ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՅՑ` ՍԻՍԻԱՆԻ ԶՈՐԱՄԱՍ

Հայ զինվորին զորակցելու, նրա հավատն անսասան դարձնելու, ժողովուրդ-զինվոր-հոգեւորական եռամիասնություն կապն ամրապնդելու եւ այս հավատամքով ազգն ու բանակը մեկ միասնություն ընկալելու առաքելությամբ` արդեն ավանդական են դառնում Հայաստանյայց առաքելական եկեղեցու թեմերի եւ Հայաստանի զորամասերի միջեւ եղբայրական այցելությունները, որի նպատակը զինվորներին քաջալերելու, ոգեպնդելու, միմյանց սիրելու եւ աստծո մյուս պատվիրանները փոխանցելու ուխտն է:

Հերթական այց-ուխտը զուգադիպեց համապետական զորավարժություններին, որը, ինչպես նշեց Սիսիանի զորամասի զինվորներին այցելած Արարատյան հայրապետական թեմի Բյուրավանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր- Ղազար քահանա Պետրոսյանը, նաեւ աստծո նախախնամությամբ էր, որպեսզի մեկ անգամ եւս հավաստի, որ հայ զինվորը, հայ հոգեւորականը եւ հայ ժողովուրդը միասնական են երկրը պաշտպանելու, երկիրը զորացնելու եւ մեր բանակն ու մեր պետությունը կայացնելու դժվարին ու կարեւոր ճանապարհին:

Տեր-Ղազար քահանա Պետրոսյանը նշեց, որ Արարատյան հայրապետական թեմի Արարատի մարզի հոգեւոր տեսուչ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի եւ թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ամեն տարի իրագործվում է «Լավագույն բերքը` զինվորին» ծրագիրը, Արարատյան դաշտի համայնքներում կատարում են պտղահավաք եւ աստծո տված բերքից բաժին են հանում նաեւ որեւէ զորամասի, հանդիպում են զինվորներին, զրուցում, կատարում ժամերգություն, միասին աղոթք բարձրացնում առ աստված, որ ավելի զորեղանա հայ զինվորը, հայոց բանակը եւ անսասան դառնա նրա ուժն ու բազուկը` երկրի սահմանները պաշտպանելիս:

Բյուրավանի եկեղեցու դպրաց դասի, Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր-Պարգեւ Զեյնալյանի, գնդերեց Իշխան սարկավագ Գեւորգյանի ու զինվորների մասնակցությամբ Սիսիանի զորամասի մատուռում կատարվեց ժամերգություն, որից հետո իր քարոզ-խոսքում Տեր-Ղազարը զինվորներին կոչեց հայ ազգի հերոսներ, ովքեր կանգնած են վտանգավոր ագրեսիայի դեմ եւ  այն կարող են դիմակայել միայն միմյանց սիրելով, միմյանց սատարելով, միմյանց թիկունք լինելով, հանդուրժելով, ինչպես որ դա արել են իրենց նախորդները արցախյան ազատամարտում եւ ապրիլյան քառօրյայում:

Տեր-Ղազարը զորամասի գրադարանին նվիրեց Աստվածաշունչ, Ազգապատում եւ արժեքավոր այլ գրքեր, որոնք, ինչպես հավաստեց տեր հայրը, կնպաստեն զինվորի ոգու ամրությանը, հավատքի զորությանը, հայրենաճանաչությանն ու հայրենասիրությանը:

Ժամերգությանը մասնակցած զինծառայող Գարիկ Կարապետյանն ասաց, որ ծիսակարգն ու քարոզխոսությանը բարերար ազդեցություն ունեցան իր հոգեւոր դաստիարակության վրա, եւ ինքը ոգով ավելի պինդ ու կամքով ավելի արի դարձավ, քանի որ աստված սեր է, եւ ինքն ապրում ու ծառայում է սիրով, իսկ անհրաժեշտության դեպքում, մարտի դաշտում, այդ սերն իրեն կտոգորի հզոր հավատով եւ զորեղ ուժով:

«Հավատից բացի այս ժամերգությանը մասնակցելը ինձ տվեց նաեւ քաջություն, զորեղացրեց կամքով: Աստված, լիելով մեր մեջ, մեզ դարձնում է խիզախ, եւ մենք քաջ լինելով, պատվով կարող ենք պայքարել թշնամու դեմ: Սա մեզ սովորեցրեց, որ հայրենիքը նույնպես ծնող է, որի համար նույնպես արժե կյանքը զոհել: Մեկ անգամ էլ համոզվեցինք, որ ժողովուրդը եւ նրա հոգեւոր դասը զինվորի կողքին է, զինվորի հետ է եւ զինվորի թիկունքին, իսկ ես, ինչպես արժանավոր զինվոր, ասում եմ` կյանքս` հայրենիքիս, հոգիս` աստծուն, պատիվս` ինձ…»,- ասաց շարքային Գարիկ Կարապետյանը:

Նույնքան կարեւոր եւ հոգեպարար էր հանդիպումը համապետական զորավարժանքին մասնակցող զինվորների հետ դաշտային պայմաններում: Տեր-Ղազարը զրուցեց համապետական զորահավաքին մասնկացող Սիսիանի զորամասի զինվորների եւ սպայական կազմի հետ, պատասխանեց նրանց հուզող հարցերին, օրհնեց նրանց սրբազան ծառայությունը եւ մաղթեց աստծո հովանու ներքո անփորձանք կատարել իրենց պարտքը հայրենիքի հանդեպ:

Սիսիանի զորամասի հրետանային դիվիզիոնի հրամանատարի բարոյա-հոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Գեւորգ Սիմոնյանը նշեց, որ համապետական զորավարժությանը հրետանային ստորաբաժանումը մասնակցում է ամբողջ կազմով, այստեղ գտնվում են կրակային ստորաբաժանումները, զբաղեցրել են մարտակառքեր, զբաղվում են մարտավարա-մասնագիտական պարապմունքներով, գիտակցում են, որ դաշտը իրենց ակադեմիան է, եւ, իրենց մարտավարա-մասնագիտական գիտելիքներն օգտագործելով, նպաստում են պատերազմական ժամանակ համազորային ստորաբաժանման աջակցմանը, քանի որ համազորային ստորաբաժանումների հույսն ու հավատը, ինչպես ասում են` պատերազմի աստված հրետանին է:

«Մեր զինծառայողների բարոյա-հոգեբանական վիճակը կայուն է, միջանձնյա փոխհարաբերությունները ջերմ են եւ ընտանեկան, միջանձնյա փոխհարաբերությունների արտակարգ դեպքերի բացառման ուղղությամբ մեծ ներդրում ունեն մեր հոգեւոր սպասովարները, որոնց հետ մշտապես համագործակցում ենք: Այսօր այստեղ էին մեր գնդերեց Իշխան սարկավագը եւ Տեր-Ղազար Պետրոսյանը, որոնք զրուցեցին մեր զինծառայողների հետ: Հաճելի է հոգեւորականների այցը եւ փոխհամագործակցությունը զորամասերի հետ, քանի որ ունի իր նպատակային գործունեությունը, որը, կարելի է ասել, կարատում է իր խնդիը: Սա նշանակում է, որ զինվոր- հոգեւորական- ժողովուրդ եռամիասնությունը մեր ազգի ուժն ու հենարանն են:

Զենքի ուժով եւ հավատի զորությամբ մեր զինվորը ունենում է անկոտրում կամք, հաղթանակած մտածելակերպ»,- ասաց Գեւորգ Սիմոնյանը:

Սիսիանի զորամասի գնդերեց Իշխան սարկավագ Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց Տեր-Ղազարին, դպիրներին` այսքան երկար ճանապարհ անցնելու եւ Սիսիանի զորամասի զինվորիներին այցելելու համար, վստահություն հայտնեց, որ դպիրները, այս ամենը իրենց աչքով տեսնելով եւ ներկա լինելով, իրենք էլ, իրենց պահը գալիս, ուրախությամբ կանդամագրվեն ազգի պաշտպանությանը եւ իրենց պարտքը կկատարեն հայրենիքի հանդեպ: Շնորհակալություն հայտնեց Արարատյան դաշտի այն համայնքների բնակիչներին, ովքեր իրենց ստեղծած բարիքներից բաժին են հանել նաեւ հայ զինվորին եւ ուխտներդ ի կատար մաղթանքով ու կրկին հանդիպելու ակնկալիքով` ճանապարհեց հյուրերին:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *