ԻՄ ԱՄԵՆԱՄԵԾ ՊԱՐԳԵՎԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԺՊԻՏՆ Է

Սիսիանի բժշկական կենտրոն մտնելիս ուշադրությունդ գրավում է մի նոր ցուցանակ, որի վրա գրված` կինեզիոլոգ բառը, վստահ եմ, նույնպես անծանոթ հասկացություն է շատերին: Այդուհանդերձ, Սիսիանում արդեն ճանաչում ու խոսում են կինեզիոլոգի` Ասատուր Գեւորգյանի մասին, ով կարճ ժամանակում հասցրել է վստահություն ձեռք բերել իր այցելուների մոտ: Եւ`«ասում են` լավ մարդ է ու լավ մասնագետ» խոսակցությունները շատ արագ են տարածվել հանրության շրջանում` ավելացնելով նրա բուժասենյակ այցելուների թիվը:

Զրուցում ենք Ասատուր Գեւորգյանի հետ` իմանալու հանրության լայն շրջանակներին գրեթե անծանոթ նրա աշխատանքի բնույթի, բուժման եղանակների եւ «լավ մարդ, լավ մասնագետ լինելու» իր գաղտնիքների մասին: Ասատուր Գեւորգյանը, կամ` ինչպես նրան հարազատաբար դիմում են այցելուները` դոկտոր Ասատուրն ասում է, որ շուրջ 20 տարի զբաղվում է բուժական այս մեթոդով` կինեզիոլոգիայով, երկար տարիներ աշխատել է Ռուսաստանում, Արցախում, բայց որպես պրոֆեսիոնալ մասնագետ, 2016-ին ավարտել է ֆիզկուլտինստիտուտը, ստացել բուժիչ-մերսող, ֆիզիկական կուլտուրայի հրահանգիչ-մեթոդիստ մասնագիտացումը, ու ողջ ուշադրությունը եւ ջանքերը կենտրոնացրել իր մասնագիտության վրա, խորացել դրա առանձնահատկությունների մեջ, իր իմացածին ու յուրացրածին ավելացրել իր անհատական բուժաեղանակները, ինչը նույնպես կարեւոր է այս ոլորտում:

«Կինեզիոլոգիան միակ անդեղորայք բուժումն է, որը կարճ ժամանակում եւ արդյունավետորեն մարդուն ձերբազատում է մարմնական ցավերից եւ ոտքի հանում: Ժամանակակից բժշկությունից իմ բուժական եղանակը տարբերվում է նրանով, որ այն իրականացվում է առանց դեղորայքային միջոցների, ազդում է մկանային հանգույցների, ողնաշարի բորբոքային կետերի վրա: Օգտագործում եմ Շիացու կետային մեթոդը, մանուալ-կլասիկ եւ սովորական թերապեւտիկ մերսումները»,- ասում է Ասատուր Գեւրոգյանը, ապա հավելում, որ նախկինում մեր երկրում նման բուժաեղանակը չէր խրախուսվում, բայց վերջին տարիներին այն դարձել է խիստ արդիական, եւ շատերն են արդեն դիմում բուժման այս մեթոդին:

Ըստ Ասատուր Գեւորգյանի` բուժման այս մեթոդն էլ է հիմնվում ավանդական` նախ հոգիդ բուժիր, հետո` մարմինդ սկզբունքի վրա, բայց ինքը իր այցելուներին չի դիտում որպես հիվանդի, քանի որ դրանով կարող է խորացնել այցելուի ընկճվածությունը, վիրավորել նրա ինքնասիրությունը, ուստի իր բառապաշարում վերացած է հիվանդ հասկացողությունը, բայց, այնուամենայնիվ, դա նույնպես հիվանդություն է, այցելուները մարդիկ են, ովքեր ունեն մկանային լուրջ խնդիրներ, եւ ինքը բուժման իր մթոդներով հասնում է նրան, որ մարդկանց «մեռած, անշարժացած, քարացած, կարկամված, անպիտան» մկանները «վերակենդանանում են», լավանում է մարդու ինքնազգացողությունը, բարձրանում է տրամադրությունը, կարգավորվում է նյութափոխանակությունը, բարելավվում է մարդու կյանքի որակը` նրան դարձնելով լիովին առողջ:

Կինեզիոլոգը մերսումների ժամանակ կարեւորում է նաեւ ֆիզիկական ճիշտ վարժություններ կատարելը ոչ միայն մերսման, այլեւ` հետմերսման ժամանակահատվածում, որպեսզի խնդիրն ամբողջությամբ հաղթահրավի: «Եթե խախտվում է այս բուժաեղանակի մի տարրը, ասենք` անտեսվում են ֆիզիկական վարժությունները, բուժումն արդյունավետ չի լինում: Սա համալիր բուժման եղանակ է, որի յուրաքանչյուր տարրը պայմանավորված է մեկը մյուսով»,-ասում է կինեզիոլոգը` հավելելով, որ բուժում է նաեւ օստիոխոնդրոզ, օստիապարոզ, ողնաշարային-հենաշարժողական ցավեր, արտրիտ, արտրոզ, մակական գիշերամիզություն եւ այլ հիվանդություններ:

Ինչպես է վերաբերում այցելուներից շատերի` «լացելով մտել եմ դոկտորի բուժասենյակ, ծիծաղելով դուրս եկել» խոսքերին, կինեզիոլոգը հաստատում է, որ դա, թեեւ մի քիչ կատակային է, բայց իրականում էլ հենց այդպես է: «Ստիպված եմ լինում որոշակի ցավ պատճառել, որպեսզի հայտնաբերվեն, ի հայտ գան մկանային, խորքային կապանների բորբոքային շրջանները»,- ասում է նա եւ գտնում է, որ կարեւորը ոչ թե ուժեղ ձեռք ունենալն է, այլ` մասնագիտությանը ճիշտ տիրապետելը: «Եթե մեթոդը ճիշտ չկիրառես, բուժման փոխարեն դու կվնասես մարդուն»,- բարեհոգի ժպիտով ասում է կինեզիոլոգը:

Որպես աշխատանքի ընթացքում ծագած հիմնական խնդիր Ասատուր Գեւորգյանը մասնավորաբար նշում է այցելուների կաշկանդվածությունը, կանանց պարագայում` ամոթխածությունն ու կարծրատիպերը, ապա նշում, որ մեկ-երկու այցից հետո, երբ նրանք որոշակի փոփոխություն են նկատում, վստահություն են ձեռք բերում, եւ հենց իրենք են իրենց օգնում հաղթահարել հիվանդությունը, որի առաջացման պատճառ է համարում եւ սոցիալական պայմանները, եւ մարդկային բարդ հարաբերությունները, եւ մարդու անհատականությունը, նաեւ` ստրեսածին մեր դժվարին ժամանակները, եւ հորդորում անգամ առողջ լինելու պարագայում երբեմն-երբեմն դիմել կինեզիոլոգին:

Էությամբ կենսախինդ, հումորով, լավատես ու բարեհամբույր կինեզիոլոգը ներկայում ապրում եւ աշխատում է Իջեւանում, բայց երբ կինեզիոլոգիայի միջազգային երեւանյան կենտրոնն իրեն առաջարկել է ակցիա իրականացնել Հայաստանի որեւէ շրջանում, առանց վարանելու ընտրել է հայրենի Սիսիանը` օգտակար լինելու իր հայրենակիցներին… Այստեղ կմնա մինչեւ օգոստոսի վերջ, ապա կրկին կվերադառնա Իջեւան, որտեղ նույնպես նրան են սպասում իր բազմաթիվ այցելուները, բայց կրկին Սիսիան գալու խոստումով, քանի որ այստեղ էլ շատերն ունեն իր օգնության կարիքը:

Ասատուր Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց Սիսիանի բկ տնօրենին, որ սիրահոժար եւ պատրաստակամ ընդառաջել է, աշխատասենյակ հատկացրել, իսկ իր առաջին այցելուներից շատերը եղել են հենց բկ-ի բժիշկներն ու բուժաշխատողները:

«Բուժման կուրսն ավարտելուց հետո իմ ամենամեծ պարգեւը մարդկանց ժպիտն է, պարալիզված երեխային ինձ մոտ բուժման բերած մոր դեմքի երաջանիկ արտահայտությունը, Շամբից ձեռնափայտով ինձ այցելած եւ մի քանի օրից հետո այն դեն նետած կնոջ երախտապարտությունը եւ այն բազում-բազում շնորհակալական խոսքերը, որ մարդիկ հղում են ինձ»,- լայն ժպիտով ասում է Ասատուր Գեւորգյանը:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *