ԵՐԲ ԿՈՄԻՏԱՍ Է ՀՆՉԵՑՆՈՒՄ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐԸ…

Սիսիանի` Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնի եւ Սիսիանի զորամասի հերթական համատեղ միջոցառումը նվիրված էր հայոց երգի վեհափառ, մեր մշտահունչ ու մշտարթուն, «անլռելի զանգակատուն» Կոմիտասի ծննդյան 150 ամյակին:

Միջոցառումը կառուցելով Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմի` Կոմիտասին նվիրված ղողանջների եւ մտերիմներին ու հարազատներին ուղղված` Կոմիտասի նամակների հենքի վրա, կազմակերպիչներն ու մասնակիցները գտել էին հանդիսատեսի մտքին, սրտին, զգացմունքներին եւ հույզերին ներգործելու լավագույն լուծումները: Մերթ Կոմիտասի ձայնն էր, մերթ` նրա հեղինակած երգերը, մերթ` «Անլռելի զանգակատան» հատվածները, մերթ` Սիսիանի երաժշտական դպրոցի մանկական երգչախմբի զուլալ, հոգեզմյալ կատարումները… Իսկ երբ զորամասի զինվորն ու մշակույթի տան երգչախմբի մեներգիչն են միանում «Սոնա յարի» կատրմանը` երգի ղողանջները ակնդիր-ունկնդրին տանում են մաքուր, զուլալ, վճիտ ու անապական հայ երգի այն ակունքը, որից սնվել է Կոմիտասը` մեզ վերադարձնելով մեր նախաստեղծ մաքուր մեղեդին, մեր ազգային երաժշտության ինքնությունը:

Կամաց-կամաց զարգացնելով Կոմիտաս վարդապետի կերպարն ու անհատականությունը, շեշտադրելով նրա անգնահատելի դերը հայ մշակույթի եւ հայ երգի մաքրման, տարածման ու զարգացման, ինչպես նաեւ` ժամանակի երաժշտական աշխարհին ներկայացնելու  գործում, միջոցառման կազմակերպիչներն ու մասնակիցները մեկ անգամ եւս հավաստեցին, որ Կոմիտաս ունեցող ազգը պիտի որ իր երգն ու երաժշտությունը, իր միտքն ու ոգին սնուցի միայն ու միայն մաքուր, ազգային երգով ու երաժշտությամբ` դուրս մղելով տասնամյակներ շարունակ մեզ «նվաճած ու տիրած» օտար կլկլոցներն ու երաժշտության տեղ հրամցվող անճաշակ «երգերը»:

«Կոմիտասի նվագակցությունների իմաստուն պարզությունը, արտահայտման իմաստուն ու լակոնիկ եղանակը կշիռ ու արժեք են տալիս յուրաքանչյուր հնչյունին, մի հատկանիշ, որ բնորոշ է գեղջուկ երգին եւ որը նա տարածեց երաժշտական բոլոր արտահայտչամիջոցների վրա»,- ներկայացրեց միջոցառման մասնակից, մանկական երգչախմբի ղեկավար Լուսինե Գասպարյանը, ով, հիրավի, գովելի աշխատանք է կատարում` իր ղեկավարած երգչախմբի երեխաների մեջ սերմանելով կոմիտասյան մեղեդու առողջ հունդերը:

«Կոմիտասը քիչ ջանք չի թափել հայկական երաժշտության վերնաշենքը կառուցելու համար: Ռուսահայաստանում դրական հետեւանքի չհասնելով` 1910 թվին անցավ Պոլիս եւ այնտեղ կարճ ժամանակով դպրոցական մի հիմնարկ ստեղծեց, որը փակվեց պատերազմի հենց առաջին ամիսներին»,- հավելեց մշակույթի տան ժողգործիքների համույթի մենակատար, միջոցառման մասնակից Սաթիկ Կարապետյանը:

Ցանկացած բեմի պատիվ կբերի Սիսիանի երաժշտական դպրոցի վոկոլ բաժնի ուսուցչուհի, հանրապետական, միջազգային եւ համաշխարհային մրցույթների դափնեկիր, Սիսիանի ժողգործիքների համույթի մեներգչուհի Անուշ Աղաջանյանի երգը: Ու Կոմիտասի 150 ամյակին նվիրված այս միջոցառման ժամանակ նրա կատարմամբ հնչած երգերը, հատկապես` հայոց բանակի զինվորի ընկերակցությամբ, էլ ավելի տպավորիչ եւ ինքնատիպ դարձրեցին միջոցառումը:

Դրվատանքի խոսքեր ասելով բոլոր մասնակիցներին, կազմակերիչներին եւ միջոցառումը վարողներին, պիտի առանձնացնենք մշակույթի կենտրոնի տնօրեն Վարդուհի Մարգարյանին, ում հետեւողական, ջանադիր եւ նախանձախնդիր աշխատանքի արդյունքնում էր ստացվել Կոմիտասի ծննդյան 150 ամյակին նվիրված այս դիտարժան եւ ինքնատիպ բեմականացում-միջոցառումը:

Սիսիանի զորամասի երաժիշտ-զինվորները, որ բազմիցս են հանդես եկել Սիսիանի մշակույթի տան բեմահարթակում, այս անգամ, կոմիտասյան հրաշալի կատարումներով պարզապես գերազանցեցին իրենք իրենց:

Իսկ ինչպես միջոցառման ավատրին հայտարարեց մշակույթի տան աշխատակից, հաղորդավար Աննա Հակոբյանը, իրենք հանդիսատեսին մաղթում են ոչ թե` ցտեսություն, այլ` մինչ նոր հանդիպում, քանի որ Կոմիտասի մեծության գնահատումը չի սահմանափակվում միայն 150-ամյակի շրջանակում, որովհետեւ Կամիտասն է մեր երգի եւ մեր հոգու մշտահունչ ու մշտարթուն անլռելի զանգակատունը:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *