Զորակոչ-2020. Սիսիան. Համազգային շատ երազանքներ ունես ի կատար ածելու, հայո´ց բանակի զինվոր…

Սիսիանի զինկոմիսարիատում տարածաշրջանի չորս տասնյակ նորակոչիկներ անցան վերջին բուժզզնումը, եւ, տոկուն տրամադրությամբ, ինչպես որ լինում է նաեւ ոչ արտակարգ պայմաններում, գնացին համալրելու հայոց բանակի շարքերը: Եւ, ինչպես իրենք են հավաստում, ոչ համավարակը, ոչ հերթական դիվերսիան մեր երկրի սահմանին, ոչ հարաբերական խաղաղությունն ու սողացող պատերազմը ի զորու չեն կոտրելու իրենց կամքը, ոգին ու տրամադրությունը, քանի որ հայրենիքի հանդեպ պարտքը տալու իրենց հերթն է:
-Սիսիանի տարածաշրջանի առաջին զորակոչն է,-ասաց Սյունիքի մարզի զինկոմիսարիատի Սիսիանի բաժանմունքի պետ Մարատ Ենոքյանը եւ հավելեց, որ պահպանվում են համավարակի բոլոր պահանջները, նորակոչիկները ջերմաչափվել են, անցել բուժզննում, որեւէ արտառոց միջադեպ չի արձանագրվել, բոլորը նշված ժամին ներկայացել են, հրաժեշտ տվել իրենց ծնողներին եւ հարազատներին, իրենց կողմից ստացել անհրաժեշտ բոլոր ցուցումները եւ պատրաստ են ուղեւորվել հանրապետական հավաքակայան:
Թեւ, համավարակով պայմանավորված, նորակոչիկների հրաժեշտի որեւէ հանդիսություն նախատեցված չէր, բայց Ազատամարտի հրապարակում նույն աշխուժությունն էր, հուզմունքին միախառնված նույն բարձր տրամադրությունը. նորակոչիկների եւ նրանց ծնողների ու հարազատների մաղթանքը եւ ցանկությունը մեկն էր` բարի եւ անփորձանք ծառայություն, պատվով եւ արժանապատիվ տունդարձ:
Անգեղակթոցի նորակոչիկ Սարգիս Մովսիսյանի հայրը` Խաժակ Մովսիսյանը նշեց, որ անթաքույց հպարտությամբ է որդուն հայոց բանակ ճանապարհում, եւ որեւէ մտավախություն չունի, որ կրտսեր որդին, ինչպես որ ավագ որդին է, հայրենիքի իսկական զինվոր է դառնալու: «Ես համոզված եմ մեր բանակի ոգու եւ ուժի մեջ, համոզված եմ, որ տղաներին անփորձանք ծառայություն է սպասվում: Ավագ որդիս չորս տարի է` առաջնագծում է, Թալիշում, ավագ լեյտենանտ է, դիպուկահարների դասակի հրամանատար, բանակի հետ կապս ամուր է, ու քաջատեղյակ եմ հայոց բանակի հնարավորություններին:Որպես ծնող ասեմ, որ նախորդ երկու օրերին սահմանին ստեղծված դիվերսիոն հարձակումը, ոնց էլ չլինի, մի փոքր մտահոգություն առաջացրեց, բայց անգամ այդ պայմաններում հանգիստ խղճով ենք որդուս բանակ ճանապարհում, քանի որ այսօրվա մեր բանակը առաջվանը չի, հիմա մեր բանակը շատ կազմակերպված է»,- ասաց նորակոչիկի հայրը:
Ախլաթյանցի նորակոչիկ Կարեն Ազնավուրյանի մայրը` Ասյա Առաքելյանը, թաքցրած մայրական հուզմունքը, նշեց, որ իր առաջնեկին է հայոց բանակ ճանապարհում, հպարտ է, որ առողջ զավակ է ծնել-մեծացրել ու առողջ զավակ է ուղարկում հայրենիքը պաշտպանելու: Մայրը նշեց, որ որդու տրամադրությունը նույնպես բարձր է, ոգին` մարտական, ու հոգեբանորեն պատրաստ է զինվոր դառնալու: «Տղաս նոր է ավարտել դպրոցը, չհասցրեց որեւէ տեղ սովորել, բայց ոչինչ, կգնա-կգա, հետո կորոշի: Թշնամու դիվերսիան Տավուշում լինի, Արցախում, թե Հայաստանի այլ վայրում, չեն կարող մեզ ետ պահել մեր ազգային իղձերից: Ինքս անչափ հպարտ եմ, որ ունենք նման զինվորներ, որ կարողացան առանց կորուստների կանխել թշնամու դիվերսիան եւ պաշտպանել հայրենիքը: Հպարտ ենք մեր բանակով, մեր զինվորով, մեր տղաներով»,- ասաց Ասյա Առաքելյանը:
Սառնակունքցի նորակոչիկ Արամայիս Գեւորգյանը նշեց, որ լիովին պատրաստ է ծառայության, քանի որ դեռեւս դպրոցից է ստացել հայրենիքի եւ հայրենասիրության հրաշալի դասեր մայրենիի եւ ռազմագիտության իր ուսուցիչների շնորհիվ:

-Տրամադրությունս բարձր է, ինքս հպարտ եմ, որ զինվորագրվում եմ հայոց բանակին, գիտակցում եմ, որ տղան պիտի ծառայի: Մեր ավագ ընկերները իրենց պարտքը կատարաել են, հիմա հերթը մերն է, մենք էլ պիտի պատվով կատարենք մեր պարտքը եւ վերադառնանք: Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի: Վերջին օրերի թշնամու սանձազերծած դիվերսիան իմ մեջ միայն հպարտություն առաջացրեց մեր բանակի եւ մեր զինվորի հանդեպ, որ կարողացան ոչ միան արժանի դաս տալ դիվերսանտին, այլեւ կարեւոր ռազմավարական դիրքեր գրավել: Թե որ զորամասում եւ որտեղ կծառայեմ, ինձ համար տարբերություն չկա, կարեւորը` հայրենիքին ծառայելն է,- ասաց Արամայիսը եւ հավաստիացրեց, որ ծնողներին կխնդրի, որ իր հայրենանվեր ծառայության մասին ստանալիք գովասանագրերն ու պատվոգրերը առաջինը մեզ տրամադրեն հրապարակելու, ինչին չենք կասկածում:
Բարի եւ անփորձանք ծառայություն, հայո´ց բանակի զինվոր… Դու ազգային եւ համազգային շատ երազանքներ ունես ի կատար ածելու…
«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *