ԵՐԲ ԾՆՈՂԸ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ…

ՀՀ ՊԲ N զորամասում իր պարտքը կատարող զինծառայող Առնակ Դավթյանի մայրը` Հեղինեն, ով աշխատում է հայփոստի Սիսիանի բաժանմունքում, չափազանց հուզված, երջանկությունից փայլող աչքերով, դողացող ձեռքերով մեզ հանձնեց որդու ծառայության մասին զորամսի հրամանատար, գնդապետ Կ. Ջալավյանի կողմից երախտագիտությամբ եւ հարգանքով գրված նամակը, ինչը սիրահոժար հրապարակում ենք մեր կայքում` հավատամքով, որ Առնակը մեկն է այն բազումներից, ում համար հայրենիքը պաշտպանելը եւ հայրենիքին ծառայելը մորը եւ սեփական ընտանիքը պաշտպանելու պես սրբազան առաքելություն է:

Հարգելի Դավթյաններ, զորամասի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնում Ձեզ` Ձեր որդի Առնակ Դավթյանին հայ ժողովրդի եւ նրա զինական հաղթանակների ու ավանդույթների բարոյամարտական ոգով դաստիրակաելու, հայոց բանակի շարքերը հայրենասեր, անմնացորդ ծառայելու պատրաստակամ ու լիարժեք պաշտպանով համալրելու համար:

Դուք կարող եք հպարտանալ, որ նա պատվով է կատարում հայրենիքի պաշտպանի բարձր կոչումը եւ բարեխղճորեն է կատարում հայրենիքի հանդեպ իր սահմանադրական պարտքը: Հայրենյաց պատվի զինվոր լինելու այդ պատրաստակամության դարբնոցը, անկասկած, ազգային արժեհամակարգը կրող, սիրով, միությամբ, առաքինությամբ, հավատարմությամբ է առաջնորդվել Ձեր հայկական ամուր ու ավանդապաշտ որդին:

Մենք շատ ենք կարեւորում բանակի հանդեպ Ձեր վերաբերմունքը` տրամադրվածությունը, ըմբռնումը, հանդուրժողականությունը, հավատն ու սերը:

Բանակի ուժը որքան պայմանավորված է արհեստավարժությամբ, մարտավարությամբ եւ սպառազինությամբ, նույնքան ու ավելի երաշխավորված է հասարակ զինվորի ոգեղենությամբ, խանդավառությամբ ու բարոյահոգեբանական վերելքով: Իսկ այդ ոգեղենության եւ հոգեբանական ամրության ակունքը բանակի հանդեպ ժողովրդի սերն ու հավատն են: Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, հայրենիքն անպարտելի է:

Երիցս շնորհակալ ենք հայրենանվեր եւ նպատակասլաց, խոհեմ ու կարգապահ, ընկերասեր եւ պատվախնդիր, վճռական ու արիակամ, զինվորական սկզբունքներն ընտանեկանի պես հարգող ու պահպանող հայրոդի` հայրենյաց պաշտպան դաստիարակելու համար: Արժանիորեն արժանին մատուցելը մեզ համար եղել եւ մնում է ամենահաճելի ու թանկ պարտավորությունը կյանքում:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *