Մայիսյան եռատոնը Սիսիանում. ԹՇՆԱՄԻՆ ՔՆԱԾ ՏԵՂՆ ԷԼ ՊԻՏԻ ՀԻՇԻ, ՈՐ ՄԵՐ ԿՌԻՎԸ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ Է

Սիսիանի կենտրոնական հրապարակում կազմակերպված տոնական միջոցառումն ու զինվորական շքերթը նվիրված էին Մայիսյան եռատոնին: Հայրենական պատերազմի հաղթանակի 74, Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձերն ու Արցախի բանակի ստեղծման օրը նույն` Մայիսի 9-ին նշելը մեկ անգամ եւս փաստում է, որ հաղթանակների, տոների պակաս չկա մեր ժողովրդի պատմության տարեգրքում, ու յուրաքանչյուր հաղթանակ էլ ավելի է ամրապնդում մեր հավատը մեր զենքի, մեր ուժի, մեր մարտական ոգու նկատմամբ:

Ողջունելով տոնական շքերթի մասնակիցներին` միջոցառման հաղորդավար Աննա Հակոբյանը նշեց, որ արդեն 27 տարի է` հայ ժողովուրդը Մայիսի 9-ը դիմավորում է ոչ միայն որպես Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օր, այլեւ մեծ շուքով նշում է Շուշիի ազատագրման եւ Արցախի հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը, եւ Մայիս 9-ը հայ ժողովրդի համար եռակի տոն է. եռատոն, որի մեջ խտացված է մեր ժողովրդի սխրանքն ու պատիվը:

Սիսիանի զորամասի պարտադիր զինծառայող շարքային Մհեր Մաթեւոսյանը, շնորհավորելով մայիսյան եռատոնը, նշեց, որ Շուշիի ազատագրումը մեր նորագույն պատմության ամենապայծառ էջերից մեկն է, որը նոր հաղթանակով ոսկեզօծեց մեր ազատգրական պայքարի պատմության անավարտ էջը` ապացուցելով, որ միասնական նպատակի եւ գաղափարի շուրջ մեր ժողովուրդն ունակ է հրաշքներ գործելու: «Շուշիի ռազմական գործողության մշակումն ու իրագործումը հայ ռազմական մտքի փայլուն հաղթանակն էր: Հայոց հինավուրց բերդաքաղաքի ազատագրումը ռազմական-քաղաքական եւ բարոյա-հոգեբանական մեծ նշանակություն ունեցավ ազգային ազատագրական շարժման այդ փուլում… Շուշիի ազատագրումը հայտարարեց Ադրբեջանի` արցախյան հողատարածքի նկատմամբ հավակնությունների ավարտը: Շուշիի ազատագրումն օգնեց հայ ժողովրդի ոգու բարձրացմանը, հողմացրիվ արեց թվաքանակով, դիրքով ու զինամիջոցներով գերակշռություն ունեցող հակառակորդին հաղթելու անհնարինության մասին հորինվածքը: Շուշիի ազատագրումով հայ ժողովուրդը վերստացավ ոչ միայն պատմական նշանակության մի քաղաք, այլեւ համայն հայությանը ոգեշնչող ու միավորող գաղափար: Շուշիի ռազմագործողության արդյունքում քաղաքի ազատագրումը համաշխարհային հանրությանը համոզեց Արցախի հիմնահարցի նպատակների ու խնդիրների անշրջելիությանը: Մենք` ապրողներս, պետք է պահենք հաղթական մտածելակերպն ու շարունակենք ապրել ու պայքարել այդ նույն հաղթանակի տրամաբանությամբ»,-նշեց շարքային Մաթեւոսյանը:

Արցախյան ազատամարտի վետերան Նեկտար Օհանյանը, շնորհավորելով բոլորին եռատոնի կապակցությամբ, նշեց, որ արցախյան ազատարար ու հաղթանակած սերնդի ոգով եւ հայրենասիրությամբ դաստիարակվել եւ դաստիարակվում են հետագա սերունդները, ոգեկոչվում նրա սխարնքով եւ համոզվում, որ հայրենիքի համար թափած արյունը իզուր չի կորչում: «Մենք հաղթել ենք եւ հաղթելու ենք, քանի որ մեր պայքարը մեր հայրենիքի համար է, իսկ թշնամին, քնած ժամանակ անգամ, պիտի հիշի, որ մենք հաղթելու ենք, որովհետեւ մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում: Ու սա դեռ վերջը չէ, մենք դեռ ճամփա ունենք գնալու մինչեւ մեր միասնական եւ ամբողջական հայրենիքի միավորում»,-նշեց ազատամարտիկը:

Տոնական շքերթի մասնակիցները, համայնքային իշխանության, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հոր եւ Սիսիանի զորամասի գնդերեցի ու հրամանատարական կազմի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների հուշակոթողներին:

Գեղարվեստական կատարումներով հանդես եկան քաղաքի մշակութային օջախների ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները: Իսկ Սիսիանի հրապարակից օդ թռցրած եռագույն աղավնիները աշխարհին տարան հայ զինվորի եւ հայ մոր` խաղաղության նվիրական պատգամն ու ջերմագին մաղթանքը…

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *