ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ` ՍԻՍԻԱՆԻ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ձեռամբ 4 -րդ բանակային կորպուսի ավագ գնդերեց Տեր-Գալուստ քահանա Սահակյանի եւ Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր-Պարգեւ Զեյնալյանի, կատարվեց մկրտության կարգ, եւ Սիսիանի զորամասի` մեկ տասնյակից ավելի զինվորներ դարձան հայ առաքելական սուրբ եկեղեցու հետեւորդներ: Մկրտության հանդիսապետությանն օժանդակում էին Վայքի եւ Սիսիանի զորամասերի գնդերեցները եւ սարկավագներ:

Ինչպես նշեց Սիսիանի զորամասի գնդերեց Իշխան սարկավագ Գեւորգյանը, յուրաքանչյուր նորակոչիկի հետ տարվող անհատական աշխատանքի արդյունքում, նրանց ցանկությունը հաշվի առնելով, իրականություն են դարձնում հայ առաքելական սուրբ եկեղեցում մկրտվելու նրանց մտարդությունը, նրանց հոգեւոր ծնունդը: Իշխան սարկավագը նշեց, որ երեք տարի է` ինչ հոգեւոր սպասավորություն է անում Սիսիանի զորամասում, բազմաթիվ համատեղ միջոցառումներ են կազմակերպել Սիսիանի համայնքապետարանի հետ եւ բազմիցս է համոզվել Սիսիանի համայնքապետարան- համայնքապետ-բանակ-զորամաս կապի ամրության մեջ, ապա շնորհակալություն հայտնեց Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին` մկրտության կարգի հովանավորության եւ աջակցության համար:

Շարքային Գրիգոր Վարդանյանը, ով բավականին հուզված եւ տպավորված էր մկրտության արարողությունից, ասաց, որ ընդամենը 4 ամիս է ծառայում հայոց բանակում եւ իր համար շատ կարեւոր էր մկրտվելն ու հայ քրիստոնյա դառնալը, քանի որ իր հավատքն ավելի զորացավ առ աստված, առ հայրենիք եւ առ հայոց բանակ: Շատ կցանկանար, որ ծնողներն էլ ներկա լինեին իր հոգեւոր ծննդին, բայց ինչ-ինչ հանգամանքների բերումով ներկա չեն, սակայն եւ իր կնքահայրը, եւ հոգեւոր կարգը կատարող հոգեւորականները իր եւ իր հետ մկրտված ծառայակիցների եւ ավազանակիցների համար աղոթեցին, խնդրեցին հույս, հավատ, սեր, խնդրեցին աստծուց` պահապան լինել հայոց բանակին եւ հայ զինվորին, ինչը չափազանց մեծ պատասխանատվություն է իր համար որպես հայոց բանակի զինվոր եւ հայոց երկրի քաղաքացի:

Ավագ սերժանտ Վահիկ Գրիգորյանը, որ դարձել էր վաշտի ավագի կնքահյարը, նշեց, որ մեծ պարտավորվածություն է կրում որպես կնքահայր, եւ թեպետ իր սանը ժամկետային զինծառայող է, եւ իրենց ճանապարհները, բնականաբար, նրա ծառայությունից հետո կբաժանվեն, ինքը կշարունակի կատարել կնքահոր` իր պարտականությունները նաեւ հետագայում, քանի որ հայ իրականության մեջ կնքահայրը, ծնողից հետո, համարվում է երկրոդ ծնողը` պատասխանատվության իր դերով:

Չորս տարեկանից ընտանիքի հետ Ղազախստանում բնակություն հաստատած եւ իր սրբազան պարտքը կատարելու համար հայրենիք վերադարձած ու մայրենի լեզվով շատ քնքշորեն խոսող շարքային Դավիթ Ղազարյանի համար մկրտության արարողությունը չափազանց հուզիչ էր, տպավորիչ եւ, ինչպես ինքն ասաց, անմոռաց ամբողջ կյանքի համար: Նշեց, որ ավագ եղբայրն էլ է Ղազախստանից եկել ու ծառայել հայրենիքին, շատ հետաքրքիր բաներ է պատմել զինվորական ծառայությունից, ասել, որ հայկական բանակը շատ հզոր է, հիմա էլ ինքն է եկել ու ծառայում է սիրով, համոզված, որ հայ առաքելական եկեղեցում մկրտվելն էլ ավելի կզորացնի իր սերը հայրենիքի հանդեպ եւ կամրապնդի զինվորի` իր հավատը:

Դասակի հրամանատար, ավագ լեյտենատ, բռնակոթցի Գառնիկ Աշոտյանն ասաց, որ դեռեւս մեկ տարի առաջ է որոշել, որ ինքն անպայման պիտի մկրտվի եւ իր կնքահայը պիտի լինի Սիսիանի զորամասի գնդերեց Իշխան սարկավագ Գեւորգյանը, ու շնորհակալություն հայտնեց, որ սարկավագը չի մերժել իր առաջարկությունը ու սիրահոժար ստանձնել է այդ պարտականությունը, ինչի համար շոյված է եւ զգացված:

Շնորհավորելով բոլոր մկրտվածներին` 4 -րդ  բանակային կորպուսի ավագ գնդերեց Տեր-Գալուստ քահանա Սահակյանը նշեց, որ չափազանց խորհրդավոր է այս մկրտության արարողությունը, եւ իրենք հոգեկան մի քիչ այլ զգացողություն ունեցան, քանի որ զինվոր են մկրտում: Տեր-Գալուստը ցանկացավ, որ ամբողջությամբ ի կատար ածվեն այն բոլոր մաղթանքները, որ հնչեցրեցին իրենց աղոթքներում: Իր վստահությունը հայտնելով հայ զինվորի` զենք կրելու եւ հայրենիքի անվտանգության երաշխավորը լինելու մեջ, ավագ գնդերեցը հավելեց նաեւ, որ այսօր նրանք զինվեցին եւս մեկ կարեւոր` հոգեւոր զենքով, ապա մաղթեց, որ նրանց դեմքին, ճակատին, թիկունքին քսված սուրբ մյուռոնը ամուր վահան ու դուռ լինի բոլոր չարիքների ու վատ խոսքերի դեմ: Շնորհակալություն հյատնելով Սիսիանի համայնքի ղեկավարին եւ Սիսիանի զորամասի հրամանատարին` Տեր-Գալուստը նշեց, որ մեր երկրի, մեր հայրենիքի հաջողությունները ոչ միայն անհավանական չեն, այլեւ` երաշխավորված են հենց բանակի, հրամանատարի, համայնքապետի եւ քաղաքացիների միակամությամբ եւ բացահայտեց մի գաղտնիք, ըստ որի բանակի հոգեւոր առաջնորդությունը գնահատում է Սիսիանի համայնքի ղեկավարին` զինվորին աջակցելու եւ նրա կողքին լինելու համար:

Մկրտության արարողության ավարտին Սիսիանի համայնքապետն ու Սիսիանի զորամասի հրամանատարը Աստվածաշունչ գրքեր եւ աղոթքներ նվիրեցին մկրտվածներին:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *