ԵՐԿՈՒ ՏԱՂԱՆԴ` ԱՅՍ ՏՆԻՑ…

«Թեպետ մենք փոքր ածու ենք եւ թվով շատ սահմանափակ», ու` դեռեւս … չգործող, բայց եւ այնպես անցնող տարում Սիսիանի` Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի անվան տուն-թանգարանում էլ «գրելու եւ հիշատակելու արժանի կարեւոր գործեր կատարվեցին»… Կարեւորներից կարեւորագույնը շուրջ 60 տարի առաջ կերտված «Հովհաննես Թումանյան» սքանչելի քանդակի` անհայտ համարվող հեղինակի «հայտնաբերումն էր», որը ոչ այլ ոք էր, քան` նշանավոր քանդակագործ Արտաշես Հովսեփյանը: Այս բացահայտումը մեծ խանդավառություն առաջացրեց ոչ միայն Արտաշես Հովսեփյանի արվեստի երկրպագուների, այլեւ` նրա ժառանգների, մտերիմների ու հարազատների շրջանում:

Սիսիանի` Համո Սահյանի անվան մշակույթի տան մի անկյունում տարիներ ի վեր համեստորեն հանգրվանած եւ իր համար «խաղաղ ապրող» Թումանյանը հիմա ուրի՜ շ լույսի ներքո է երեւում` կրկնակի արժեքավոր. Թումանյան է,  եւ Արտաշես Հովսեփյանի «Թումանյանն է»: Քանդակի հեղինակի ով լինելը «բացահայտելուց» հետո մշակույթի տան տնօրեն Վարդուհի Մարգարյանի հոգածության արդյունքում այն մաքրվել է փոշուց, փոխվել է պատվանդանի կտորը, ետնախորշից տեղափոխվել է մշակույթի կենտրոնի նախասրահ, ու հիմա այնտեղ մտնողին առաջինը «դիմավորում է» Թումանյանի խոհական քանդակը եւ ներկայանում մեկ այլ հմայքով, մեկ այլ խորհրդով, մեկ այլ արժեւորմամբ ու բոլորահույս, որ օրերից մի օր կվերադառնա եւ մշակութային իր անգնահատելի ներկայությամբ կզարդարի հեղինակի անունը կրող տուն-թանգարանը, եւ, որպես մշակութային բացառիկ արժեք, կհամալրի Արտաշես Հովսեփյանի թանգարանային ժառանգությունը:

Ոչ պակաս կարեւոր էր դեռեւս 1991 թ.-ից Սիսիանի` Նիկողայոս Ադոնցի անվան պատմության թանգարանում գտնվող ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ «ԱՆԴՐԱՆԻԿԸ» դրվագաքանդակի ստեղծման եւ թանգարանում հայտնվելու պատմությունը, ինչի մասին առաջին անգամ հրապարակում եղավ 28 տարի հետո միայն` մեծ ոգեւորություն  առաջացնելով քանդակագործի արվեստի երկրպագուների եւ հարազատների շրջանում:

Ի լրումն վերը նշվածի, հավելեմ, որ անցնող տարին եւս մեկ նշանակալի հանգամանքով կարեւորվեց տուն-թանգարանի համար: Դեռեւս 1962 թվականին Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի բակում տեղադրված, ապա` համակարգի փոփոխությունից հետո այնտեղից հանված Արտաշես Հովսեփյանի «Կարլ Մարքս» կիսանդրին Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի համագյուղացի եւ մանկության ընկեր,  ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր հայրենակից Գրիշա Ղարիբյանի ջանքերով եւ նախանձախնդրությամբ պոլիտեխնիկական ինստիտուտի ղեկավարության կողմից նվիրվել է Սիսիանի տուն-թանգարանին, եւ կտեղափոխվի այնտեղ:

ՀՀ ԳԱԱ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄ ԳՐԻՇԱ ՂԱՐԻԲՅԱՆԸ  չի բավարարվել միայն սրանով. այս տարվա աշնանը նա եկավ Սիսիան եւ տուն-թանգարանին նվիրաբերեց նաեւ իր վրձնած` «Վայոց ձոր» կտավը:

Սիսիանի` Զաքար Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոցին հեղինակի կողմից նվիրաբերվելուց  25 տարի հետո միայն առաջին անգամ տեղեկություն հրապարակվեց եւ դպրոցի պատերից «դուրս բերվեց» ճանաչված քանդակործ Հովհաննես Մուրադյանի` Զաքար Խաչատրյանի դիմաքանդակը  աշխատանքը` դառնալով հանուրի սեփականությունը, ակնկալիքով, որ թանգարանը գործելու պարագայում այն «տուն կվերադառնա»` հարստացնելով եւ համալրելով թանգարանային ֆոնդը:

Այս ամենը Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի արվեստի երկրպագուներին ու իմ էջի հետեւորդներին ներկայացրել եմ ամենայն սիրով ու ջանադրությամբ, տուն-թանգարանի վարիչի նախանձախնդրությամբ ու լրագրողի սրտացավությամբ, նաեւ` հավատով, որ սիսիանցիները, եւ` ոչ միայն, եւս մի բան իմացան իրենց նշանավոր հայրենակիցների մասին եւ ունեցան հպարտության անչափել այն զգացումը, ինչը որ ունեցել եմ ինքս` տասնամյակներ ի վեր «անհայտության մեջ ապրող» մշակութային այդ սքանչելի արժեքները բացահայտելիս, նրանց վրա լույս սփռելիս եւ արվեստասեր հանրությանը ներկայացնելիս…

Հ.Գ. 2020 թվականին հղում եմ բազմաթիվ ցանկություններ, նպատակներ, երազանքներ` անձնական ու անանձնական, որոնցից մեկը` նորոգված ու գոծող տեսնելն է այն տունը, այն օջախը, որը երկու տաղանդավոր արվեստագետ է տվել մեր մշակույթին` իրավամբ բոլորիս տալով նաեւ նրանցով հպարտանալու իրավունք:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

3 մեկնաբանություն ԵՐԿՈՒ ՏԱՂԱՆԴ` ԱՅՍ ՏՆԻՑ… հոդվածին

  1. Ապրի Արևհատ Ամիրյանը, որ մանրակրկիտ ձևով հետևում է արվեստի զարգացմանը:

  2. Հրաշալի նորություններ են, շնորհավորում եմ բոլորիս…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *