Երևանից Սիսիան` ոտքով…

Եթե ուզում եք ցրվել կորոնավիրուսյան մռայլ մտքերից, իմ այս պատմվածքով եկեք միասին ոտքով գնանք Սիսիան:

Ես, հայրս և հորեղբայրս միասին որոշեցինք հորս
վաթսունամյա հոբելյանը նշել երևանից Սիսիան արշավով: Պետք էր Երևանի մեր տնից հասնեինք Սիսիանի Բռնակոթ գյուղի մեր տունը:

1981թվականի հունիսի 11-ին, գիշերվա ժամը 4-ին հորեղբայրս դուռը ծեծեց, մենք էլ արդեն պատրաստ էինք, ճանապարհվեցինք: Դեռ մութ էր, քաղաքը քնած էր, փողոցներում ո՛չ շուն կար, ո՛չ մեքենա, օդը մաքուր էր ու զով: Հարազատ վայրերը ոտքով հասնելու մեր ոգևորությունը մեծ էր այնքան, որ ոչ թե քայլում էինք, այլ սավառնում:

Շատ շուտ հասանք Երևանին ամենամոտ Այնթապ գյուղը: Այնթապից մինչև Արարատ քաղաք ճանապարհը անցնում է իրար կպած բնակավայրերի միջով (50կմ), իսկ մի բնակավայրից մյուսը անցումը կարելի էր իմանալ միայն ցուցանակների միջոցով: Արևը բարձրանալու և մեր հոգնածության հետ արդեն դանդաղ էինք քայլում: Ճանապարհին իրենց գործով զբաղված շատ մարդկանց հանդիպեցինք: Մի տեղ էլ թութ թափ տվողները, իրենց գործից շեղվելով, հետաքրքրվեցին, թե ով ենք և ուր ենք գնում: մեզ ուղղված հայացքները շատ էին, բայց քչերն էին համարձակվում հարցերով փարատել իրենց հետքրքրասիրությունը:

Մոտ 25 կմ էինք անցել, Արտաշատի գյուղերից մեկով անցնելիս մեկը հետևներիցս ձայն տվեց. ,,Հլը սպասեք, էդ ու°ր եք գնում,,: Տոնը այնպիսին էր, կարծես իր չարչարանքով վարած հողամասն էինք տրորում: Շրջվեցի, տեսա, որ արդեն հորեղբայրս, ով չափազանց համեստ ու հեզ բնավորություն ուներ, խեղճացած ,,բացատրություն,, է տալիս՝ հայցելով ձայն տվողի ներողամտությունը: Չգիտեմ՝ որքանով ինձ կհաջողվի ներկայացնել մեզ կանգնեցնողին, բայց կփորձեմ. ցածրահասակ, անհամաչափ կազմվածքով, ամառվա շոգին անհարիր կոստյումով (ոչ իր չափով), վառ կարմիր,թե կանաչ (լավ չեմ հիշում) փողկապով, ճմրթված կաշվե թղթապանակը թևի տակ և այս ամենին համապատասխան դեմքով:
Հորեղբորս խեղճացած տեսքը և այդ տեղերում իրեն թագավոր զգացողի՝ հորեղբորս ուղղված հայացքը շանթահարեց ինձ: Զայրույթից հոգնածությունս մոռացա, նաև այդ պատճառով արդեն չեմ հիշում, թե ինչ խոսքերով ցասումս ու զայրույթս արտահայտեցի, բայց լավ եմ հիշում, որ կարողացա դրան վախեցնել ոնց որ պետք էր: ,,Թագավորի,, պոչը քաշելուց հետո սկսեցի մեղմորեն հանդիմանել հորեղբորս այդպես խեղճանալու համար:

Թեև արշավականի բավարար փորձ ունեի (Հյուսիսային Կովկասի ,,Բակսան,, ալպինիստական ճամբարում համապատասխան դասընթացների և ստուգարքային արշավների արդյունքում ստացել էի ,, ՍՍՀՄ ալպինիստ,,-ի կոչում), արշավին նախապատրաստվել էինք հապճեպ և բավականին ոչ հեռատեսորեն: Գաղտնիք չէ, որ արշավականի համար շատ կարևոր է կոշիկների ճիշտ ընտրությունը: Դրանք պետք է լինեն առավելագույնս հարմար, իսկ ես վրիպել էի հենց այդ առումով:Կոշիկներիս ներբանները այնքան բարակ էին, որ շոշափվում էին ասֆալտի ավազահատիկները, իսկ արևից շիկացած ասֆալտը այրում էր թաթերս:

Արդեն մութն ընկնում էր, հասանք Արարատ քաղաքը: Երեքս էլ շատ հոգնած էինք ու թեև մեզ հետ վրան ունեինք, զգացինք, որ մեզնից ոչ մեկը այն բացելու ուժը չունի, ուստի որոշեցինք գիշերել քաղաքի հյուրանոցում:

Հյուրանոցի ադմինիստրատորը պահանջեց մեր անձնագրերը: Իմանալով, որ անձնագիր չունենք, վերցրեց հեռախոսը և զանգահարեց : Հինգ րոպե անց եկան ոստիկանությունից և երեքիս տարան հարևանությամբ գտնվող ոստիկանական բաժին: Այդ ժամանակ իմացանք, որ Արարատ քաղաքը համարվում է ՍՍՀՄ սահմանային գոտի, և որ պարտավոր էինք ունենալ այդտեղի մուտքի թույլատվություն: Բանը հասավ նրան, որ մեզ երեքիս առանձին-առանձին հարցաքննեցին հետևյալ ձևաչափով՝ ո°վ ենք, ու°ր ենք գնում, ի°նչ նպատակով: Հարցաքննությամբ պարզեցին, որ մենք վստահելի մարդիկ ենք ու այնքան վստահելի, որ ոստիկանությունը ինքը միջնորդեց առանց անձնագրի հյուրանոցում տեղավորելու համար:

Թեև մեզ հատկացված սենյակը դրախտ թվաց, բայց անչափ հոգնածության պատճառով չկարաղացանք լավ քնել: Այնուամենայնիվ, առավոտյան բավականին առույգ էինք և լավատես:

Այդ օրվա մեր ճանապարհը մոտ 40 կմ բավականին կտրուկ վերելք էր: Համոզված էինք, որ մեր վերցրած ջրի քանակը լիովին կբավականացնի մինչև առաջին աղբյուրին հասնելը: Սակայն շատ շուտ հասկացանք, որ այս հաշվարկում նույնպես սխալվել ենք, քանի որ սաստիկ շոգը ստիպում էր անընդհատ խմել: Ընդամենը 15 կմ էինք անցել, երբ մեր վերցրած ջուրը սպառվեց:

Դատարկ տարաները բարձր պահած անցնող մեքենաներին հասկացնում էինք, որ ջուր ենք խնդրում: Իսկ նրանք գլխի բացասական շարժումով հասկացնում էին, որ չունեն: Արդեն համարյա հույսներս կտրած, բայց դեռ շարունակում էինք մեր խնդրանքը, երբ բոլորովին անսպասելի մեզ մոտեցավ ու կանգնեց ջուր տեղափոխող մի մեքենա: Պարզվեց, որ ամեն օր այդ մեքենան խմելու ջուր է տանում նոր հիմնված Սևակավան գյուղի համար:
Պատկերացրեք մեր ուրախությունը, երբ վարորդը վարար շիթով բացեց խողովակը: Ուրախ-ուրախ լցրեցինք մեր բոլոր տարաները, լվացվեցինք, զովացանք: Վարորդը բավականությամբ էր նայում , գոհ էր , որ այդպիսի տրամադրություն է պարգևում մեզ:
Սևակավանից մոտ 2 կմ անցնելուց հետո հասանք այդ ժամանակ Քյարքի կոչվող ադրբեջանական փոքրիկ գյուղը (ներկայումս Տիգրանակերտ): Քարտեզի վրա այդ գյուղը սլաքով միացված էր Ադրբեջանին՝ որպես Ադրբեջանի վարչական տարածք: Այդ մասին ես չգիտեի , դրա համար շատ զարմացա , երբ մեզ հանդիպած երեխաները հայերեն չհասկացան:

Գյուղամիջի աղբյուրի նովակում երկու կին բուրդ էին լվանում: Բարևեցինք, քաշվելով պատասխանեցին: Քիչ հեռու կանգնած տղամարդը մոտեցավ, բարևեց, հայերենով հարցրեց մեր ճամփորդության նպատակի մասին: Իմանալով, որ հեռու ենք գնալու ասաց. ,,Գնանք տուն, հաց կերեք, թեյ խմեք, հետո գնացեք,,: Շնորհակալությամբ մերժեցինք հրավերքը:

Երեկոյան ժամը 11-ին հասանք Ելփին գյուղի ծխախոտի չորանոցները: Թույլ անձրև սկսվեց: Ես սկսեցի արագ-արագ վրանը բացել: Հայրս ու հորեղբայրս, չհամբերելով գործիս ավարտին, փոքր երեխաների նման ուրախ-ուրախ մտան վրանը՝ անձրևից պատսպարվելու:

Այդ գիշեր նախորդից լավ քնեցինք: Առավոտյան զգացի, որ ոտքերիս հարված մասերի ցավը շատացել է, բայց ինձ տրամադրեցի, որ ամեն ինչ լավ է լինելու:

Ժամը 12-ին մոտ հասանք Արենի գյուղ: Ճանապարհից վերև, ձախ կողմի վրա փոքր ճաշարան կար (հիմա էլ կա, բայց չի գործում), որոշեցինք այդտեղ ճաշել: Հաշվի առնելով, որ նման տեղերում հաճախորդներին ավելի շատ թալանում են, քան սնում, աշխատողին նախապես զգուշացրի, որ ավել չհաշվի:
Ինչպես մեծն Սարոյանը կասեր՝ ,,փառահեղ ճաշեցինք,, և վճարեցինք ընդամենը 5 ռուբլի:

Մեզ պետք էր գետի ափին մի քիչ էլ հանգստանալ, թաթերիս ցավը արդեն շատ էր անհանգստացնում:
Հասանք գետ, հանեցի կոշիկներս ու տեսա աներևակայելին՝ թաթերիս տակ ամբողջ մակերեսով՝ կրունկից մինչև մատներիս ծայրը կարմիր փուչիկներ էին:
Հոգեբանական հարվածը զրոյացրեց ֆիզիկական ամբողջ պոտենցիալս: Թևաթափ եղա այնպես, որ ինձ թվաց՝ նույնիսկ կանգնել չեմ կարող:

Երեքով բավականին երկար որոշում էինք ինչ անել: Պարզ էր, որ այդ վիճակով ինձ համար անհնար էր շարունակել քայլել, ուստի որոշվեց, որ այդտեղից ես ճանապարհս շարունակեմ մեքենայով, իրենք՝ ոտքով: Այդ որոշումը ինձ մի քիչ ուժ տվեց, որպեսզի կարողանամ հասնել Եղեգնաձոր, որտեղից էլ պետք է մեքենա նստեի:
Կանգնած ենք ու սպասում ենք Սիսիան գնացող պատահական մեքենայի: Սպասում ենք, ու զգում եմ, որ հորս ու հորեղբորս տրամադրությունները սպասման հետ փոխվում են, և որ իրենք էլ կցանկանային ինձ հետ գալ, բայց մի տեսակ չեն ուզում խոստովանել: ,,Եկեք միասին գնանք,,- առաջարկեցի ես : ,,Ճիշտ ես ասում, առանց քեզ լավ չի լինի,,-համաձայնեց հայրս:,,Համ էլ ճանապարհի շատը անցել ենք,,-,,արդարացավ,, հորեղբայրս: Նոր որոշումը երեքիս տրամադրությունն էլ բարձրացրեց, ու արդեն անհամբեր ենք սպասում մեքենայի:

Մի բեռնատար կանգնեց, երեքով բարձացանք թափքին: Պարզվեց, որ քարածուխ է տեղափոխում, ու նստեցինք հենց ածուխների վրա: Երեք օր 40 աստիճան շոգին քայլողի համար դա մի քանի աստղանի հարմարավետության կարգի հարմարավետ էր: Անհարթ ճանապարհին մեքենայի յուրաքանչյուր ցնցումից քարածխի փոշին բարձրանում էր և նստում մեր՝ առանց այն էլ սևացած մաշկին ու շորերին: Տեղ հասանք նեգրեր դարձած ու իմացանք, որ ամբողջ գյուղը խոսում է մեր արկածախնդրության մասին: Ճանապարհին մեզ նկատած գյուղի վարորդներն էին լուրը մեզնից շուտ հասցրել:

Այնպես ստացվեց, որ երեքս Երևան վերադարձանք առանձին-առանձին: Ու մի քանի օր անց, երբ մեր տանը հիշում և խոսում էինք մեր ճանփորդության մասին, հորեղբայրս ասաց. ,,Հիշու°մ եք այն ճաշարանը, որտեղ երեքով ճաշելու համար վճարեցինք 5 ռուբլի: Վերադառնալիս ես մենակ ճաշեցի ու միայն մեկ բաժնի համար ինձնից 5 ռուբլի վերցրին,,:
Այդ ժամանակ հասկացա, որ հորեղբայրս ողջ կյանքում իր համեստության և խեղճության պատճառով ամեն ինչի համար վճարել է եռակի:

Լալա Պողոսյան 23. 07. 2018թ.

Lala Pogosyan-ի էջից

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *