ԵՐԲ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՄԵՆՕՐՅԱԿ…

Ի տարբերություն նախորդ համապետական շաբաթօրյակի, որն աչքի ընկավ իր մարդաշատությամբ եւ ակտիվությամբ, հունիսի 8-ի համապետական շաբաթօրյակը պասիվ անցավ Սիսիանում: Հանրային տարածքներն ու շրջակայքը մաքրելիս կրկին աչքի ընկան Սիսիանի համայնքապետարանի եւ համայնքային ենթակառույցների աշխատակիցները:

Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահապանության բաժնի պետ Արմեն Խաչատրյանը նշեց, որ հերթական շաբաթօրյակն է, եւ կրկին, ինչպես նախորդ անգամ, իրենք մաքրում են նախկին «Որոտան» կինոթատրանի շրջակա տարածքը, բայց ցավ հայտնեց, որ տարածքում գործում է երեք հիմնարկություն, սակայն չի պահպանում անհրաժետ մաքրությունը: Հարցին` արդարացվա՞ծ է շաբաթօրյակների հաճախակի կազմակերպումը եւ այն տալի՞ս է բավարար արդյունք, Արմեն Խաչատրյանը նշեց, որ հնարավոր չէ ապահովել հարյուր տոկոսանոց մաքրություն, եթե բնակիչներն իրենք չցանկանան, որ իրենց քաղաքը մաքուր լինի, բայց շաբաթօրյակները որոշակի առումով նպաստում են քաղաքի մաքրությանը, ինչը լավ է: Համապետական այս շաբաթօրյակին շարքային քաղաքացիների ընդգծված պասիվությունը պայմանավորեց անտարբերությամբ ոչ միայն իրենց քաղաքի, այլեւ` դիմացինի նկատմամբ: «Գուցե մարդկանց հոգսե՞րն է շատ, չգիտեմ, բայց շաբաթօրյակն արվում է իրենց մաքրության, իրենց երեխաների, իրենց շրջապատի  համար»,- ասաց համայնքապետարանի աշխատակիցը: Ի պատասխան գուցե մարդիկ հոգնել են անվճար աշխատելուց եւ դա համարում են աշխատանքի անուղղակի շահագործում, համայնքապետարանի բաժնի պետը նշեց, որ սովետի ժամանակ, այո, գուցե, բայց մարդիկ գիտակցաբար այն վերածում էին տոնի, ու հիմա համամիտ չէ, որ այն պիտի ընկալել որպես աշխատանքի շահագործում: «Այնպես չի, որ Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսությունը իր գործը չի անում, եւ հույսը մնում է շաբաթօրյակի վրա, բայց եթե բնակիչը չի մասնակցում եւ չի ցանկանում, որ իր տարածքը, իր տեսադաշտը մաքուր լինի, արդյունավետ չի լինելու, մենք մաքրելու ենք, իրենք կեղտոտելու են: Այստեղ նաեւ մեր քաղաքի բնակիչներն են հավաքվում նստում, այն մասնավոր տարածք է, գոնե չկեղտոտեն»,- իր մտահոգությունը հայտնեց Արմեն Խաչատրյանը:

Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Վաչիկ Միրաբյանը բնակչության պասիվությունը եւ շաբաթօրյակին չմասնակցելը բացատրեց միայն նրանց ցանկության բացակայությամբ, քանի որ իրազեկված են: Ի տարբերություն այս շաբաթօրյակի, Վաչիկ Միրաբյանը նույնպես դրական գնահատեց առաջին համապետական շաբաթօրյակին բնակչության ակտիվ մասնակցությունն ու արդյունավետությունը: «Համապետական շաբաթօրյակի արդյունավետությունը մարդկանց մասնակցությամբ է պայմանավորված, նրանց գիտակցական մակարդակի եւ քաղաքացի ձեւավորելու գործընթացով: Համապետական այս միջոցառումը քայլ է քաղաքացի կերտելու, քաղաքացի ձեւավորելու ճանապարհին»: Ի պատասխան բնակչության պասիվությունը արդյոք բացաբա՞ր է ազդելու հետագա հավանական շաբաթօրյակների կազմակերպմանը հարցին` Վաչիկ Միրաբյանը նշեց, որ, քաղաքը պիտի մաքուր պահենք, շաբաթօրյակով լինի, թե` առանց դրա, բայց երբ շաբաթօրյակը դառնում է ամենօրյակ, չի կարծում, թե այն նպաստում է մաքրման աշխատանքներին: «Ինչքան հաճախակիանում է շաբաթօրյակը, այնքան նվազում է մասնակցությունը: Հանրային տարածքները որ կեղտոտվում են, ոչ մեկը չի մտահոգվում դրա համար, բայց ցանկանում են մաքուր եւ գեղեցիկ քաղաք տեսնել` առանց իրենց մասնակցության»,- շեշտեց համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը` հավելելով, որ անցյալ շաբաթօրյակին իրենք մաքրել ենք այս տարածքը, հանձնել այն շահագործողին, բայց հիմա նրանցից ոչ մեկի մասնակցությունը չկա այստեղ:

Մեզ հաճելիորեն զարմացրեց Հիդրոշինարարների այգում մի քանի երիտասարդ մայրիկների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին: Որոտան 5 շենքի բնակիչ, երիտասարդ մայրիկ Ներինե Վերդյանն ասաց, որ իրենք համախմբված, սեփական ցանկությամբ իջել եւ մաքրում են այգին, քանի որ այստեղ իրենց երեխաներն են խաղում, իրենք են հանգստանում եւ զբոսնում, ու որեւէ մեկի շնորհակալությանը կամ` խրախուսանքին չեն սպասում: «Մեր խրախուսանքը մեր բալիկների անվնաս խաղն է այստեղ, մենք մաքրում ենք ապակու կտորները, որ մեր երեխաները հանգիստ խաղան: Ինքս Ստեփանակերտից եմ, եւ շատ կցանկանայի, որ Սիսիանն էլ Ստեփանակերտի նման մաքուր ու սիրուն քաղաք լինի: Ստեփանակերտում ծնողների հոգեբանության մեջ արդեն մտել է, որ իրենց երեխաներին թույլ չտան, որ աղբը նետի ուր պատահի, իսկ այստեղ մեծահասակներն են գցում, ուր մնաց` փոքրը չգցի: Ես կարծում եմ, որ մեծերի հոգեբանությունը պետք է փոխվի, որ փոքրը տեսնի` ինչպես է ծնողը իրեն պահում, որ ինքն էլ ընդօրինակի»,- ասաց Նարինե Վերդյանը:

…Եվ, այնուամենայնիվ, փողոցում ընկած մեկ ցելոֆանե պարկը, շշի ջարդված մեկ կտորտանքը կամ` աղբի մնացուկը վերացնելը այդքանով արդեն մաքրում է փողոցը, որտեղով անցնում ենք, բակը, որտեղ նստում ենք, քաղաքը, որտեղ ապրում ենք…

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *