ԵՐԲ ԾՆՈՂՆ Է ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԲԺՇԿԻՆ…

Կյանքի մեծագույն հարստություններից է լավ մարդկանց հանդիպելը, ինչն էապես փոխում է կարծիքդ շրջապատի նկատմամբ: Իսկ եթե նման մարդը բժիշկ է, կրկնակի հավատով ես լցվում մարդ արարածի հանդեպ: Այնպես չէ, որ կյանքում բարի, ազնիվ, սրտացավ մարդկանց չեմ հանդիպել, ինքս էլ բարեգործությամբ եմ զբաղվում, բայց Գորիսի բժշկական կենտրոնի երիտասարդ բժշկուհի Աննա Սարգսյանը բժշկի եւ մարդու իր կերպարով հավաստեց, թե որքան կարեւոր է ազնիվ, իր գործի գիտակ, սրտացավ ու բարեհամբույր բժիշկը բարդ, մարդկային դժվարին ու խնդրաշատ փոխհարաբերությունների` մեր իրականության մեջ:

Նախազորակոչային զննման ժամանակ որդուս` Տարոն Միքայելյանի մոտ հայտնաբերվել էր քիթ-կոկորդի խնդիրներ: Հետագա բարդացումներից խուսափելու համար խորհուրդ էին տվել վիրահատություն: Ինչպես ասում են, մեր բախտը բերել էր, որ վիրահատությունը Գորիսի բժշկական կենտրոնում իրականացրեց սրտացավ, հոգատար, բարի ու կարեկից բժշկուհի Աննա Սարգսյանը, ով ներկայում շաբաթվա մեջ մեկ օրն աշխատում է նաեւ Սիսիանի բժշկական կենտրոնում:

Ծնողի համար առավել հաճելի է տեսնել ու զգալ, որ քեզանից բացի մեկ ուրիշն էլ կարող է նույն սրտացավությամբ ու սիրալիրությամբ հոգալ քո զավակի առողջության մասին, ու, արդեն ապաքինված ուղարկել տուն` շարունակելով հետաքրքրվել հետագա առողջական վիճակով:

Որպես ծնող, որպես «Միքայելյան» բարեգործական ընկերության եւ Սյունիքի մարզային ռազմա-հայրենասիրական կառույցի ղեկավար իմ եւ «Ֆիդայիներ» ՀԿ տնօրեն Սեյրան Չիլինգարյանի անունից խորոց սրտի շնորհակալություն եմ հայտնում Գորիսի եւ Սիսիանի ԲԿ լոր բժշկուհի Աննա Սարգսյանից եւ մաղթում, որ վիրահատական նշտար բռնող նրա «ուժեղ» ձեռքը միայն ու միայն հրաշքներ գործի` իր հիվանդներին վերադարձնելով ամենաթանկը` առողջությունը:

Տիգրան ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Սիսիան

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *