ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄ` ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Արցախյան ազատամարտի նահատակ, Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ Վուրգ Ոսկանյանի արծվաթռիչ ու թեւատարած քանդակի մոտ, Ազատամարտի հրապարակում, «Հայր մերի» եւ «Մեր հայրենիքի» պատասխանատու խոսքերի ուղեկցությամբ, մարտական փառավոր ուղի անցած Սիսական գնդի դրոշի ներքո, հրամանատարների, զինակից ընկերների, ծնողների, հարազատների վկայությամբ, Սիսիական գնդի նորակոչիկները կատարեցին զինվորական կյանքի ամենակարեւոր արարողությունը` հանդիսավորությամբ երդվեցին ծառայել երկրին, հայոց պետությանն ու ժողովրդին, սահմանադրությանն ու օրենքներին, իսկ երդումը դրժելու դեպքում` պատժվել օրենքի ողջ խստությամբ…

Կարեւորելով հայոց բանակի զինվորի եւ հայ տղամարդու կյանքում զինվորական երդման պատասխանատվությունն ու պարտավորեցնող դերը` զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Բաբայանն այն համարեց ամենապատվավոր իրադարձությունը: «Այսօր բոլորս մեր աչքերով տեսանք հայ քաջերի` «երդվում եմ» ուխտը, կուռ շարքերով եւ հպարտ կեցվածքով երդվող զինվորները հայկական պետականության, մեր ազգային երազանքների մարմնացումն են, մեր անկախության եւ խաղաղության գրավականը»,- ասաց Ալիկ Բաբայնը` հավելելով, որ երդման վայրը սրբացնում է երդումը, հավերժ պայքարի իր խորհրդով մեզ անընդհատ հիշեցնում, որ մեր ազգին բաժին հասած ճակատագրով մենք պարտավոր ենք լինել ուժեղ ու միշտ պատրաստ` հաղթական ավարտին հասցնելու կիսատ թողածը: Ընդգծելով երդման վայրը Վուրգ Ոսկանյանի արձանի մոտ կատարելու պատասխանատվությունը, Ալիկ Բաբայանը նշեց, որ Արցախյան ազատամարտի նահատակ Վուրգ Ոսկանյանի հուշարձանը բոլորիս հիշեցնում է, որ թշնամին երբեք չի դադարում լինել թշնամի, պարզապես սսկվում եւ թաքնվում է, երբ մենք ուժեղ ենք, հարձակվում, երբ թուլանում ենք: Նկատի ունենալով պատմականորեն մեզ բաժին հասած այս ճշմարտությունը, երդվյալ զինվորներին հորդորեց ձեռքերով ամուր բռնել զենքը, ոտքերով ամուր կանգնել հայոց հողին, որպեսզի իրենց վստահությամբ` վայելենք խաղաղությունը ու հորդորեց ավարտին հասցնել իր ողջ կյանքը հայրենիքի ազատության, անկախության եւ միասնության համար բոցավառված Վուրգի կիսատ թողած գործը, երկու տարի անց նույն հպարտությամբ եւ հերոսին արժանի մեծարանքով վերադառնալ իրենց ընտանիքներ:

Գիտակցելով երդման արարողության ողջ պատասխանատվությունն ու կարեւորությունը` նորակոչիկ զինծառայող շարքային Սիմակյանը զինվորին վայել վստահությամբ հավաստեց, որ երդման արարողությունը տոն է ինչպես Սիսական գնդում, այնպես էլ` իրենց ընտանիքներում, քանզի եկել է հայոց բանակ զորակոչված յուրաքանչյուր երիտասարդի` հայրենիքի հանդեպ իր հոգու պարտքը տալու պահը, եւ հավաստիացրեց, որ, ինչպես դարեր ի վեր մեր պապերն են մարտի գնալուց առաջ երդվել պայքարել երկրի եւ ազգի թշնամիների դեմ, այնպես էլ իրենք են պատրաստ իրենց վրա վերցնել այդ պատասխանատու դերը: Երդվյալ զինվորը խաղաղություն ցանկացավ հայոց երկրին ու ժողովրդին, մաղթեց, որ զենքերը «խոսեն» միայն զորավարժություններում, բայց եթե հարկ լինի, պատրաստ են միահամուռ կամքով արժանի հակահարված տալ թշնամուն: «Թշնամուն զսպելու, խաղաղությունն ապահովելու լավագույն երաշխիքը նրան մարտունակությամբ գերազանցող, հարկ եղած դեպքում ջախջախիչ հարված հասցնելու ունակ բանակն է: Ոչ մեկիս մոտ կասկած չպետք է լինի, որ հայոց բանակը հենց այդպիսինն է, եւ նրա պաշտպանության ներքո հայ ժողովուրդը կարող է հանգիստ ապրել ու շենացնել հայրենի երկիրը»,- ասաց երդվյալ զինվորը:

Զինվորական երդում տված նորակոչիկ զինվորի` Արտեմ Խառատյանի հայրը` Ալեքսան Խառատյանը, շնորհավորեց իրենց զավակներին հայրենիքի զինվոր դառնալու, նման հանդիսավորությամբ զինվորական երդում տալու կապակցությամբ, նրանց հորդորեց ամուր կանգնել հայոց հողին եւ շարունակել ազատամարտիկների այն հաղթանակները, որ կերտեցին 90-ականների եւ քառօրյա պատերազմի ընթացքում:

Իր որդու երդման արարողությանը ներկա գնտվելու համար Մասիսից Սիսիան եկած Սամվել Դիլանյանը նշեց, որ մեծ հուզմունք եւ մեծ հպարտություն է ապրում` տեսնելով զինվորական համազգեստ կրող իր որդուն, ասաց, որ հոգին հպարտությամբ է լցվել, որ նման առողջ, պատասխանատու եւ գիտակից որդի է մեծացրել ե՛ւ իր, ե՛ւ հայրենիքի համար, բարի եւ անփորձանք ծառայություն մաղթեց ե՛ւ իր որդուն, ե՛ւ բոլոր նորակոչիկներին, քանի որ բոլորն էլ մեր որդիներն են ու մեր զավակները: «Մեր ազգի զինվորն են, ուրեմն բոլորիս զինվորն են»,- ասաց նորակոչիկի հայրը:

Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր Հովիվ Տեր-Պարգեւ Զեյնալյանը պահպանիչ աղոթք կարդաց, մաղթեց անփորձանք ծառայություն, նշեց, որ, հմտանալով իրենց ծառայության մեջ, այս երիտասարդները պատվով կատարեն իրենց պարտքը հայրենիքի հանդեպ եւ վերադառնան իրենց ընտանիքներ ավելի իմաստնացած, ավելի զորացած եւ հայրենասիրության գործով իրենց ընթացքը զարդարած:

«Որոտան»

 

 

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *