ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

Կյանքի 88-րդ տարում իր մահկանացուն կնքեց ոստիկանության մայոր, ոստիկանության վետերանների խորհրդի անդամ Ստյոպա Սուրենի Հակոբյանը:

Ստյոպա Հակոբյանը ծնվել է 1931 թ.-ին Սիսիանի շրջանի Ծղուկ (Բորիսովկա) գյուղում: 1951-1954 թ.թ.-ին ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո աշխատել է Բորիսովկայի կոլտնտեսությունում որպես հաշվետար:

1959 թ.-ին ընդունվել է ներքին գործերի համակարգ եւ մինչեւ ծառայության ավարտը բարձր պահել օրինապահի պատիվն ու կոչումը: Եղել է Սիսիանի ն/գ բաժնում տեղամասային տեսուչ, պետի տեղակալ` օպերատիվ գծով, անձնագրային բաժնի պետ: 1980-1986 թ.թ.-ին, մինչեւ վաստակած հանգստի անցնելը, եղել է Սիսիանի ն/գ բաժնին կից պահպանության բաժանմունքի պետ: Աշխատանքի ընթացքում ցուցաբերած ավանդի համար արժանացել է երկու տասնյակից ավելի խրախուսանքների:

Ճակատագիրը մեզ` ոստիկանության երիտասարդ աշխատակիցներիս, բացառիկ բախտ էր պարգեւել աշխատել Ստյոպա Հակոբյանի նման փորձառու, պրոֆեսիանալ, խստապահանջ, սկզբունքային, վստահելի, սրտացավ ու բարեխիղճ գործընկերոջ հետ, ում անցած ուղին եւ տված ուսանելի դասերը հետագայում ինքնակայացման աղբյուր դարձան բոլորիս համար: Ոստիկանական համակարգը, հիրավի, Ստյոպա Հակոբյանի նման հավասարակշիռ ու պատասխանատու, իր խոսքի հարգն իմացող մարդկանց շնորհիվ է, որ ստեղծել ու պահպանել է իր հեղինակությունը մեր հասարակության մեջ:

Այսպիսին էր մեր գործընկերը: Այսպիսին էլ կմնա մեր հիշողության մեջ: Հարգանք ու խոնարհում նրա վառ հիշատակին:

Արամ ԵՂՅԱՆ

Ոստիկանության Սիսիանի բաժնի վետերանների խորհրդի նախագահ

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *