ԼՈՒՄԱՆ…

1970 – 75 ժամանակահատվածը Խորհրդային պետության կենսագրության լավագույն տարիներն էին՝ համեմատաբար բարեկեցիկ և համեմատաբար խաղաղ:Մեզ՝ այդ երկրում ծնված և մեծացածներիս համար Խորհրդային միությունը դրսում և ներսում իր դիրքերը ամրապնդած անսասան երկիր էր: Այդպես էր, քանի որ ուրիշը չէինք տեսել և մեզ միայն մեզ հետ կարող էինք համեմատել:

Այդ տարիներն մեր գյուղում խնձորի այգիների տեղում մեծ ու բարեկեցիկ տներով թաղամաս ավելացավ: Այդտեղ տներ կառուցեցին նաև նրանք, ովքեր հին թաղամասերում այդքան էլ վատ տներում չէին ապրում: Ավելացել էր վստահությունը երկրի և ապագայի նկատմամբ: Գեղեցիկ տներ կառուցելու հետ միասին մարդիկ կարողանում էին նաև դրամական խնայողություններ կատարել ոչ միայն իրենց ու երեխաների, այլ նույնիսկ թոռների համար, ու նրանց անուններով ավանդներ էին դնում խնայդրամարկղներում:

Հենց այդ տարիներին էր, որ մի անգամ երազիս տեսա, իբրև երկրում հեղաշրջում է եղել՝ դարձել կապիտալիստական, ու երազիս մեջ էլ անհնգստացա , որ այդ նոր երկրում մեզ նմանների համար դժվար է լինելու ապրելը, իսկ Խորհրդային երկրում մեզ պաշտպանված ու ապահով էինք զգում:

Առավոտյան, երբ երազս պատմում էի տնեցիներին, հարս ասաց. «Այդ ժամանակները հեռու չեն . կտեսեք, որ մի օր միությունը հողակոշտի նման է փշրվելու»: Այդ ժամանակ հորս կանխատեսումը անհավանական համարեցի, բայց ընդամենը 15 տարի հետո այդ հողակոշտը իսկապես փշրվեց ու մենք հայտնվեցինք այդ փշուրներից մեկի վրա՝ անկախացած:

Արդեն փողը փոխվել էր՝ դարձել հայկական դրամ: Հիշում եմ՝ այդ ժամանակ քաղաքային տրանսպորտով երթևեկելը արժեր 50 լումա: Նոր սերունդը նույնիսկ չգիտի, որ լումա էլ ենք ունեցել, իրենց մոտ լումայից մնացել է միայն «ներդրում» իմաստը:

Ամառ էր, գյուղում էի: Հեռախոսով խոսելու համար գնացի գյուղամիջում գտնվող փոստային բաժանմունք: Գյուղում ցանկացած տեղ գնալը, եթե այդեղ մի քանի մարդու ես հանդիպում, արդեն իրադարձություն է: Ուրիշների հետ չգիտեմ ինչպես է, բայց գյուղացիների հետ շփումները ինձ համար մեծ հաճույք են , դրանք ինձ համար թարմ ու մաքուր օդ շնչելու նման բան են: Երեք, թե չորս հոգով զրուցելով սպասում ենք մեր հերթին:

Բաժանմունքի դուռը դանդաղ բացվեց և նույնքան դանդաղ ներս մտավ մեր դպրոցի երկարամյա ուսուցիչ, այդ ժամանակ արդեն թոշակառու՝ լուսահոգի ընկեր Գալստյանը: Աշխատողը ակնածանքով նստած տեղից վեր կացավ, բարևեց, կանգնած մնաց մինչև ընկեր Գայստյանը կասի, թե ինչ հարցով է եկել:

Անիկին ազգանունով դիմելով ասաց. «Ես 2000 ռուբլի ավանդ ունեմ, տես նոր փողով որքա՞ն է կազմում»: Անիկը հանեց դեռ բոլշևիկյան ժամանակներից պահպանված ու արդեն մատնահետքերից սևացած հատիկավոր հաշվիչը, մատերի ճկուն շարժումներով հատիկները տարավ, բերեց, նայեց հաշվիչին, մի պահ քարացավ ու մեղավոր տոնով ասաց. «10 դրամ, ընկեր Գալստյան»: Ընկեր Գալստյանը թեթևակի ցնցվեց, մի քանի վայրկյան լուռ կանգնած մնաց, իր սովորության համաձայն աջ ձեռքով ծոծրակի մազերը ուղղեց ու առանց որևէ բան ասելու՝ դանդաղ դուրս եկավ բաժանմունքից:

Այդ օրը երեկոյան լսեցինք, որ ընկեր Գալստյանը մահացել է:

Լալա Պողոսյան 2020 թ.

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *