ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ` ՍԻՍԻԱՆՈՒՄ

Արեւավառ գույներով, ձեւավոր փուչիկներով, դրոշակներով, ժապավեններով զարդարված Սիսիանի կենտրոնական հրապարակը, վաղ առավոտից, դեպի իրեն էր կանչում բազմաթիվ փոքրիկների, նրանց ծնողներին, տատիկ-պապիկներին: Քաղաքի գրեթե բոլոր անկյուններ հասնող զվարթ երաժշտությունը ավետում էր ոչ միայն ամռան սկիզբը, այլեւ` տարվա ամենասիրված ու սպասված տոնի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառումների մեկնարկը: Ամենուրեք աշխույժ, ժպտադեմ, վառվռուն աչիկներով երեխաներ են, հեքիաթի հերոսների հետ նկարվող մեծեր ու փոքրեր, ատրակցիոնների մոտ հերթի կանգնած մանուկներ, ու թվում էր` հրապարակը հեքիաթի մեծ բեմահարթակ էր, որտեղ հեքիաթն ու իրականը խառնվել ու լրացնում էին միմյանց:

Իր երկու դուստրերի հետ հրապարակ շտապող Արուսյակ Կարապետյանը շնորհավորեց բոլոր բալիկներին, նրանց ցանկացավ անհոգ մանկություն, առողջություն, ցանկացավ, որ մեծերը մի քիչ հեշտացնեն երեխաների կյանքը, որ նրանց մանկությունը եւ ուրախությունը չավարտվի միայն հունիսի մեկով: Արուսյակը նշեց, որ ունի երեք երեխա, մեծը 14 տարեկան է, փոքրը` երեք: Երեխաների միջեւ տարիքային նման տարբերությունը պայմանավորեց միշտ փոքրիկների հետ լինելու զգացողության հաճելիությամբ, ասելով, որ նրանց հետ ինքդ էլ մանկանում ես, եւ մանկան մաքուր ու վճիտ հայացքով նայում կյանքին ու աշխարհին:

Առավել ուշագրավ էր մեզ պատահած հաջորդ տեսարանը. չորս փոքրիկներին եւ նրանց ծնողներին հանդիպեցինք այն պահին, երբ արդեն մոտենում էին հրապարակին: Երեսնամյա Դավիթ Քարամյանն ասաց, որ ունի 5 երեխա, երեք տղա, երկու աղջիկ, զավակներից մեկին թողել էին տատիկի մոտ, մեծը 7 տարեկան է, փոքրը` 6 ամսական եւ իր կյանքի երջանկությունը իր 5 երեխաներն են: Հպարտությամբ շեշտեց նաեւ, որ ազգին երկու ապագա զինվոր եւ 3 ապագա մայր է նվիրել, բայց, նախ եւ առաջ, իր կյանքը լցնելու, հարստացնելու եւ նրանց լավ մարդ դաստիարակելու մեջ է տեսնում իր կոչումն ու դերը: Հարցին, կարողանո՞ւմ է հոգալ իր բազմանդամ ընտանիքի հոգսերը, Դավիթը նշեց, որ վարորդի իր աշխատանքով հոգում է բոլոր խնդիրները եւ ապահովում իր ընտանիքի ու իր երեխաների կարիքները: Ասում է` երեխան երբեք շատ չի լինում, եթե աստված տվել է, պիտի բերել եւ պահել: Դժվար չէ՞ մեծ ընտանիքի հոգսերը հոգալ ու պահպանել նաեւ ժպիտը, խանդավառությունը, ընտանիքի երիետասարդ մայրը` Արմենուհին, ասաց, որ այդ հոգսը միայն հաճելի եւ պարտավորեցնող է, ինչն ինքը տանում է սիրով, մեծ բավականությամբ ու համբերատարությամբ:

Երեխաների պաշտպանության օրը, նրանց տոնը, ինչ խոսք, թերի կլիներ առանց կարուսելի, եւ զվարթ խմբերով մարդկանց հոսքը դեպի կարուսել ամբողջացնում, լրացնում էր այդ ուրախությունն ու տոնական մթնոլորտը: Հաճելիորեն զարմացնում էր կարուսելների մոտ առաջացած հերթերը եւ մոտակա պուրակում խմբված մարդկանց բազմությունը: Կարուսելների տնօրեն Մաքսիմ Նավասարդյանը նշեց, որ սա էլ իրենց նոր տարին է, քանի որ, անձրեւային եղանակների պատճառով կարուսելային սեզոնը բացեցին ոչ թե մայիսի 1-ին, ինչպես սովորաբար է լինում, այլ` հունիսի 1-ին, եւ շատ տպավորված են կարուսել նստել ցանկացողների ակտիվ հոսքից: «Մեծերը պարտավոր են երեխաների մանկությունը հեքիաթ դարձնել, իսկ հեքիաթի մի հատվածը, ինչ խոսք, կարուսելն է: Ճիշտ է, այն գործում է սեզոնային, բայց այդ կարճ ժամանակն էլ բավարար է, որ երեխաները վայելեն ռամաշկայի, նավակի, գնացքի երանելի սլացքը, քանի որ, հայտնի հերոսի հայտնի խոսքերով ասած, բոլորս գալիս ենք մեր մանկությունից: Մաղթում եմ, որ մեր երեխաներն ապրեն խաղաղ երկրում, որ անվերջ երկարի նրանց մանկության ոսկե հեքիաթը ու հետագայում էլ թռիչքի թեւեր դառնա ողջ կյանքի համար»,-ասաց Մաքսիմ Նավասարդյանը:

Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնի մանկական թատերական խումբը (ղեկավար` Աննա Հակոբյան) իր փոքրիկ հանդիսատեսին ներկայացրեց «Քաջ Նազար», «Պապն ու շաղգամը», «Ծիտը» հեքիաթներից կազմված ներկայացումների շարքը եւ զվարճանքի բազում պահեր պարգեւեց ոչ միայն փոքրիկ հանդիսատեսին, այլեւ` նրանց ծնողներին:

…Աշխարհի հզորներ եւ պատերազմասեր երկրների ղեկավարներ, տարվա 365 օրվա մեջ, գոնե մեկ օր, Երեխաների պաշտպանության միջազգային օրը, մի պահ կանգ առեք, ետ նայեք դեպի անցյալ, հիշեք ձեր մանկությունը, հիշեք ձեր անավարտ ու անկատար երազները, ու փորձեք չխաթարել, չխեղել, չաղճատել ուրիշների մանկությունը, քանի որ ոչ մի արդարացում եւ ոչ մի ներում չունի աշխարհի եւ ոչ մի երեխայի կորսված մանկությունը, լացն ու որբությունը: Կա´նգ առեք, քանի որ դուք խաթարում եք աշխարհի մանկությունը…Կա´նգ առեք, քանի որ աշխարհին մանկան մաքրություն է պետք…

«Որոտան»

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *