանք իրենց ծարավը հագեցնում էին դպրոցի մոտակայքում գտնվող տներում:

Ցայտաղբյուրը դպրոցին եւ երեխաներին է նվիրել «Սիսիան կաթ» ընկերության տնօրեն Հուսիկ Ստեփանյանը, ով, ի պատասխան շնորհակալությունների եւ երեխտագիտության խոսքերի, կարեւորեց այն հանգամանքը, որ երեխաները, վերջապես, հենց դպրոցում հնարավորություն ունեցան հագեցնել իրենց ծարավը: Թեպետ Հուսիկ Ստեփանյանը իր կատարածը մեծ բան չհամարեց, բայց նրա արածը արժանի է, իսկապես, «քո շինողի օր-կյանքը ջրի նման երկարի» մաղթանքին:

Նախակրթարանի բացմանը ներկա էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ով իր հերթին դատարկաձեռն չէր եկել: Նվերները հենց տեղում հանձնելով երեխաներին, համայնքի ղեկավարը շնորհավորեց նրանց հարմարավետ եւ գեղեցիկ նախարթարան ունենալու համար, միաժամանակ հույս հայտնեց, որ այն կարող է հետագայում դառնալ գյուղում մանկապարտեզ ուենալու բազա, քանի որ, ի տարբերություն համայնքի այլ բնակավայրերի, Ախլաթյանում երեխաների թվի աճի միտում է նկատվում, ինչը միայն ուրախացնող է:

Օգտվելով պատեհ առիթից` դպրոցի ուսուցիչները համայնքի ղեկավարին ներկայացրեցին երթեւեկող ուսուցիչների, երեխաներին տաք սննդով ապահովելու եւ այլ խնդիրներ, որոնք, ըստ համայնքի ղեկավարի, թեեւ իր ուշադրությանից դուրս չեն, բայց պահանջում են օրենքի կարգավորումներ:

Ի նշանավորումն նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ նախակրթարան ու ցայտաղբյուր ունենալու իրադարձությունների` աշակերտները, որպես շնորհակալություն եւ երախտագիտություն նախաձեռնությունների հեղինակներին, դպրոցի փոքրիկ դահլիճ-միջանցքում նրանց համար կազմակերպել էին գեղեցիկ ցերեկույթ:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *