ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՍԻՍԻԱՆՈՒՄ

1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը հայ ժողովրդին պատճառված մեծագույն ողբերգություններից մեկն էր: Երկրաշարժի հետևանքների հաղթահարման համար Սիսիանը նույնպես իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց: Երկրաշարժի հենց հաջորդ օրը աղետի գոտի ուղարկվեցին 15 ավտոբարձիչ, մեծ քանակությամբ դեղորայք, սննդամթերք:
Մի քանի ամսվա մեջ հիմնարկ-ձեռնարկությունների կողմից պատրաստվեցին 100 փայտե տնակներ և ուղարկվեցին երկրաշարժի գոտի: Բացի դա մեծ թվով կամավորներ մեկնեցին այնտեղ` անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: Հենց այդ օրերին էլ ծնվեց երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի կառուցման գաղափարը: Տեղադրման տեղն ընտրվեց 1968 թվականի երկրաշարժից տուժած դաստակերտցիների համար ֆիննական փայտե տնակներով կառուցված թաղամասը, իսկ նախկին Հոկտեմբերի 50-ամյակի փողոցը վերանվանվեց Շիրակի: Հուշարձանի նախագծի հեղինակը Սիսիանի ճարտարապետ Հրահատ Հակոբջանյանն է: Ամբողջը բազալտից է, որը կերտել է քարագործ-վարպետ Միհրդատ (Մհեր) Սիմոնյանը: Հեղինակը դրան տվել է «Լացող հուշարձան» անվանումը, քանի որ ամբողջ քարազանգվածի ներքևի հատվածից արցունքի պես կաթկթում են ջրի կաթիլները:Աջ հատվածում մեծ սալաքարի վրա գրված է. «ՀԱՅԱՍՏԱՆԻ 1988Թ. ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻՆ»: Հուշարձանի կառուցման օրերին Սիսիանում էր գտնվում Համո Սահյանը: Ընդառաջելով մեր խնդրանքին, որպես հուշարձանի բնաբան, նա գրեց հետևյալ տողերը.
Հայրենի իմ հող,
Խանգարված երազ,
Հայրենյաց ոգի,
Դու ապրած կենաս:
Այս տողերը փորագրվեցին հուշարձանի սյան վերևի հատվածում:
Բացումը կատարվեց երկրաշարժի տարելիցի օրը`1989 թվականի դեկտեմբերի 7-ին:

Henzel Araqelyan-ի ֆեյսբուքյան էջից

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *