ԽԱՉԻ ԵՎ ՍԻՐՈ ՀՐԵՂԵՆ ՆԱՀԱՏԱԿԸ. ԱՂՎԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

1993 թվականի օգոստոսի 30-ին Արցախյան ազատամարտում զոհվեց խաչի եւ սիրո հրեղեն մարտիկ, բանաստեղծ Աղվան Մինասյանը: Հետմահու նրան շնորհվել է Հայաստանի գրողների միության՝ Եղիշե Չարենցի անվան մրցանակը, նրա անունով հետմահու ՀԳՄ անդամատոմս է ուղարկել Սիսիանի Լծեն գյուղ՝ ավագ եղբորը՝ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին: Նրա անունով է կոչվում Սիսիանի` մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը: Հետմահու հրատարակվել է նրա «Տապանագիր» եւ «Սեր եւ խաչ» ժողովածուները: Թաղված է ծննդավայր Լծենի` ընտանեկան գերեզմանում: Աղվանի հուշաքարը տեղադրված է նաեւ արցախյան ազատամարտի նահատակների` Սիսիանի պանթեոնում:

Պատառիկներ` Աղվանի մասին

Իմ լավագույն ընկերը՝ Աղվան Մինասյանը, զոհվեց հակառակորդի նետած վերջին արկից։ Վերջին, որովհետև մենք անմիջապես լռեցրինք նրանց բոլոր կրակակետերն ու հաղթական գրոհի անցանք։ Այդ գիշեր ընկավ Կուբաթլուն։ Բայց իմ ընկերոջը բաժին հասավ մեռնող թշնամու նետած վերջին արկը… Աղվանը բանաստեղծ էր… Երբ դեռ բոլորս «միացում» էինք գոռում, նա անկախություն էր երգում։ Պատերազմի դաշտում ընկնելը ոչ միայն հերոսություն է, այլև բախտ։ Աղվանը այդ բախտավորներից մեկը եղավ։ Ես կուզեի, որ նրա մեծադիր նկարը կախվեր Երևանի, մեր քաղաքների բանուկ խաչմերուկներում՝ որպես անօրինակ հայրենասիրության դաս ու դաստիարակություն։ Բայց չէ՞ որ մենք խզբզեցինք, բեղումորուք դրեցինք, պատռեցինք-պատառոտեցինք, ծվեն-ծվեն արեցինք քաղաքի բանուկ մասերում փակցված ժպտացող զինվորների լուսանկարները… Մե՛ր որդիների լուսանկարները։ Իսկ այդ պարզ ու անմիջական նկարները ջերմացնում էին մեր հոգին, հպարտությամբ էին լցնում մեր սրտերը։ Մենք բզկտեցինք մեր զինվոր որդիների ժպիտները… Կոտրում ենք ժողովրդական դերասանի արձանը, ծամածռություններ ենք անում Չարենցի արձանի կողքին, բանակի մասին պատմող ցածրարժեք հեռուստասերիալներով ձեռք ենք առնում սպային… Ահա այս միջավայրում է ձևավորվում մեր մատաղ սերունդը, մեր վաղվա զինվորը… Նմաններին չես դաստիարակի ոչ մի օրենսգրքով, որքան էլ այն խիստ լինի… Մենք թերանում ենք դաստիարակության հարցերում…

Պապյան Ջոն

27 տարի է անցել քո զոհվելուց, իմ ընկեր: Զոհվելուցդ հետո պատերազմը շարունակվեց ևս մեկ տարի . մերոնք հաղթեցին:
Ընկերներդ քո պատվին իրենց տղեքին քո անունով կոչեցին:
Ես էլ նրանցից մեկն եմ: Գիտես` ինչ հպարտ եմ, որ քո անուն եմ կրում:
Քո գործը շարունակող նոր սերունդ է եկել: Արցախի սահմանները ամուր են:
Քո պես գրող, բայց չի ծնվել, ինձ թվում է` չի էլ ծնվի դու ուրիշ էիր: Համո Սահյանը ասել էր, թե արդեն ժառագ ունի, և այդ ժառանգը դու ես:
Դու ճիշտ էիր. քո զոհվելուց շատերը արցունք թափեցին: Մինչև այսօր քեզ հիշում են բոլորը , դու ապրում ես, դու մեր մեջ ես:
Հայրիկս շատ բաներ է քո մասին պատմել, ինձ թվում է ` այդ պատմածներով ես քեզ ճանաչում եմ: Ամեն անգամ գալով Սիսիան` առաջին քայլս է լինում գալ Պանթեոն և շիրիմիդ ծաղիկ դնել: Ես կուզեի, որ դու հիմա ապրեիր, մեր մեջ լինեիր .թող իմ անուն էլ Աղվան չլիներ, եթե դու լինեիր, հիմա քանի գրքեր գրած կլինեիր, բայց սա է կյանքը դու հերոս ես, և դու քո հերոսությամբ կապրես դարերով: Փառք քեզ հերոս:

Օգոստոսի 30-ին Մուրադխանլույում անմահացավ Աղվան Մինասյանը:

Աղվան Պապյան

 Ա Ղ Վ Ա Ն Ի Ս

Քո գնալուց հետո լույսը դժվար բացվեց,
Օրս դարձավ տարի , ցավս բազմապատկվեց,
Քո գնալուց հետո . գործս կիսատ մնաց,
Ցավս մտավ ներսս ու տապակվեց:

Քո գնալուց հետո` հոգսս ավելացավ ,
Ես չխոսկան դարձա , հայրիկը` մռայլվեց,
Թե այդ տարիներն ինչքա՜ն դժվար անցան,
Կարծես երեկ էր դա, տասնհինգը բոլորեց:

Հիմա՛ եղբայր չես ինձ, այլ որդի ես գալիս,
Քո տարիքը երբեք էլ չի ավելանա,
Ծերացավ մեր հայրը, մեծանում եմ և ես,
Շուտով իմ մեծ որդին քո տարիքին կդառնա:

Իմ պատանի եղբայր , կարոտում եմ ես քեզ,
Եվ կգա՞ դեռ օրը, և մենք կհանդիպենք…
Մեր կարոտի երգը մեկտեղ չերգեցինք,
Երկնքի լազուրում միասին կերգենք:

Մ.Ա.Հ
18.12.2008թ. ք. Սիսիան

Հ.Գ. Խմբագրության մեքենագրուհի Լենան էր մեքենագրում Աղվանի բանաստեղծությունները: Պատին փակցրել էր Աղվանի նկարը, չորացած մի վարդ եւ «Երբ որ մայր է մեռնում, Որբանում եմ նորից» բանաստեղծությունը:

Աղվանի հուղարկավորման օրը փոքրիկ, փոքրիկ, ափաչափ ու սրտաչափ Լծեն գյուղը դարձել էր ցավի եւ սիրո ալեկոծ օվկիանոս. «կարմիր դագաղով երազ ու սեր էին տանում թաղելու»: 90 ամյա Առաքել պապս, նայելով հրեղեն տղային, խորը ափսոսանքով ու ցավով ասաց` բա ես ապրեմ, նա մեռնի՜…

Աղվան Պապյան-ի լուսանկարը:

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *