ԼՈՐ ԳՅՈՒՂԻ ՀԵՔԻԱԹԸ…

ԿԱՐԻՆԵ ՄԵՍՐՈՊՅԱՆ

-Պատմի՛ր, -խնդրում եմ պապիս, -ինչպիսի՞ն էր քո Ալեքսան վարժապետը: Սիրո՞ւմ էիք նրան:

Պապիս դեմքը պայծառանում է: Ժպտուն աչքերը կարծես նայում են ուրիշ  աշխարհից: Երկար լռում է: Գիտեմ՝ վաթսուն տարիների հեռավորությունն է կտրում մտովի, ու քիչ անց ես լսելու եմ հին ու սիրելի մի պատմություն:

Պապս գյուղի ջրվորն է:

Մեր գյուղը ձորերի մեջ է՝ հիմնադիր Լորիկ իշխանի մահարձանով, հնամենի եկեղեցիներով, «լուսնի մեջ քնած խաղաղ արտերով», իրար շուքից արբած ձյուն ու ծաղիկներով, իրենց թեժ կրակից մենակ ու լուռ այրվող մասրենիներով, թելիկ-մելիկ առուներով, շրջակա անդորրը հսկող Ջրկասարով, երկնքի կոպերից կախված Գյազբելով…

60-ականներին՝ իր նախագահության տարիներին, պապս տնկել է խնձորենու մեծ այգի: Հիմա՝ այգին ջրելուց հետո, թեք է ընկել իր սիրած ծառի տակ փռած կարպետին և հանգստանում է: Մեր դիմաց բլուրներ են՝ դեղնին տվող ցորենի արտերով, սարալանջը հատող ճանապարհով:

-Այս ճանապարհով դարասկզբին Տաթևից մեր գյուղ է եկել Խրիմյան Հայրիկը: Ես չեմ տեսել, հայրս է պատմել: Ողջ գյուղը գնացել է նրան դիմավորելու: Գյուղացիները մինչև եկեղեցի գորգեր են փռել, որպեսզի նրա ոտքը գետնին չառնի: Եկեղեցու ճանապարհն անցնում էր այգիների միջով, ծառերը ճկվել էին տանձի ու խնձորի առատ բերքից, գետինը՝ ծածկված գորգերով ու մրգերով: Տեսնելով այդ առատությունն ու գեղեցկությունը՝ կանգնեցրել է ձին ու բացականչել. «Ահա՜ թե ինչին դրախտ կըսեն: Թող Աստծո օրհնությունն իջնի այս Լոր գյուղի վրա…»:

Պապս լռում է: Լուռ եմ և ես: Հիմա գյուղ տանող ուրիշ ճանապարհներ կան: Տաթևից Լոր ճանապարհը, որ անցնում է ծաղկազարդ  Ջրկասարով (այդպես է կոչվում սառնորակ աղբյուրների պատճառով), նեղացել, դարձել է կածան: Խրիմյան Հայրիկի այցելությունից հետո՝ աշնան մի ցուրտ օր, այդ կածանով Լոր է եկել մի ուսուցիչ:

-Բարձրահասակ, նիհար, կապուտաչ ու շիկահեր ջահել էր Ալեքսան վարժապետը, – շարունակում է պապս: – Այդպես էինք նրան անվանում: Կարճ, ընդամենը յոթ-ութ ամիս մնաց մեր գյուղում: Ապրում էր մեզնից ներքև՝ Վանեսանց Հակոբի տանը: Գրել-կարդալ էր սովորեցնում մեզ: Շատ էինք սիրում նրան, ամեն մեկս ուզում էր, որ Ալեքսան վարժապետն իր տուն գնա: Գյուղացիները ևս սիրում-հարգում էին, ասում էին՝ սուրբ է: Թեև տասնյոթ տարեկան էր, բայց նրանից խորհուրդներ էին հարցնում: Իր եկած տարին առաջին դասարանում էի: Հանկարծ հիվանդացա: Ոտքերս ցավում էին, քայլել չէի կարողանում ու դասի չէի գնում: Եկավ այցի՝ իմանալու, թե ինչո՞ւ եմ բացակայում: Հայրս ասում է, որ ոտքերիս դեղ են քսել, քայլել չեմ կարողանում: Հիշում եմ՝ ամեն առավոտ գալիս, ինձ շալակում և տանում էր դասի ու հետ՝ տուն էր բերում: Այսպես՝ համարյա մի շաբաթ…

Այն ժամանակ լորեցիներից ոչ մեկը չէր կարող իմանալ, որ այդ սուրբը, որին, չգիտես ինչու, վերաբերվում էին երկյուղածորեն ու խորին պատկառանքով, դառնալու էր հայ արձակի երևելի անուններից մեկը՝ Ակսել Բակունցը…

Օրը թեքվում է, պապս շարունակում է իր պատմությունն Ալեքսան վարժապետի մասին, ու ես ուզում եմ, որ այն վերջ չունենա:

…1914 թ. Շուշիի թերթերից մեկում «Թեզ գնացող» ստորագրությամբ տպագրվում է երգիծական հոդված Գորիսի քաղաքագլխի անօրինականությունների մասին: Շուտով հայտնի է դառնում հոդվածագրի ով լինելը, և Էջմիածնի Գևորգյան ճեմարանի 5-րդ դասարանի շրջանավարտ Ալեքսանդր Բակունցը որոշ ժամանակ Գորիսի բանտում մնալուց հետո աքսորվում է Սիսիանի շրջանի հեռավոր Լոր գյուղ: Այդ մասին հետագայում վկայելու է հենց ինքը՝ գրողը. «Հարկավոր էր քաղաքից հեռանալ, միառժամանկ չերևալ այնտեղ: Ես սիրով ընդունեցի բարեկամիս առաջարկը՝ ուսուցիչ լինել այդ հեռու գյուղում: Երկու միտք ինձ ոգևորում էր: Նախ, որ ոչ մի աչք չի հետևի, հետքերս չի փնտրի, և երկրորդ՝ գյուղում պիտի աշխատեմ»…

… Տարիներ առաջ՝ 1989, թե՞ 1990 թվականին, ՀԽՍՀ պետական կենտրոնական արխիվից Լոր նամակ ուղարկվեց առ այն, թե գյուղի ծխական դպրոցի մասին կան տեղեկություններ, եթե լորեցիները հետաքրքրվում են, կարող են գնալ և ծանոթանալ… Հիմա ձեռքիս տակ է Երևանի հայոց թեմական վարչության ցուցակը, որտեղ 1908-1909 ուսումնական տարում Տաթևի եկեղեցուն պատկանող 12 գյուղերի շարքում նշված է Լորի դպրոցը:

Այդ տեղեկագրում ես փնտրում եմ Ալեքսան վարժապետի անունը: Արդեն խունացած, ժամանակի կնիքը ծանրորեն կրող այդ թերթերից ու անցյալի մշուշից աչքիս առաջ հառնում է ուշ աշնան այն ցուրտ օրը, երբ Ջրկասարի ճանապարհով գյուղ էին գալիս երկու ձիավոր, որոնցից մեկը Նա էր: Հուզմունքից դողալով՝ կարդում եմ. «Լորի երկդասյան դպրոց, ուսուցիչ Ալեքսանդր Բակունց, ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի 5-րդ դասարանը, մեկ տարի աշխատել է գյուղում, մեկ տարվա փորձառություն ունեցող ավագ ուսուցիչ է, ամուրի, ունի 50 աշակերտ»: Իսկ դպրոցի մասին մնացած տեղեկությունները հետո տալու է ինքը՝ գրողը. «Դպրոցը գյուղի ծայրին էր՝ բլրակի վրա: Հին գերեզմանատունը դպրոցի բակն էր: Մի ընդարձակ սենյակ էր, փայտե հասարակ նստարանների երկու շարք, դիմացի պատին՝ գրատախտակը: Անսվաղ պատերին ուրիշ ոչ մի զարդ չկար: Պատուհաններին ապակու տեղ խմորով փակցրել էին յուղած թուղթ:

Միակ ժամացույցն ինձ մոտ էր: Մի օր էլ բլրակը բարձրանալիս ոտքս սայթաքեց, ընկա սառույցի վրա, գրպանիս մեջ ժամացույցը փշրվեց, և մինչև տարվա վերջը մնացի առանց ժամացույցի: Արև օրերին ստվերով էինք ժամ որոշում, թխպած ժամանակ՝ երբ հոգնեինք:

Երկու շաբաթ հետո քառասունի չափ իմ աշակերտներին անունով էի կանչում, շատերի տունը գիտեի, ոմանց ծնողներին ճանաչում էի: Ժիր երեխաներ էին, բոց աչքերով, և այնքան արագ ընտելացանք իրար:

Օրապահի զանգին ես իջնում էի տան սանդուղքով, բլրակի գլխին չհասած՝ տեսնում էի դպրոցի առաջ խմբված երեխաներին: Խմբով էլ ներս էինք մտնում»:

Փակում եմ աչքերս, ամառային պայծառ օր է, այգին ջրելուց հոգնած, ինչպես իր սիրելի վարժապետի կերտած Լառ Մարգարը, պապս պառկել է խնձորի տակ, կողքին ես եմ՝ 9-րդցի աղջնակ, և ո՞վ է ինձ համար կարդում «մարմարյա, հնամենի, բուրյան» բառերով գրված մի չքնաղ պատմություն՝ մեր գյուղի ու նրա մարդկանց մասին…

Պապս շարունակում է պատմել իր ուսուցչի մասին.

-Տարիներ հետո Ալեքսան վարժապետը նորից մեր գյուղ եկավ: Այդ ժամանակ՝ 1926 թվականին, ծառայում էի բանակում: Մենք հողային վեճ ունեինք Շենթաղի (այժմ՝ Լեռնաշեն) հետ: Շորքարը գիտե՞ս, դրա պատճառով միշտ վեճ է եղել մեր ու շենթաղցիների միջև: Միշտ հաղթել են շենթաղցիները: Զանգեզուրի գավառային գործկոմը որոշել էր այդ տեղանքը հանձնել մեր սակավահող գյուղին, բայց շենթաղցիները չեն համաձայնել: 1926-ին, երբ Ալեքսան վարժապետը Երևանում աշխատում էր Հայժողկոմատում, գործուղվում է վեճը լուծելու: Նա կարողանում է համոզել շենթաղցիներին, որ հողը պատկանում է Լորին:

Ողջ գյուղը դուրս էր թափվել նորից տեսնելու իր սիրելի վարժապետին: Վեճին ներկա է եղել 12-13-ամյա մի տղեկ՝ ապագա բանաստեղծ Համո Սահյանը, որ 33 տարի անց այդ օրվա մասին վկայելու էր. «Ձիավորները մոտեցան: Երկուսը գյուղխորհուրդների նախագահներն էին, իսկ երրորդը քաղաքից եկած մարդ էր երևում… Տիրեց կարճատև լռություն, և հետո հանկարծակի երկու կողմերի ուրախ ձայները խառնվեցին իրար.

-Ալեքսա՜ն վարժապետը, Ալեքսա՜ն վարժապետը…

Քաղաքից եկածը Ալեքսան վարժապետն էր, այն մարդը, որին ես այնքան երազել էի տեսնել: Նախ՝ շենթաղցիներին մոտեցավ, ընդհանուր բարև տվեց, ապա սկսվեցին անընդհատ գրկախառնությունները: Հետո բարևեց մերոնց:

-Ի՜նչ սիրուն սարեր ունեք, բա մարդ էս ծաղիկների ծովի մեջ կռիվ կանի՞, – ասաց նա, նստեց քարին, գյուղացիներին հարց ու փորձ արեց մեռնող-ապրողի, նրանց ապրուստի մասին, ապա բավական ժամանակ խոսեց: Նրա խոսքերից շատ բան չլսեցի, չհասկացա և հիմա չեմ հիշում… Ես տեսա իմ երազած մարդուն՝ Ալեքսան վարժապետին: Հիմա չեմ կարող վերարտադրել իմ այդ օրվա ապրումները: Գրիչս անզոր է: Միայն երկու բան լավ հիշում եմ, մեկն այն, որ նախանձից պայթում և արտասուքից խեղդվում էի, թե ինչու նրա ձիու սանձը ես չեմ բռնել, այլ իմ դասընկեր Համբարձումը»:

Բակունցը գնալու էր Լորից, և իր հետ տարած հիշողությունները դառնալու էին մեր գրականության գոհարներից՝ «Խոնարհ աղջիկը», «Ծիրանի տափ», իսկ լորեցիներին մնալու էր սերնդեսերունդ պատմվող մի լուսավոր առասպել: Ձորերի մեջ փռված գեղեցիկ Լոր գյուղն ու նրա մարդիկ ներշնչելու էին ապագա գրողին, և նա հետագայում խոստովանելու էր, որ առաջին այցը գյուղ դարձավ իր կյանքի լավագույն օրերից մեկը… Ահա ինչու գալիք դաժան ժամանակներում մոռացության փոշին չէր նստելու այն խոր, մշուշապատ ձորում ապրած մի Սոնայի, մի Խոնարհ աղջկա, մի բարձրահասակ, շեկ ու կապուտաչ Ալեքսան վարժապետի անունների վրա: Նրանք միշտ շողշողալու են, ինչպես Լոր գյուղի պայծառ գիշերների աստղերը, բուրելու են թարմությամբ, ինչպես ամեն գարնան Ջրկասարում բացվող հրաշագեղ, աստղաթաթախ ծաղիկները:

Չգիտեմ՝ Խրիմյան Հայրիկի օրհնութա՞մբ, թե զարմանալի զուգադիպությամբ, Բակունցի` գյուղ եկած տարում Խաչիպապենց Սահակի հարկի տակ ապրիլ ամսին ծնվել էր մեկը, որ, ինչպես Ալեքսան վարժապետը, «հավաքելու էր» իր գյուղի ժայռերի ծերպերին ու ծնկներին թափվող ցոլցլուն աստղերի թաքուն շշուկները, «ընկնելու էր» ամպերի փեշերին խաղացող քնաթաթախ քամիների ու կանաչ-կարմիր ծիածանաթև երազների հետևից և այդ երազներից հյուսելով «քարե ծաղիկ ու քարեղեն հեքիաթ»՝ դառնալու էր իր բնաշխարհի տարեգիրը՝ Լոր գյուղի մեծ որդին՝ Համո Սահյանը: 12-13 տարեկան տղեկը մտապահելու էր հին եկեղեցու բակի գերեզմանաքարերին նստած գյուղի ծերերի, հատկապես Վանեսանց Կուքի ապոր խոսքը. «Ալեքսան վարժապետն ուրիշ էր, նա Էջմիածնից եկած ջահել սուրբ էր, աշխարհի տակն էլ գիտեր, գլուխն էլ: Նա լուսնի պես շողաց մեր գյուղի վրա ու մայր մտավ: Բայց որտեղ էլ որ լինի, մի օր արևի պես կբարձրանա սարից ու լույս կտա այս մթին ձորերին»: Այդ տղեկը նախանձով էր նայելու իր ավագ ընկերներին, որոնք տեսել, լսել էին Ալեքսան վարժապետի զրույցները, գրել-կարդալ էին սովորել նրանից: Եվ մի օր տեսնելու էր նրան ամենաբարձր բլրի վրա կանգնած՝ երկու գյուղերի միջև հողի սահմանը որոշելիս. «Տեսնում եմ նրան… Եվ հուշերիս մեջ նրա ասպետական կերպարի առաջ իրենց ճերմակած գլուխն են խոնարհում իմ ծննդավայրի երախտապարտ լեռները»:

***

Դեռևս կանգուն է բլրակի վրա գտնվող հնամյա դպրոցի շենքը: Ժամանակն անցել է այստեղով և… կանգ առել: Տարիների ընթացքում ավելացել է մի քանի դասասենյակ, և մնացածն էլ այնպես է, ինչպես այն հեռավոր աշնանը՝ ծեփերը տեղ-տեղ թափված, տեղ-տեղ պահպանվող, սվաղած պատերը՝ ճաքճքած: Համարյա մեկ դար ի՞նչն է այդ պատերը կանգուն պահում… Ո՞ւմ շունչը…

Մի ժամանակ դպրոցի շենքը ծառայում էր լորեցիներին՝ այնտեղ հոգեհացի սեղաններ էին դրվում և հարսանիքի շքեղ արարողություններ կատարվում:

Մամռապատ դպրոցին փոխարինել է նոր, լուսավոր, երկհարկանի մի շինություն, որ կրում է Ակսել Բակունցի անունը: Տարիների ընթացքում ավելացել է աշակերտների թիվը, նույնիսկ 40-50-ականներին հասել է գրեթե հարյուրի և հետո կրկին նվազել: Սիրտս ցավում է, երբ լսում եմ, որ այժմ դպրոցում սովորում է նույնքան աշակերտ, որքան Բակունցի աշխատած տարիներին: Թող գյուղը միշտ տոնի ծննդյան իր տոնը, իր մեծերի տոնը, և թող նորից Լոր գյուղի վրա իջնի օրհնությունը Խրիմյան Հայրիկի, ինչպես այն հեռավոր դարասկզբին, երբ տեսնելով մրգերի ծանրությունից ճկված ծառերը, բացականչել է.

-Ահա՜ թե ինչին դրախտ կըսեն: Թող Աստծո օրհնությունն իջնի այս Լոր գյուղի վրա…

…Այդպես էր պատմում պապս:

Նա վաղուց չկա: Իմ փակ կոպերի տակ ես դեռ լսում եմ նրա ձայնը, և ինչո՞ւ է անվերջ իմ աչքին երևում քաղհան անող կանանց մեջ այն խոնարհ աղջիկը, որ հաճախ բարձրանում էր, ձեռքը դնում ճակատին, որ արևի շողերը չխանգարեն տեսնելու անտառի մեջ հալվող արահետը և միայնակ անցվորին…

…Ժպտա՞ց  արդյոք նա հրաժեշտի պահին ուսուցչին՝ չգիտեմ:

Որտե՞ղ է ավարտվում առասպելը, և որտե՞ղ է սկսվում իրականությունը…

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *