ԵՍ ԱՏՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԽԵՂՃՈՒԹՅՈՒՆԸ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

ՀՀ սահմանադրության փոփոխությունների «ԱՅՈ» քարոզարշավի` մարտի 11-ի կանգառը Սիսիանն էր: Ողջունելով քաղաքի կենտրոնական հրապարակում հավաքված քաղաքացիներին` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ 2020 թվականի ապրիլի 5-ին այո ենք ասում սահմանադրական փոփոխություններին, այո ենք ասում արդարությանը, այո ենք ասում ժողովրդի իշխանության հաստատմանը դատական համակարգում, այո ենք ասում Հայաստանի հպարտ քաղաքացու որոշման կայացմանը:

Անդրադառնալով նախորդ 1,5 տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխություններին, Սուրեն Պապիկյանը մասնավորապես նշեց, որ Սիսիան խոշորացված համայնքը մեծ մասնակցություն է ունեցել սուբվենցիոն ծրագրերին` իրականացնելով 1 միլիարդ 5 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր, իսկ ընթացիկ տարում արդեն համայնքի կողմից ներկայացվել է 1 միլիարդ 200 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագրերի հայտ, ինչը շատ կարեւոր հանգամանք է: «Նախորդ տարի Սիսիան խոշորացված համայնքի 3 խոշոր բնակավայրերում ամբողջությամբ փոխվել է ջրամատակարարման համակարգը, պրոցեսը շարունակական է լինելու նաեւ հաջորդ տարիներին, ու սա ձեր կողմից տրվող հարկերի, ձեր քաղաքացիական պարտքի եւ նաեւ դրան զուգահեռ պատկան մարմինների կատարողական բարձր ցուցանիշի արդյունք է»,-նշեց նախարարը` մասնավորաբար կարեւորելով հիմնական դերակատարի` Հայաստանի քաղաքացու դերը, ում վճարած հարկերի հաշվին են կատարվում այդ փոփոխությունները:

Իր ողջույնի խոսքում ՀՀ ԿԳՄՍ նախարար, ՔՊ կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը, խոսելով հանրաքվեի կարեւորության մասին, նշեց, որ շատ պետություններում որոշիչ պահերին եւ կարեւոր հարցերի քննարկման ժամանակ այդ հարցերը հանվում են համապետական հանրաքվեի, եւ այս հանրաքվեն նույնքան կարեւոր է, որքան 2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձությունները, նույնքան կարեւոր է, որքան 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները: «Ես վստահ եմ, որ այն ժամանակ էլ, հիմա էլ, ձեզ որոշ շրջանակներ փորձելու են համոզել, որ ձեր մասնակցությունը կարեւոր չէ, 2018-ի ապրիլ-մայիսին ասում էին` դե 10 հոգով քայլում են Գյումրիից, էդ 10 հոգով էլ կմնան, ոչ մի բան չի փոխվելու, մի մասնակցեք, բայց դուք ինքներդ տեսաք, թե որքան կարեւոր էր յուրաքանչյուրի մասնակցությունը, որովհետեւ յուրաքանչյուրի մասնակցությունը իրականություն դարձրեց այն, որ մենք միասին մերժեցինք նախորդ քաղաքական համակարգը եւ ձեւավորեցինք նոր, արդար քաղաքական համակարգ»,-ասաց նախարարը:

«Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչպես ինքը նշեց, «հեռվից եկավ»` հիշելով Զանգեզուրի ինքնապաշտպանությունը, Արցախյան ազատամարտը, ապրիլյան քառօրյան, որին իրենց անուրանալի մասնակցությունն են ունեցել սիսիանցիները եւ իրենց ձեռագիրը թողել հայոց պատմության նորագույն էջերում: Սասուն Միքայելյանը հավելեց, որ Արցախն ազատագրելուց հետո, երբ պիտի լծվեինք մեր խաղաղ աշխատանքին, եկավ մի իշխանությունը, որն իր իշխանությունը պահելու համար մասնատեց, բզկտեց բոլորիս, ու նորից երկիրը տանում էր մասնատման, պառակտման, դրա համար էլ տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը` մեր համախմբվածության արդյունքում, իսկ սահմանադրության փոփոխության հանրաքվեն վերջանականապես դնելու է նախորդ ինտրիգային իշխանության վերջը: «Թավշյա հեղափոխությունը սկիզբն էր մեր համախմբվածության, մեր հոգեբանության, մեր անկախության գիտակցության, մեր պետության, մեր զինանշանի, մեր եռագույնի, մեր Եռաբլուրի, այստեղի մեր տղերքի, մեր պանթեոնի … վեջին զարկը տանք սերժի-ռոբի գլխին, որ խորտակվի նա հիմնովին»,-նշեց Սասուն Միքայելյանը:

Սիսիանցիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը մասնավորաբար անդրադարաձ կատարեց հանրության մեջ վերջին շրջանում առավել շատ քննարկված հարցերին եւ խնդիրներին, եւ, իրեն բնորոշ անմիջականությամբ ու անկեղծությամբ վերլուծեց իր կողմից թույլ տված սխալները, դրանց պատճառները: Խոսելով օրեր առաջ Ստեփանավան կատարած իր այցի ժամանակ Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանի եւ իր միջեւ տեղի ունեցած միջադեպից, ինչը լայն քննարկան թեմա է դարձել համացանցում, Նիկոլ Փաշինյանը, ներողություն խնդրելով Մեխակ Առաքելյանից եւ ՀՀ բոլոր քաղաքացիներից, չժխտեց իր կողմից հանդես բերված ագրեսիվությունը, շեշտելով, սակայն, որ դա էլ իր պատճառներն ունի: Վարչապետը վկայակոչեց Հրանտ Մաթեւոսյանի «Ծառերը» պատմվածքի հանրահայտ խոսքը` մոր երկխոսությունը որդու հետ` Լավը չես, խեղճ ես: Լավը չես: «Իմ ագրեսիվությունը սրա հետ է կապված, որովհետեւ ես ատում եմ Հայաստանի հանրապետության քաղաքացու խեղճությունը, ես չեմ ուզում, որ Հայաստանի հանրապետության քաղաքացին խեղճ լինի, որովհետեւ Հրանտ Մաթեւոսյանի պատմվածքի մեջ, մայրը, դիմելով որդուն, ասում է` քոնը խիղճ չի, քոնը խեղճություն է: Մենք բոլորս պետք է ատենք մեր խեղճությունը, մենք պիտի մեր ոտքերի տակ տանք մեր խեղճությունը, մենք մեզ թույլ չպիտի տանք խեղճ լինել, որովհտեւ մենք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի ենք, մենք նոքյար չենք, մենք տանտեր ենք, մենք մարդ ենք, մենք արժանապատիվ ենք, մենք Արցախում հաղթած, Արցախում զոհված մեր ազատամարտիկների հետնորդներն ենք, մենք պատասխանատվություն ունենք նրանց առաջ, մենք մեկին խեղճ տեսնելիս չպետք է գնանք եւ նրան ավելի խեղճացնենք, պիտի կռիվ տանք նրա հետ, իր խեղճության հետ, պիտի կռիվ տանք, պիտի ասենք չենք թողնելու, ագրեսիվ ենք լինելու, եւ այս հանրաքվեն նաեւ դրա համար է, հեղափոխությունը ընդդեմ խեղճության էր, հեղափոխությունը ընդդեմ հայի լալկանության էր …»,- ընդգծեց վարչապետը, հավելելով, որ մենք պետք է հաղթահարենք մեր լացը, մեր խեղճությունը, հայի` իբրեւ թե ցուպը ձեռքին աշխարհե-աշխարհ թափառողի, գաղթականի կերպարը: «Չկա աշխարհե-աշխարհ, կա Հայաստան, կա Արցախ, կա Հայաստանի հանրապետություն, կա Արցախի հանրապետություն, կա Հայաստան միացյալ եւ Հայաստանի հպարտ քաղաքացի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ կարող ենք իրար հավատալ, որովհետեւ իրար ապացուցել ենք, որ ուժեղ ենք: «Այո, ոչինչ, թող այդ ճանապարհին սխալվենք, մեկին անտեղի կնեղացնենք, հազար անգամ ներողություն կխնդրենք…բայց ես ձեր խեղճության դեմ պատերազմ եմ տալու, ես վիզը ծուռ հայ քաղաքացի չեմ ուզում տեսնել, ես ատում եմ խեղճությունը, ես ատում եմ հայ ժողովրդի խեղճությունը, հայ ժողովուրդը պետք է խեղճ չլինի…»,- նշեց վարչապետը, ասելով, որ Մեխակի եւ հարյուրավոր Մեխակների խեղճությունը հաղթահարելու համար, պետությունն, իհարկե, պիտի իր պարտավորությունները կատարի, բայց վատն այն է, որ քաղաքական հայտնի շրջանակները Մեխակին սարքել են դրոշ այն դեպքում, երբ Մեխակը եւ հազարավոր Մեխակներ իրենց հիվանդությունները եւ իրենց խեղճությունը «վաստակել են» հենց նախորդների իշխանության օրոք, ովքեր ոչինչ չեն արել այն հաղթահարելու համար:

Մեխակ Առաքելյանի կերպարը դիտելով որպես հավաքական` Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պաշտոնավարման ընթացքում լուծել են նախորդների կողմից 50 անգամ աղետի գոտի հայտարարված, բայց այդպես էլ այն չհաղթահարած 500-600 Մեխակների ընտանիքների, Ադրբեջանից փախստական 200 Մեխակների ընտանիքների, մանկատան 300 սան Մեխակերի բնակարանի հարցերը, որը պիտի լուծված լիներ դեռեւս 2010 թվականին, որ բարձրացել է մեկ միլիոն Մեխակների (թոշակառու, նպաստառու, մանկավարժ, զինվորական, բուժաշխատող) աշխատավարձը, որ խեղճությունը թոթափելու համար ստեղծել են «Աշխատիր, Հայաստան» ծրագիրը, որ իրականացվում են վարկային ծրագրեր, խելացի անասնաշենքերի եւ այլ ծրագրեր, որ 1000 ընտանիք ներգրավված է աղքատությունը հաղթահարելու ծրագրերի մեջ: «Մենք ասում ենք, որ ամեն օգնության մեջ պետք է զարգացման տրամաբանություն լինի, որ մարդը զարգանա, ոչ թե ավելի խեղճանա, որ մարդը իր ուժին հավատա»,-նշեց վարչապետը:

«Այս այոն խեղճության հաղթահարման այոն է, հարցը հետեւյալն է` արդյոք դուք պատրաստ եք հաղթահարել էդ խեղճությունը, արդյոք անհրաժեշտ է հաղթահարել էդ խեղճությունը: Այս հարցին առաջարկվում է երկու պատասխան` մենք առաջարկում ենք` այո, ոչիստներն առաջարկում են` ոչ: Բոյկոտիստներն ու ոչիստները նույնն են: Նրանք ասում են` քաղաքացին խի պիտի որոշի, մի գնացեք, մենք ձեր տեղը սաղ հարցերը կորոշենք: Ո՛չ: Ոչին` ո՛չ, այո-ին` այո՛»,- իր խոսքը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը խոսեց նաեւ նախորդ իշխանությունների օրոք արված ընտրակաշառքների, ընտրակեծիքների, կառավարության բարձրաստիճան անձանց պարգեւավճարների, իր եւ իր ընտանիքի անդամների մասին տարածվող կեղծ լուրերի եւ այլ թեմաների շուրջ` հորդորելով արհամարհել դրանք եւ սիսիանցիների հետ հանդիպումն ավարտեց իր հեղինակած` «Հեղափոխությանն ասում եմ այո» բանաստեղծության ընթերցմամբ:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *