ԹԵՐԹՎՈՂ ՀՈՒՇԵՐ…

Մորս ու հորեղբորս կնոջ վեճը ինձ ու քրոջս կտրեց խաղից: Օգոստոս ամսվա վերջին օրերն են: Հովեկներեը վերադարձել են քաղաք: Կարծես գյուղը դատարկված լինի: Երեկվա աղմուկ- աղաղակին փոխարինող լռությունը լցված է հրաժեշտի թախիծով ու մինչև հաջորդ ամառ տևող սպասումով: Իր բուռն տարերքն ավարտող ամռան մեջ տեքրակինների լեզվակռիվն անսպասելի է ու ցավեցնող: Պատճառը մեր և հորեղբորս այգիներն իրարից բաժանող մետաղալարից հյուսված ցանցն է, «սետկան»: Հորեղբորս կինը մի քանի օրից ինքն է կանչելու մորս ու վաղահաս տանձով լի դույլը տալու, թե տար ձմեռվա համար մուրաբա պատրաստիր: Իսկ հիմա նրան մեղադրում է, որ ուշադիր չի եղել և չի տեսել, թե ցանցը ով է դիտմամբ ճկել ու նախօրոք ճանապարհ բացել, որ տանձ գողանա:

Մեր և հորեղբայրներիս տները կառուցված են իրար հարևանությամբ՝ գետի ափն ի վեր: Դիմացը սարերն են վեր ձգվում իրենց ափաչափ սարավանդներով: Վաղ գարնանը ձյունե վերմակին փոխարինում են ձնծաղիկներն ու օր-օրի խտացող կանաչը, և մենք ամեն պահ ականատես ենք բնության ցուցահանդեսին, երբ նա իր անձեռակերտ կտավներն է թարմացնում: Թև թևի տված սարերի ստորոտում հոսող գետը, տարվա եղանակներին համընթաց, փոխում է նոտաների դասավորությունն ալիքների վրա:

Երեք եղբայրներ ապրում են հարևանությամբ: Պատահում է` գարնանը ցանկապատը ետ ու առաջ տալու համար նեղանում են իրարից  ու մինչև հասցնում են հաշտվել, այգին ու բանջարանոցը ջրելու հերթի խախտումը երկարեցնում է նեղացած մնալու ընթացքը: Աշնանը ստացած բերքից բաժին են հանում պակաս ունեցողի համար, ձմռան ցրտին իրար ջերմացնում են իրենց հաշտությամբ: Կապ չունի, որ իրարից նեղացած են, Աստված չանի մեկն ու մեկի մատը փուշ մտնի, մեկ մարդու նման իրար թիկունքի կանգնածեն:

Սուրեն հորեղբորս կինը ընտանիքի մեծ հարսն է: Մանկավարժ է, ռուսաց լեզվի ուսուցչուհի: Դպրոցում Զոյա Ակոպովնա է, տանը բոլորիս համար «տոտա»: Մայրս նույնպես նրա աշակերտուհին է եղել: Երբ նա ինչ որ առիթով բացում է ճամփրուկը` «չամադանը», որի մեջ պահու շորերն են, քրոջս՝ Նազիկի հետ իրար ձեռքից խլում ենք ու հիացած հագնում նրա հարսանեական զգեստը, որը Զոյա տոտան է կարել: Այն ժատ կտորից է, մուգ շագանակագույն ֆոնի վրա ավելի բաց երանգով մանր ծաղիկներ են նկարված: Երբ հարցնում ենք մայրիկիս, թե չի ամաչե՞լ, որ ուսուցչուհին իր համար շոր է կարել, նրա դեմքը ներկած կարմիրի միջից շողում է ամոթխած ժպիտը:

Սատանայի աղբրից ջուր բերելուց, որի ճանապարհը հորեղբորս տան կողքով է անցնում, կամ` բանջարանոցում գործ անելուց մայրս  ու հորեղբորս կինը ժամանակ են գտնում «ոտքները կախ գցելու» ու իրար հետ զրուցելու: Տարիներ անց ես հասկացա, թե նրանց զրույցը որքան ուսուցողական է: -Դու խելացի կին ես, ափսոս գլխիդ տեր չկար, գնայիր ուսումդ շարունակեիր,-հաճախ է այս խոսքերը զրույցի ընթացքում ասում  հորեղբորս կինը, ակնարկելով պապիս, որը վաղ է մահացել: Սակայն այս պահին այնպես է թարս ձի նստել, կարծես մորս մասին գնահատանքի խոսքեր ասողն ինքը չէ: Մայրս, զգալով նրա անդրդվելի տրամադրությունը, լուռ, արցունքները հազիվ զսպելով, հետ եկավ ու անցավ իր օրվա գործերին: Արագ և կտրուկ շարժումները մատնում են նրա հուզմունքը, որը հետզհետե խաղաղվեց և նա ներս ու դուրս է անում կամաց երգելով:

Երբ վերադարձանք մեր խաղին, թվաց, թե օրը գորշացավ: Վե՞րջ: Էլ չենք գնալո՞ւ հորեղբորս տուն: Թեև այնտեղ մեզ վատ չեն վերաբերվելու, բայց ինչ- որ բան այն չէ: Աչքիս առջևով սահում են ամռան տաք օրերը, որոնք լի են երանելի պահերով: Երբ Զոյա տոտան կանգնում է իրենց տան կիսաշեն պատշգամբում ու կանչում`

-Սպարտա՜կ, Արտա՜կ,-մինչև դիմացի քերծը հասցնում է արձագանքել.–Տա՜կ,-ու մինչև տոտան հասցնում է շարունակել, որ նրանք մեզ երեխաներիս հետ գնան իրենց տուն, մենք արդեն կես ճանապարհին ենք: Եղբայրս՝ Սպարտակը և Ապետ հորեղբորս որդին՝ Արտակը, բարձրանում են թթի ծառը թափ տալիս: Մենք երեխաներով թաղիքի ծայրերը բռնած պտտվում ենք  ծառի շուրջը: Տղաները իջնում են ծառից, թաղիքը մոտեցնում ենք քիչ հեռու նստած Աստղիկ տատիս ու հորեղբորս կնոջը: Նրանք մաքրում են թութը մանր չոր ճյուղերից, տերևներից ու միջատներից ու հետո թույլ տալիս, որ ուտենք:

Հորեղբորս ուղղանկյունաձև այգին կարծես պատկերազարդ գրքի էջ լինի` շուրջը երիզած մորենու թփերով, ծառերի հերթական դասավորվածությամբ: Այգու մի հատվածում շարված են մեղվի փեթակները: Նրանց արանքներում բազմերանգ ու բուրումնավետ ծաղիկներ են ցանված ու ցածրակող, ջրով լցված ամաններ են դրված: Հաճախ եմ կանգնում ինքնամոռաց ու տարվում հեքիաթային տեսարաններով, երբ մեղուները ներս ու դուրս են անում փեթակ, ծաղկից ծաղիկ թռչում կամ շարվում ջրով լի ամանների վրա լողացող փայտի կտորների վրա ու ջուր խմում: Մեղուների թատրոնից ինձ կտրում է հորեղբորս կնոջ զգուշավոր ձայնը. դանդաղ հեռանամ, որ մեղուները չխայթեն: Նա մեղուների արկղները իրիկվա կողմն է բացում կամ ամպամած օրերին: Փուքսից փչող ծուխը, մեղրամոմի ու ծաղիկների  բույրը ալիք -ալիք վեր են բարձրանում, ու ամպագույն օրը լցվում է տաք թախիծով: Թեև ամաչում ենք հորեղբորս կնոջից, բայց մեզ համար հաճելի է նրա կողքին լինելը: Երբ  ուղղում է մեր սխալը կամ ինչ որ բան է սովորեցնում, նրա պատկառազդու դեմքի վրա պատկերվում է մեղմ, բարի ժպիտը: Նա իր աշխատանքն է շարունակում, ուշադրություն չդարձնելով երես առած մեղումների խայթոցին: Յուրահատուկ արարողություն է մեղրը քամելու ընթացքը, որին սպասում ենք անհամբեր: Հետաքրքիր են այն պահերը, երբ հորեղբոր երեխաներով հավաքվում ենք: Կարգ ու կանոնը, փոքրերիս` մեծերին ենթարկվելը հորեղբորս կնոջ ներկայությամբ ավելի խիստ բնութ է կրում: Փոքրերիս համար հետաքրքիր է մեծերի կողքին լինելը: Այդ օրը չեն կարողանում ազտվել մեզանից՝ խաբել ու փախչել: Ժամանակն այնպես լի ու հագեցած է անցնում, որ չենք նկատում, թե օրն ինչպես է ավարտվում: Մեղրը քամելու ընթացքում չի կարելի նկուղից դուրս գալ: Մեղրամոմե շրջանակները տոտան է բերում մեծ եղբայրներիս հետ: Սուր դանակով սերը հավաքում է ու դասավորում տակառանման երկաթյա մեքենայի մեջ: Մինչև մենք հերթով պտտում ենք, նորերն են բերում: Չի կարելի ջուր խմել մեղր ուտելուց: Սեր ուտել նույնպես չի կարելի, ծաղկափոշուց կարող ենք վատանալ: Մեղրից շուտ ենք կշտանում, աչքներս է կշտանում: Մեքենայի ներքևի փոքրիկ ծորակից մեղրը ծորում է էմալապատ ամանի մեջ, սկզբում բարակ ոսկե շղթա է հյուսում ու աննկատ խառնվում տարայի պարունակությանը: Մեղրահյուս շղթան  կրկնությունն է մեր մեղրածոր մանկության, որը լցված է ծնողական  գուրգուրանքով, հարազատական ջերմ սիրով ու լեռնաշխարհս վարագուրած հիասքանչ պատկերներով:

Հորեղբայրս հարևան` Շամբ ավանի ավանային խորհրդի նախագահն է ու կոմունալ բաժնի պետը: Դարբասցին հերքել է գուսանի խոսքերը, թե «…Շամբը բուրաստան չի լինի…» և իր հարևանությամբ գտնվող շամբուտը վերածել այգեստանի:

-Ի՜նչ այգիներ էին, ի՜նչ այգիներ,-հիշում է  տատս,-իսկական դրախտ: Ափսոսանքով նկարագրում է Տաթև ՀԷԿ-ի պատճառով ջրամբարի վերածված «դրախտը», որտեղ իրար հաջորդում էին խնձորի, տանձի, ծիրանի այգիները ու ափսոսանքով թվում է մրգերի, հատկապես տանձի ու խնձորի այն տեսակները, որոնք վերացել են: Թթենիների տարածքը ավելի շատ տեղ էր զբաղեցնում, որովհետև դարբասցիները շերամապահությամբ էին զբաղվում: Վաթսունական թվերն են: Այգիներին փոխարինած ջրամբարի գրեթե ափից սկսած օր-օրի իր տարածքն է ծավալում նորաստեղծ ավանը՝ Շամբը, որտեղ բնակվելու են գալիս Դարբաս, Լծեն, Վաղատնի գյուղերից երիտասարդ  ընտանիքները: Այստեղ ծնված առաջին մանկանը անվանում են Շամբիկ:

Շամբը նաև աքսորավայր է: Եթե բոլոր աքսորավայրերում մարդկանց վերաբերվում են այնպես, ինչպես Սուրեն հորեղբայրս է վերաբերվում իր ենթակայության տարածք ուղարկվածների հետ, կարելի է աքսորյալ բառի իմաստը փոխել: Նա անուն առ անուն ճանաչում է բոլորին, գիտի նրանց կենսագրությունը: Շատերի հետ ընկերություն է անում, բարեկամություն: Նրանց հետ բաժակ է բարձրացնում: Թեև խորհրդային համակարգում հավասարություն է քարոզվում առերևույթ, աքսորյալի հանդեպ ունեցած նրա վերաբերմունքը անհեթեթ է թվում: Նրանց մեջ «նորեկ հայեր» կան, որոնք ընտանիքներով են բնակվում Շամբում: Նրանց հանդեպ ավելի ուշադիր է հորեղբայրս: Նախքան տուն հրավիրելը պատմում է, թե ովքեր են, որտեղից են գաղթել: Տարիների հեռվից, երբ հիշում եմ մանր զանցանքները, ինչի համար աքսորված էին նրանք ու համեմատում այսօրվա «չբռնված գողեր»-ի հետ, զարմանալի է թվում ու զավեշտական: Մայրս ու հորեղբորս կինը հայրենադարձ հայերի մասին ցավով են խոսում, ափսոսանքով: Նրանց զրուցը լսելուց  նույն զգացողությունն եմ ունենում, երբ մայրս երբեմն բարձրաձայն «Հայրենիքի ձայն» թերթն է կարդում: Տարիներ հետո ես պիտի գիտակցեի մանուկ հոգուս վրա ծանրացած թախծի պատճառը: «Նորեկ հայերը» նորություն են մեզ համար, իրենց նիստ ու կացով, մտածելակերպով:

Երբ Սուրեն «ամին» գալիս է, մեր տունը կարծես դասարանի է վերածվում: Մայրս հայացքը խոնարհած պատասխանում է նրա հարցերին, որոնք հիմնականում մեզ՝ երեխաներիս է վերաբերում: Նույնիսկ այն պահերին, երբ հայրս, հորեղբայրներս, տարված զրույցով, թվում է` թե մեզ չեն նկատում, Սուրեն ամին ընդհատում է զրույցը և ուղղում մեր սխալը: «Չի’կարելի, բալիկս» նախազգուշացմանը  հաջորդում են բազմազթիվ կարևոր խրատներ: Տարիներ անց, երբ տպագրվում են իմ առաջին ստեղծագործությունները, հորեղբորս  ուշադրությունը ավելի է մեծանում իմ հանդեպ և մեր տուն գալուց ինձ առանձին ժամանակ է տրամադրում: Ես լսում եմ՝ հիացած նրա հարուստ բառաշխարհով, ճարտար ու ճկուն խոսքով: Նրա ամենասիրելի գիրքը Րաֆֆու «Կայծեր»-ն է, որն արդեն չի հիշում, թե քանի անգամ է կարդացել:                                                                                                                       Երեկոյան կողմը մայրս ջուր ցանեց, ավլեց տան շեմը, դույլի մեջ ջուր լցրեց, դուրս եկանք բակ: Խումար կովը հոգնած, փնչացնելով, եկավ արոտից: Ցածր է մեր սև կովը, կարճ պոզերով ու երկար պոչով: Մայրս կուրծը լվաց ու սկսեց երգելով կթել.

-Բիժի Խումար, բան չմնաց, հեսա, հեսա վերջացնում եմ,-երբեմն երգն ընդհատելով, հոգնած անասունին փորձում է հանգստացնել մայրս, որը ոտքերը վեր ու վար անելով, մեկ իր դիմաց դրված աղի սալն է լիզում, մեկ կանաչ խոտն է որոճում: Հետո Խումարը բաց երկնքի տակ, գոհ ու թեթև կրծով պառկելու է մինչև լուսաբաց:

Մայրս կաթը քամեց երկու կաթսաների մեջ: Մի քանի լավաշ փաթաթեց, դրեց փոքր կաթսայի վրա, տվեց քրոջս ձեռքը և մեզ ճանապարհեց հորեղբորս տուն: Զոյա տոտան, երբ լսեց դարպասի ճռռոցը, Սուսանին՝ հորեղբորս աղջկան ուղարկեց, որ մեզ օգնի փայտե աստիճաններով վերև բարձրանանք: Տոտան ապակեպատ պատշգամբում, սեղանի առջև նստած կար է անում: Սեղանի վրա նաև օրվա լրագրերն են, ամսագրեր, կիսատ ձեռագործը, որոնցով զբաղվելու համար նա միշտ ժամանակ է ունենում: Բաց դռնից ներս աթոռի վրա հորեղբորս ավագ որդու՝ Սիվրենի ակորդեոնն է դրված: Նա իմ մեջ տպավորված է մեր տան նկարների ալբոմի մեջ պահվող իր լուսանկարով՝ կողքի սանրած կիսագանգուր մազերով, բարձր ու նիհար հասակով, ազնավուրյան դեմքով: Շառլ Ազնավուրը հորեղբորս կնոջ ազգականն է, նա նույնպես նման է իր աշխարհահռչակ բարեկամին: Սիվրենը Երևանում է ապրում, ուսանող է: Նրա հետ ունեցած հանդիպումներս թեկուզ այնքան քիչ են, որ մատների վրա կարելի է հաշվել, բայց խորն են տպավորված, առանձնապես այն պահերը, երբ փոքր եղբոր՝ Սևադայի հետ բանավիճում են տարբեր հարցերի շուրջ: Նրանց մտքի արագությունը, իմացությունը անսահմանափակ է: Եվ հիանում եմ և ամաչում ինքս իմ մեջ, որ դեռ շատ բան չգիտեմ: Սևադան բանակում է: Մենք` երեխաներս նույնպես մեծերի նման հաշվում ենք ժամանակը, թե նա երբ է ավարտելու ծառայությունը: Ուզում ենք մեծերի նման հասկանալ կարոտի իմաստը: Ու մի օր նա վերադարձավ խորհրդային բանակից: Նրանց Շամբի բնակարանը լեփ-լեցուն է հարևան, բարեկամներով: Եկել են աչքալուսանքի, քեֆ են անում: Կարոտը փարատվում է: Այդ օրը տպավորված է իմ մեջ նաև նրա համար, որ եղբայրս նույնպես կարոտով գրկեց ինձ, կանգնեցրեց աթոռի վրա, և ես առաջին անգամ «մեծ բեմում» երգեցի «Օտար ամայի ճամփեքի վրա» երգը: Սենյակը, որտեղ հորեղբորս գրադարանն է, դուռը ծածկած է: Եթե ուրիշ օր լիներ, Նազիկը հարցնելու էր.

– Տոտա, կարելի է՞ գիրք վերցնեմ: Տոտան չէր մերժելու, օգնելու էր կարգապահ քրոջս իր տարիքին համապատասխան գիրք ընտրել: Երկար, շա՜տ երկար ժամանակ ինձ համար երազանք էր գրադարանին՝ գետնից մինչև առաստաղը հասնող լայն պահարանին մոտենալը: Սակայն մի օր էլ ինձ վստահեցին և թույլ տվեցին պահարանի ամենաներքևի դարակում դասավորված ամսագրերը նայել: Ու մի օր էլ հորեղբորս կինն ինձ չմերժեց, երբ համարձակվեցի հարցնել, թե կարելի է՞ գիրք վերցնել կարդալու: Դա իմ կարդացած առաջին գիրքն է` «Որտե՞ղ ես, Ջոնի» մանկական պիեսը:

Տոտան վեր կացավ, մորս ուղարկած` հացի շորով փաթաթած լավաշները դրեց կողքի, կանաչ, էմալապատ նեղ ու երկար կաթսայի բերանը բացեց, քթի տակ ժպտաց ու ասաց.

-Ասա’ որ ուղարկել ես, ովա՞ ուտելու…

Մենք գիտենք, որ նա կաթ շատ է սիրում: Ճանապարհին մենք երջանիկ կրկնում էինք հորեղբորս կնոջ խոսքերը` «Ասա’ որ ուղարկել ես, ով ա՞ ուտելու»:

Նազիկը մի ձեռքով իմ ձեռքն էր բռնել, մյուսով զգույշ գրկել էր կաթսան, որի մեջ ծալած հացի շորն էր ու կոնֆետներ…

Քույրս հաշտություն էր սեղմել գրկում…

Նունե ՍԱՀԱԿՅԱՆ

 

Մեկ Արձագանքման ԹԵՐԹՎՈՂ ՀՈՒՇԵՐ… համար

  1. Մարինե says:

    Նունե ջան կարդացի հուզվեցի,մանկությունս,հարազատներս կարծես առջևս կամգնած են: Հիշում եմ գրքերը Սուրեն պապիիս,հիշում եմ գյուղի տունը եվ մնացացը …. Ուզում եմ ավելացնել,հիշում եմ մամաիդ, երբ կանգնած գունդ էր անում հացի ու ինձ սովորեցնում էր , տպավորվածա մեջս, ես շատ փոքր էի …..

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *